Լուծվում է ոչ թե իրավական, այլ քաղաքական խնդիր

ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանը, անդրադառնալով Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ներկայացված երկու` կոալիցիոն եւ ՀՅԴ առաջարկած նախագծերին, նշեց, որ այս պահին լուծվում է ոչ թե իրավական, այլ քաղաքական խնդիր: «Կարեւոր է, որ դուրս գանք այս դահլիճից կոալիցիա եւ ընդդիմություն միասնական մեկ նախագծի կողմ քվեարկելով, բայց այս պահին մենք ներկայացնում ենք ոչ միայն ընդդիմադիր դաշտը եւ ընդդիմադիր ընտրազանգվածը, ուստի խոսում ենք բոլորի անունից»,- ասաց Արտաշես Շահբազյանը` նշելով, որ ինքը հավակնություն չունի Դաշնակցությանը որպես միակ ընդդիմություն ներկայացնելու, բայց «Ժառանգության» հեռանալուց հետո խորհրդարանում նման իրավիճակ է ստեղծվել: Խմբակցության քարտուղարը կոչ արեց միասնաբար քվեարկել մի օրինագծի, որպեսզի ստացվի, որ ընդդիմությունն ու իշխանությունը մեկ միասնական օրենսգիրք հաստատի: «Մտահոգությունները շատ ավելի կմեծանան, եթե գալիք ընտրություններից մեկ տարի առաջ քաղաքական ուժերի եւ ժողովրդի մոտ թերահավատություն կամրապնդվի, որ լրջորեն վտանգված է հաջորդ ընտրությունների օրինականության խնդիրը»,- ասաց նա: Արտաշես Շահբազյանը նշեց, որ ընտրությունների ընթացքում հիմնական երկու կասկածի տեղիք կա` հանձնաժողովներում տեղի ունեցողը եւ ավելորդ մարդկանց եւ հազարավոր մեռած հոգիների ամրագրումն ընտրական այդ մատյաններում: «Ըստ էության այսօր թույլատրվում է տեսանկարահանել ամբողջ օրվա ընթացքում կատարվողը, եւ եթե դա ֆիքսվում է ինչո՞ւ չենք ուզում դա նաեւ ամրագրել օրենքում»,- ասաց նա` հիշեցնելով, որ այդ դեպքում հնարավոր կլինի դա փաստ համարել եւ անհրաժեշտության դեպքում ներկայացնել նաեւ դատարան:

2011-03-23

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչու հենց այս փուլում աշխատանքից ազատվեց Արագածոտնի մարզպետը.
Ճիշտ կլինի՝ արտաբյուջետային գումարները ծախսվեն Սևանա լճի խնդիրների...
Կատաստրոֆա չէ. Աղվան Վարդանյան
Մինչև երբ պետք է շարունակվի նման հարցադրումներով հանդես գալու...
Այլ...