Արմեն Ռուստամյան. «Աշխարհից կտրված անգետի համար գետի քարն էլ մեկ է, գոհարն էլ է մեկ»

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ԱԺ հայտարարությունների ժամին նշեց, որ սահմանադրական բարեփոխումներին դեմ արտահայտվողները շատ հաճախ երկու փաստարկ են նշում` մեկը, որ իբր սահմանադրական փոփոխությունները կապ չունեն մեր խնդիրների լուծման հետ, իսկ մյուսը` եթե լավ բան է, ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը անում: «Նախ` անդրադառնամ այս վերջինին: Եթե ուրիշ պատճառներ չբերեմ, որ ավելի խորքային են և մասնագիտական, բերեմ միայն մի դիտարկում՝ առաջին նախագահը՝ Լևոնը, դժգոհեց նոր Լևոնից, Ռոբերտը՝ նոր Ռոբերտից, ի՞նչ երաշխիք, որ Սերժն էլ չի դժգոհի նոր Սերժից: Ժողովուրդն էլ ընդհանարպես գոհ չի եղել երեքից և ոչ մեկից, ինչո՞ւ պիտի չորրորդից գոհ լինի, հայտնի չէ»,- նշեց Ռուստամյանը եւ հավելեց, որ ստացվում է, որ ով տվյալ պահին իշխանություն չէ, դժգոհ է իշխանությունից: Եվ սա, ըստ պատգամավորի, բացարձակ ճշմարտություն է ու վերաբերում է բոլորին: Հատկապես` ժողովրդին, որը միշտ դժգոհ է եղել իշխանությունից, որովհետև ժողովուրդը երբեք, Սահմանադրության երկրորդ հոդվածին համապատասխան, իշխանություն չի ունեցել: «Ուրեմն մի բան էն չի, չէ՞: Ուրեմն խորքային ինչ-որ պատճառ կա, չէ՞: Իսկ եթե ոմանց թվում է, որ Սերժ Սարգսյանին փոխեցին, ինքնըստինքյան իշխանությունն էլ կփոխվի, ուրեմն լավ չեն ուսումնասիրել մեր անցած ճանապարհը: Որովհետև իրական իշխանափոխությունը երբեք անձնափոխությամբ չի կարող սահմանափակվել և պետք է զուգորդվի համապատասխան համակարգային փոփոխությամբ: Դրա համար ենք համոզված, որ ժողովրդին ծառայող իշխանափոխությունը կարող է լինել միայն ամբողջական: Ամբողջական նրանով, որ ոչ միայն մարդիկ փոխվեն, այլև համակարգը, որ նույնը չկրկնվի»,- հայտարարեց Ռուստամյանը: Պատգամավորը համոզված է, որ այս համակարգով իշխանությունը ոչ միայն մենաշնորհային է, որ բերել է իշխող կուսակցության և պետության նույնացման, այլև` ստվերային, որ մենաշնորհային և ստվերային է դարձրել ողջ պետական, քաղաքական դաշտն ու տնտեսությունը: «Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությանն ու նշանակությանը: Միջազգային փորձն աչքի առաջ ունենալով՝ անգրագիտություն կամ կանխամտածված վնասարարություն է պետականության կայացման գործում արհամարհել կամ նսեմացնել սահմանադրական զարգացումների անհրաժեշտությունը: Իսկ սահմանադրական զարգացում ասվածը լուրջ հասկացություն է ու միայն սահմանադրության փոփոխությամբ չի ավարտվում, այլ երաշխավորում է, որ ստվերային և հետադիմական բնույթ ունեցող ներհասարակական և ներպետական հարաբերությունները փոխարինվեն սահմանադրական իրավահարաբերություններով: Այսպես են պետություն դառնում, այս ճանապարհով է աշխարհը զարգանում: Սա չընկալողներին ավելի դիպուկ, քան աշուղ Ջիվանին է բնորոշել, դժվար է անել: Ջիվանին ասում է` «աշխարհից կտրված անգետի համար գետի քարն էլ մեկ է, գոհարն էլ մեկ է»»,- եզրափակեց Ռուստամյանը:

2014-10-21

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի ելույթը 2017թ....
ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի...
Ավելի հավակնոտ, թիրախավորված ծրագիր է. Աղվան Վարդանյանը՝ կառավարության...
...
Այլ...