Երեք խնդիր, որ լուծում է ՀՅԴ-ն /Դիտել տեսանյութը/

Ոչ ոք չի հայտարարել, որ երեկվա դրությամբ բանակցությունները պետք է ավարտվեին. այսօր խորհրդարանում, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչո՞ւ երեկվա դրությամբ չավարտվեցին իշխանությունների հետ բանակցությունները համագործակցության շուրջ, ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Մենք ունենք առնվազն երեք խնդիր, որոնք պահանջում են ժամանակ, աշխատանք, քննարկումներ: Առաջին խնդիրն այն է, որ հնարավոր համագործակցության արդյունքում մենք պետք է մեր քաղաքացիներին ու հասարակությանը համատեղ ասելիք ունենանք, թե ինչ ենք ծրագրում անել, ինչպես ենք ծրագրում, ինչ ուղղություններով ենք աշխատելու, և դա պետք է լինի իսկապես այսօրվա ռեալություններից բխող: Սա ենթադրում է փոխադարձ համաձայնեցում»,- ասաց նա: Երկրորդ ուղղությունը, ըստ Վարդանյանի, համատեղ որոշումներ կայացնելու, քննարկելու և համաձայնեցնելու մեխանիզմն է: Երրորդ ուղղությունը պատասխանատվությունն է: «Որքան էլ փորձեր արվեցին Դաշնակցությանը պառակտել, Դաշնակցության ու Հանրապետականի միջև կռիվ գցել, բայց կարևորն անկարևորից պետք է զանազանել, և պետք է հասկանանք, որ, ուզենք, թե չուզենք, նոր Սահմանադրությունը և նոր համակարգը մեր երկրում սկիզբ է դրել միակուսակցական համակարգի ավարտին: Շատերը սա չեն ուզում տեսնել, բայց մենք համակարգ ենք փոխում, գուցե դանդաղ, բայց մենք այս ճանապարհով ենք գնալու: Պետք է նոր քաղաքական մշակույթ ձևավորվի, որտեղ տարբեր քաղաքական ուժեր կարողանան բանակցել, քննարկել ու համաձայնեցնել հարցերը: Մեր շատ սիրելի նախկին քաղբանտարկյալներից մեկը գրում է, թե «Մոսկվայում է որոշվել, որ Դաշնակցությունը պետք է համագործակցի իշխանությունների հետ»: Այդ ինչո՞ւ մենք չենք ասում, որ Մոսկվայից էին ձեզ ասել, որ Սահմանադրությանը «ոչ» պետք է ասեք, կամ երեկ կարդում եմ. «Հանրապետականները գտնում են, որ Աղվան Վարդանյանը վարկաբեկված է, դրա համար համաձայն չեն»: Զառանցանք, ո՞վ է խոսում վարկաբեկվածությունից, ո՞ւմ կայքերը: Մարդիկ, ովքեր կոկորդներն ու ամեն տեղերը պատռում էին, որ Սահմանադրությունը չի անցնելու, որ պետք է «ոչ» ասել Սահմանադրությանը, հիմա էլ իրենց համար մի փոքր անկյուն են գտել ու սկսում են բամբասել: Աղվան Վարդանյանի խնդիր ընդհանրապես չի եղել, չենք էլ քննարկել նման բան»,- ասաց Աղվան Վարդանյանը: ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը չի ճանաչում ՀՀ արդարադատության փոխնախարար Արմեն Թաթոյանին, ում իշխող Հանրապետական կուսակցությունն առաջարկում է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում: Պատասխանելով լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է, որ ՀՅԴ-ն պաշտպանի Արմեն Թաթոյանի թեկնածությունը, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Անկեղծ ասած՝ լսեցի այդ անունը երեկ: Չեմ ճանաչում, դեմքը ծանոթ է, բայց չեմ ճանաչում»: Հարցին, թե ՀՅԴ-ն կունենա՞ սեփական ՄԻՊ թեկնածուն, Աղվան Վարդանյանը պատասխանեց, թե խմբակցությունում նախնական քննարկում արել են, բայց վերջնական որոշման չեն եկել: Անդրադառնալով ՄԻՊ թեկնածու Զարուհի Փոստանջյանին, Աղվան Վարդանյանն ասաց. «Զարուհի Փոստանջյանին անձամբ խոստացել եմ, որ եթե ընկավ պառլամետ, կողմ եմ քվեարկելու»:

2016-02-05

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Լիահույս եմ, որ մեր կառավարությունը բյուջեի վերաբերյալ 8 առաջարկներից...
ՀՀ-ԵՄ համաձայնագրի չիրացնելը նշանակում է կյանքի չկոչել Սահմանադրությունը....
ՍԾՏՀ ԽՎ-ում ռեալ դերակատարություն ունեն Թուրքիան, Ադրբեջանը....
Իրականում, սովորել ցանկացողի համար շատ ավելի լայն հնարավորություններ...
Այլ...