Համագործակցում ենք, որովհետեւ ժողովրդին պետք են բարեփոխումներ

-ՀՀԿ-Դաշնակցություն համագործակցության այն ձեւաչափը, որի վերաբերյալ պատրաստվում եք հուշագիր ստորագրել, հենց ա՞յն է, ինչ դուք եւ ձեր գործընկերները նկատի ունեիք՝ խոսելով իշխանություն-ընդդիմություն միասնական համակարգի ստեղծման անհրաժեշտության մասին։ -Համագործակցության պաշտոնական փաստաթուղթը չկա, հետեւաբար այդ հարցին պատասխանելը դեռ վաղ է։ Ինչ վերաբերում է ընդդիմություն-իշխանություն միասնական համակարգին, ապա դա բոլորովին այլ բան է ենթադրում։ Խոսքը վերաբերում է նրան, որ ընդդիմությունը պետք է ունենա իշխանություններին հակակշռելու իրական հնարավորություն, ինչը սահմանադրությամբ ամրագրված է։ Ասվածը վերաբերում է ե՛ւ քննիչ հանձնաժողովներ ձեւավորելու քաղաքական փոքրամասնության իրավունքին, ե՛ւ կառավարությանն անվստահություն հայտնելու իրավասությանը, ե՛ւ քվեարկության արդյունքների վրա ազդելու հեռանկարին, եթե, իհարկե, քաղաքական փոքրամասնությունը ունի անհրաժեշտ թվով ձայներ։ Սա՛ է միասնական քաղաքական համակարգը իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում։ -Ձեր ընդդիմախոսների համոզմամբ՝ կառավարման համակարգում ընդդիմության դերը բարձրացնելու վերաբերյալ խոսակցությունները չափազանցված են, քանզի, ինչպես ցույց է տալիս օմբուդսմենի ընտրության շուրջ ստեղծված իրավիճակը, ընդդիմությունն այսօր էլ որեւէ հնարավորություն չունի ազդելու որոշումների ընդունման վրա։ -Մեկը մյուսի հետ կապ չունի։ Մարդիկ կա՛մ չեն ուզում խորությամբ ընկալել մեր ասածները, կա՛մ փորձում են ձեւախեղել դրանք։ Երբ ասում ենք՝ իշխանություն-ընդդիմություն միասնական համակարգ, նկատի չունենք, թե իշխանությունն իր լիազորությունները պետք է նվիրի ընդդիմությանը։ Ո՛չ։ Պարզապես ընդդիմությունը երաշխավորված այնքան հնարավորություն պետք է ունենա, որ իր ունեցած ձայներին համապատասխան կարողանա ազդեցություն գործել որոշումների ընդունման վրա։ Օրինակ՝ եթե ընդդիմությունն ունի ձայների մեկ հինգերորդը, կարող է քննիչ հանձնաժողով ստեղծել, եթե ունի ձայների մեկ երրորդը, կարող է կառավարությանը անվստահություն հայտնելու գործընթաց սկսել։ Դա ամենեւին չի նշանակում, թե հարցը պետք է միանշանակ լուծվի հօգուտ փոքրամասնության, բայց փոքրամասնությունն առնվազն ստանում է հնարավորություն՝ բարձրացնելու այդ հարցը, հակառակ դեպքում ինքը ընդդիմություն չէր լինի՝ կլիներ իշխանություն։ Սա՝ մեկ։ Երկրորդ՝ չմոռանանք, որ այս ընտրությունը կազմակերպվում է ներկա Ազգային ժողովի համապատկերի վրա, որտեղ քաղաքական մեծամասնությունը մեծամասնական ընտրակարգի ուժով ունի 70 մանդատ եւ աջակցող պատգամավորներ։ Հետեւաբար այս համապատկերի վրա սահմանադրական նոր կարգավորումները գնահատելը կոռեկտ չէ։ Բայց անգամ այս պարագայում, 70-պատգամավորանոց խմբակցությանը պակասում է եւս 9 ձայն երեք հինգերորդն ապահովելու համար։ Ինչպիսի՞ն կլինեն լիագումար նիստում քվեարկության արդյունքները՝ կախված է քննարկումներից։ Իմ մոտեցումն այն է, որ հանձնաժողովը ոչ թե պետք է «ֆիլտրի» դեր ստանձնի՝ որոշի Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուին, այլ ընդամենը հետեւի ընթացակարգերի պահպանմանը։ Դրա համար կողմ եմ քվեարկելու թե՛ Արման Թաթոյանին, թե՛ Զարուհի Փոստանջյանին։ Եթե երրորդ թեկնածուն բավարարի ՄԻ պաշտպանի վերաբերյալ իմ նվազագույն պատկերացումներին, հավանաբար իրեն էլ կողմ կքվեարկեմ։ -Դա հավասարազոր չէ՞ դիրքորոշում չհայտնելուն։ Եթե երեքին էլ կողմ քվեարկեք, կստացվի, որ փոշիացրիք ձեր ձայնը։ -Կարեւորն այն է, որ լսեցիր, քննարկեցիր եւ համաձայնություն տվեցիր, որ նա քվեարկվի այդ պաշտոնի համար։ Այդ առումով իմ կարծիքը միանշանակ է։ -Ընդդիմության արմատական հատվածի հաջորդ նկատառումը՝ ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության հետ կապված, հետեւյալն է. ժամանակին ասում էիք, որ խորհրդարանական կառավարման այս մոդելի ընդունումը անցնցում իշխանափոխության ամենակարճ ճանապարհն է, պնդում էիք, որ այս սահմանադրությամբ ՀՀԿ-ն մեծամասնություն չի ունենալու հաջորդ խորհրդարանում։ Հիմա, գործադիր իշխանության մաս կազմելով, հակառակը չե՞ք անում։ -Նախ, խորհրդարանական համակարգը, ըստ էության, դեռ չի գործում։ Երկրորդ՝ մենք ասել ենք, որ նոր համակարգում մեկ քաղաքական ուժի մենաշնորհ չի լինելու։ Ի վերջո, համագործակցությունը ենթադրում է ռազմավարական առաջնահերթությունների ուղղությամբ երկու քաղաքական ուժերի ջանքերի համադրման ինչ-որ ձեւաչափ։ Բանաձեւը շատ պարզ է. եթե այդ ձեւաչափը դրական արդյունք տա, շատ ուրախ կլինենք շարունակելու այդ համագործակցությունը, որովհետեւ դրա արդյունքում երկիրն է շահում։ Հակառակ դեպքում՝ եթե հասարակությունը բացասական գնահատական տա համատեղ աշխատանքի արդյունքներին, ո՛չ մենք, ո՛չ Հանրապետականը իշխանություն չենք լինի։ Մեզ ասում են՝ ինչո՞ւ եք համագործակցում երկրում բարեփոխումներ իրականացնելու շուրջ։ Համագործակցում ենք, որովհետեւ համոզված ենք՝ ժողովրդին պետք են բարեփոխումներ, ոչ թե այս կամ այն անձի ցանկությանը համապատասխան անձնավորված մոտեցումներ։ ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ «Հայոց Աշխարհ» օրաթերթ

2016-02-16

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի ելույթը 2017թ....
ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի...
Ավելի հավակնոտ, թիրախավորված ծրագիր է. Աղվան Վարդանյանը՝ կառավարության...
...
Այլ...