Վարկային համաձայնագրերի գլխավոր խնդիրը շարունակում է մնալ արդյունավետության հարցը. Արծվիկ Մինասյան

Վարկային համաձայնագրերի գլխավոր խնդիրը շարունակում է մնալ արդյունավետության հարցը, թե որքանով են այս վարկային ռեսուրսներն արդյունավետ օգտագործվում. Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք լրացուցիչ բեռ չեն համարում տարբեր վարկային համաձայնագրերը՝ արտաքին պարտքի ավելացման առումով: Միաժամանակ Մինասյանը նկատեց, թե կան համաձայնագրեր, որոնք չպետք է դիտարկել ընդհանուր լույսի ներքո: «Օրինակ՝ ճանապարհաշինության մասով, իսկապես երկիրը կարիք ունի լրացուցիչ ֆինանսավորման, եթե այսօրվա մեր ներքին ռեսուրսը չի բավարարում, այստեղ պետք է արտաքին ռեսուրսն արդյունավետորեն օգտագործել»,-ասաց նա: Նշենք, որ ԱԺ նստաշրջանի մեկնարկին միայն երկու համաձայնագրեր դրվել են քննարկման, ըստ որի՝ Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար 40 մլն դոլարի վարկ է նախատեսվում վերցնել և ևս 112.970 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ՝ բարելավելու համար քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքները: ՀՅԴ պատգամավորն օրինակ բերեց Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագիրը: «Ճանապարհը մասնակի հատվածներով պատրաստ է, որտեղ կատարված աշխատանքը որակական տեսակետից կարող ենք բարձր գնահատել: Սակայն կան համաձայնագրեր, որոնք այս պահին կարող են անհրաժեշտ չլինել այդ կարևորությամբ: Կենսական նշանակության ավտոճանապարհների շրջականերում ձեռք բերումով, կարծում եմ, որ արդյունավետ նպատակադրում է և էականորեն կարող են նպաստել տարածքների համաչափ զարգացման խնդիրները, սակայն միայն այսքանով չպետք է սահմանափակվենք: Այս տիպի ծրագրերը պետք է ուղեկցվեն տնտեսական վիճակի բարելավմանը՝ այդ բնակավայրերում աշխատատեղերի ստեղծմանը, սա բազմակի անգամ կարող է օգտակար կլինի»,-ասաց նա: Արծվիկ Մինասյանի համոզմամբ՝ արտաքին պարտքի բեռն այդքան էական չէ, եթե դու կարողանում ես միջոցներն ուղղել տնտեսության ճիշտ ուղղություններին և ստանալ մեծ արդյունքներ: «Սակայն, քանի որ, մեզ մոտ զարգացած չէ այս համակարգը, այդ թվում՝ պատշաճ վերահսկողության համակարգը, բնական է, որ թերությունները շատ-շատ են, և այդ տեսակետից մենք ունենք խնդիր՝ միջոցների արդյունավետության աճի ուղղությամբ: Բայց բեռի տեսակետից չպետք է սարսափել, եթե այդ արդյունավետության հարցը մենք լուծենք, եթե չենք լուծում, անշուշտ, բեռն ավելի է դժվարացնում մեր վիճակը»,-ասաց նա` հավելելով, որ եթե լուծվի արդյունավետության խնդիրը՝ բեռը երկրորդական կդառնա: Հարցին, թե չեք կարծո՞ւմ, որ արդյունավետությունը սուբյեկտներից է կախված՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Կա թե՛ սուբյեկտիվ, թե՛ օբյեկտիվ խնդիր: Լուծումը պետք է պատկերացնել, իմ կարծիքով, որ Ազգային ժողովն առավել ակտիվ ներգրավվի վարկային միջոցների օգտագործման հսկողության համակարգում,դրա համար, մասնավորապես, մենք նախատեսել ենք, որ օրենքով պետք է յուրաքանչյուր համաձայնագրի համար նաև նախատեսվի հսկողական համակարգ: Սա պահանջու է օրենքի ընդունում, և ես հույս ունեմ Սահմանադրական փոփոխությունների հիման վրա այդպիսի մի օրենք կընդունվի»,-ասաց նա: Մինասյանը շեշտեց, թե ի վերջո միջազգային փորձ կա: «Եթե անգամ այնքան պարտքեր ես վերցրել, որ չես կարողանում փակել, դա բերում է նաև որոշակի ոլորտների վերակառուցումների և հիմք է տալիս նոր բարեփոխումների համար, այդ տեսակետից ես կարծում եմ, որ առաջիկայում քննարկվելու է ոլորտային նոր խորքային ռեֆորմների հարցը, որտեղ կենտրոնական հարցը լինելու է արտաքին ռեսուսրներից զատ ներքին ռեսուրսների մոբիլիզացնելու հարցը»,-ասաց նա: ՀՅԴ պատգամավորը նշեց, թե ուզենք, թե չուզենք, պետք է մեր տնտեսության մեջ բացահայտենք մի նոր ուղղություն: «Դա պարտադրված պետք է բացահայտենք, և դրան նպաստել է նաև այն իրավիճակը, որը ստեղծվել է միջազգային զարգացման համատեքստում և թե երկրի տնտեսական ներքին վիճակը: Այդ տեսակետից նույն պարտք վերցրած և պատասխանատու գերատեսչությունները ուզեն, թե չուզեն պետք է տնտեսական աճի նոր աղբյուրների փնտրտուք իրականացնեն»,-եզրափակեց Արծվիկ Մինասյանը:

2016-02-09

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ընտանեկան բռնությունների կանխարգելման նախագծում շտկումների...
Դա մեծ հարված էր Հայաստանին, երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի...
Մենք ձեռք ենք բերում մի գործընկեր, եւ 2022 թ. ունենալու ենք լիովին...
Եթե դիմացինդ անբանակցելի է, դու չպետք է միջազգային հանրությանը...
Այլ...