Կա մեծ պատասխանատվություն, անհանգստություն և աշխատելու ցանկություն. Աղվան Վարդանյան

Առաջին անգամ ՀՅԴ-ի հետ համագործակցության մասին խոսվել է սահմանադրական հանրաքվեից մեկ-երկու շաբաթ անց. երեկ «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Բանաձև» հեռուստահաղորդման ժամանակ, ի պատասխան հաղորդավար Արտակ Ալեքսանյանի հարցին, ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: «Եթե լրջորեն ուսումնասիրեք ՀՅԴ-ի վերջին տարիների ընթացքը և գործունեությունը, ապա կգտնեք այդ հիմքերը: Սա մեկ-երկու օրվա մեջ ծնված գաղափար չէր, հիմքերը շատ ավելի վաղուց էին դրված»,- նշեց նա: Հարցին, թե արդյո՞ք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին Դաշնակցության ակտիվ մասնակցությունը հետագա համագործակցության պայման էր, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Բացարձակապես: Ցավոք, նման տեսակետներ ևս արտահայտվում են մամուլում կամ քաղաքագիտական շրջանակներում, բայց սահմանադրական բարեփոխումները Դաշնակցության հավատամքն էին շուրջ 20-25 տարի, և մենք ի սկզբանե դրա կողմնակիցն էինք: Մենք սահմանադրական բարեփոխումների կողմնակիցն էինք այն ժամանակ, երբ նույն քաղաքական մեծամասնությունը լսել անգամ չէր ուզում խորհրդարանական կառավարման համակարգի մասին: Այնպես որ՝ անկախ ամեն ինչից` մենք անելու էինք մեզանից կախված ամեն բան, որ կյանքի կոչվեր մեր պատկերացրած կառավարման համակարգը: Այլ բան է, որ ժամանակը բերեց, հասունացրեց, նաև քաղաքական մեծամասնությունը աշխատանքի ընթացքում, սահմանադրության նախագծի մշակման ընթացքում հանգիստ հանգեց այս տարբերակին»: Աղվան Վարդանյանը նշեց այն գործոնները, որոնք կարեւոր են ՀՅԴ-ի համար իշխանության հետ համագործակցության հարցում: «Առաջինը, որ հիմք է դրվում նոր համակարգի: Ես խորապես վստահ եմ, որ կառավարման խորհրդարանական համակարգի ներդրմամբ մենք դրել ենք միանձնյա կամ միակուսակցական որոշումներ կայացնելու համակարգի վերջի սկիզբը: Իսկ դա նշանակում է քաղաքական նոր մշակույթի ներդրում Հայաստանում»,- ասաց նա՝ հավելելով, որ կա լուրջ խնդիր՝ քաղաքական համակարգի, կուսակցությունների կայացման առումով, իսկ դրա համար պետք է մասնակցել քննարկումներին, բանավեճերին՝ գալով համաձայնության, այլ ոչ թե միմյանց հետ հարաբերվել` ինչպես թշնամի բանակներ: Ըստ Աղվան Վարդանյանի` կառավարման խորհրդարանական համակարգը ենթադրում է համագործակցություն, քննարկում, բանավեճ: «Սա պայմանավորված է նաև մեր անհրաժեշտ մասնակցությամբ, աշխատանքով, որ այս համակարգը կյանքի կոչվի: Հիմա մենք Ընտրական օրենսգրքի շուրջ պետք է աշխատենք և այլն»,- ասաց Վարդանյանը: Նա հավելեց, որ դա կուսակցության տեսակետն է, Դաշնակցությունը համոզված է, որ մեր պետականությունը մտնում է նոր փուլ: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը պարզաբանեց նաեւ շատերին հուզող այն հարցը, թե ինչո՞ւ է ՀՅԴ-ն համագործակցության գնում ընտրություններից մեկ տարի առաջ: «Այդ խնդիրը ևս մենք հրաշալի գիտակցում ենք: Այո, մենք մշտապես ասել ենք, որ իրական կոալիցիաները լինում են այն ժամանակ, երբ ընտրություններից հետո որևէ քաղաքական ուժ չունի մեծամասնություն, և գնում են կոալիցիոն կառավարման: Մեր պարագայում՝ ինչո՞ւ հիմա: Ես ասացի, որ եթե նայենք Դաշնակցության գործունեության վերջին տարիների հետագիծը, կտեսնենք, որ սա դանդաղ է հասունացել և հանգել այս օրվան: Մենք ունեինք խնդիր՝ հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված, հիմա այդ արձանագրությունները մեռած են, գոյություն չունեն: Մենք ունեցանք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի համահայկական հռչակագիրը, որում մեր մոտեցումները հստակորեն ամրագրված են: Մենք ունեցանք սահմանադրական բարեփոխումներ, որոնք դարձյալ 90 տոկոսով համապատասխանում էին Դաշնակցության տեսակետներին, և մենք ունենք երկրում լրջագույն խնդիրներ` թե' կառավարման, թե' տնտեսական, թե' սոցիալական, թե' բարոյահոգեբանական առումով: Այսօր այս նոր համակարգը կյանքի կոչելու պատասխանատվություն ունենք: Վստահ ենք, որ մեր մասնակցությամբ այդ գործընթացը շատ ավելի արագ կլինի, և մենք երբեք չենք խուսափել պատասխանատվությունից»,- շեշտեց նա: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպե՞ս և ո՞ւմ մոտ ծագեց համագործակցության գաղափարը, Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ պետականության խնդիրների, Արցախի հարցի, արտաքին քաղաքական խնդիրների շուրջ Դաշնակցությունը մշտապես փոխգործակցել է, և համագործակցելու հարցը միշտ եղել է: «2009-ին, երբ մենք դուրս եկանք կոալիցիայից, թերևս 6 ամիս կամ 1 տարի հետո չի եղել ամիս, որ չգրվի, որ Դաշնակցությունը, ուր որ է, մտնելու է կոալիցիայի մեջ: Արդեն 7 տարի է՝ այդ մասին խոսվում է: Այս մասին քննարկումներ եղել են նաև 2012թ. ընտրություններից հետո նույնիսկ, բայց մենք այն ժամանակ չհամաձայնեցինք և գտանք, որ ընդդիմադիր դաշտում պետք է գործենք: Գործեցինք ընդդիմադիր դաշտում և բավական արդյունավետ: Ավելին ասեմ` քառյակի ֆորմատն առաջացավ, երբ իշխանությունը լրիվ միահեծան էր և ուշադրություն չէր դարձնում քաղաքական կյանքի մյուս կողմերին` «Մենք ենք, ինչ ուզենանք, կանենք» սկզբունքով: Քառյակն առաջացավ Դաշնակցության օրակարգով և Դաշնակցության բերած օրենքների հետ կապված: Եվ մենք բավական արդյունավետ համագործակցեցինք, բայց երբ եկավ հիմնական խնդիրը՝ սահմանադրական փոփոխությունների խնդիրը, զարմանքով նկատեցինք, որ մեր գործընկերներից առնվազն երկուսը, որոնք նախապես համաձայն էին կառավարման խորհրդարանական համակարգին, գնացին այլ ճանապարհով: Այստեղ եղավ բաժանումը: Ես կարծում եմ, որ այսօր մենք ունենք կառավարման արդյունավետության խնդիր, Հայաստանում դրական ակնկալիքներ, սպասումներ առաջացնելու խնդիր»,- ասաց նա: Հարցին, թե կա՞ սկզբունքային խնդիր` համագործակցության դեպքում որ ոլորտների ղեկավարումն է առավել կարևոր ՀՅԴ-ի համար, Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ բանակցությունների ժամանակ երեք խնդիր է քննարկվում: Առաջինը՝ ուղղությունները, թե ինչ պետք է արվի, որ երկրում դրական ակնկալիքներ առաջանան, երեւա, որ Դաշնակցությունը գնում է որակական փոփոխությունների: Երկրորդը` ինչ ձևաչափով էլ լինի համագործակցությունը, դա ենթադրում է որոշակի ֆորմատներ` թե որոշումներն ինչպես են կայացվելու, որտեղ են քննարկվելու, ինչպես է գոյանալու միասնական տեսակետը: Եվ երրորդ խնդիրը պատասխանատվության հարցն է: «Այնպես չէ, որ այսօր Հայաստանում որևէ քաղաքական ուժ ունի իր ստվերային կառավարությունը, պատրաստի կադրեր բոլոր ոլորտներում և պատրաստ է ցանկացած պահի ցանկացած ոլորտ ղեկավարել: Բնական է, որ եթե դու ցանկանում ես ստանձնել պատասխանատվություն, նայում ես նաև քո հնարավոր թեկնածուներին: Երբ բանակցում են երկու կողմ, չի լինում, որ ասես. «Ինձ ամենահարմարն են սրանք, նա էլ ասի, չէ՝ սրանք են ձերը»: Գնում են քննարկումներ, ճշգրտումներ, անուններ... Սա աշխատատար գործընթաց է»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը: Աղվան Վարդանյանը վստահեցրեց նաեւ, որ գործադիրում աշխատելու առումով կա և' մեծ պատասխանատվություն, և' անհանգստություն, և' աշխատելու ցանկություն: «Մենք հասկանում ենք, որ բացվում են նոր հեռանկարներ, և դժվար է լինելու, սա մեկ օրում լուծվող խնդիր չէ: Բայց մենք ուզում ենք փորձել մեր գործընկերների հետ Հայաստանում իսկապես մթնոլորտ փոխել»,- նշեց նա: Ի դեպ, Աղվան Վարդանյանը շատ հավանական համարեց, որ գործադիրում աշխատելու համար ՀՅԴ-ն նոր անուններ տա: «Բնականաբար, կլինեն նոր անուններ, նոր դեմքեր: Կյանքն առաջ է գնում, մենք ունենք երիտասարդ նոր կադրեր»,- ասաց նա: Աղվան Վարդանյանը նաև հայտարարեց, որ Դաշնակցությունը ձգտել է կառավարման խորհրդարանական համակարգին ոչ թե նրա համար, որ բոլորը խորհրդարանը թողնեն ու գնան գործադիր: «Ես ինքս մնալու եմ` իբրև քաղաքական ներկայացուցիչ»,- ասաց նա:

2016-02-08

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչու հենց այս փուլում աշխատանքից ազատվեց Արագածոտնի մարզպետը.
Ճիշտ կլինի՝ արտաբյուջետային գումարները ծախսվեն Սևանա լճի խնդիրների...
Կատաստրոֆա չէ. Աղվան Վարդանյան
Մինչև երբ պետք է շարունակվի նման հարցադրումներով հանդես գալու...
Այլ...