Բիզնեսներով եղբայրն է զբաղվում. ՀՅԴ-ական պատգամավորն անցել է իր պարտականությունների կատարմանը

Այսօր ԱԺ հերթական քառօրյայում հայտարարվեց, որ ՀՅԴ ցուցակով խմբակցության նոր պատգամավոր է դառնում Կարեն Շահմուրադյանը: Նոր պատգամավորն այսօր պատասխանեց լրագրողների հարցերին: Հարցին, թե ինչպե՞ս է պատրաստվում ստանձնել պատգամավորական մանդատը, եթե ասում են, որ խոշոր բիզնես ունի, Շահմուրադյանը պատասխանեց, որ պատգամավորն իրավունք չունի զբաղվելու բիզնես գործունեությամբ, բնականաբար, ինքն այսօրվանից չի զբաղվելու բիզնեսով: «Գաղտնիք չէ, որ այդ բիզնեսը մենք ժառանգել ենք, բիզնեսի մեջ եղբորս հետ ենք, բիզնեսով կզբաղվի եղբայրս»,- ասաց նա: Լրագրողները հետաքրքրվեցին` ինչպե՞ս է պայքարելու այն պատգամավորների դեմ, ովքեր շարունակում են զբաղվել բիզնեսով, ընդ որում` ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության մասին փաստաթղթում էլ ասվում է, որ իշխանությունը պետք է տարանջատվի բիզնեսից: «Ես, ճիշտն ասած, չգիտեմ մարդկանց, ովքեր զբաղվում են բիզնեսով, բայց պատգամավոր են: Հստակ օրենք կա, օրենքը սահմանում է, որ մարդիկ, ովքեր պատգամավոր են ընտրվել, իրավունք չունեն զբաղվելու բիզնեսով: ԱԺ-ում չկան նման մարդիկ: Հնարավոր է, որ ունեն արժեթղթեր՝ ընդհանուր փաթեթի մեջ, սեփականատեր են, այսինքն՝ ակցիոներ են, բայց անմիջապես չեն զբաղվում բիզնեսով: Հակառակ դեպքում` դա հակասում է օրենքին: Ինձ չի թվում, որ նման մարդիկ կան»,- ասաց Շահմուրադյանը: Իսկ թե ի՞նչ կապ ունի Միքայել Մինասյանի հետ, պատասխանեց, որ մանկության ընկերներ են: Նա հերքեց, որ Միքայել Մինասյանն օգնել է իրեն պատգամավոր դառնալու հարցում: Լրագրողների դիտարկմանը, թե հնարավո՞ր է` ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության կետերը մնան որպես գեղեցիկ արտահայտություններ, պատգամավորը նշեց, որ դրանք գեղեցիկ արտահայտություններ չեն, և որ ապագայում բոլորը կտեսնեն, որ դրանք իրականանում են, որովհետև եթե կողմերը կարողանան համերաշխ աշխատել, ուրեմն ամեն ինչ լավ կլինի: Հարցին, թե կարո՞ղ է վստահեցնել, որ կոճակ սեղմող պատգամավորներից չի լինի, պատասխանեց. «Այ դա վստահեցնում եմ, այո»: Շահմուրադյանը հերքեց լուրերն այն մասին, թե ինքը գումար է տվել ՀՅԴ-ին՝ համամասնական ընտրացուցակում հայտնվելու համար: «Չեմ հասկանում՝ ո՞վ է տարածում այս լուրերը: Կարդացել եմ, գրված է մեկ միլիոնի մասին: Ինչի՞ համար ես պետք է մեկ միլիոն վճարեմ: Եկեք հասկանանք: Այդ մանդատը, եթե ես գործարար եմ, ինչո՞վ պետք է օգնի ինձ, որ ես բարելավեմ իմ բիզնեսը: Ես ինձ չեմ համարում ոչ հաջողակ բիզնեսմեն, որը կարիք կունենար հայտնվելու պառլամենտում, որ լծակներ ստեղծի ու բարելավի ոչ լավ կարգավիճակը: Մենք նման խնդիր չունենք»,- ասաց նա:

2016-03-14

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ազգ-բանակը ոչ թե ագրեսիվ ռազմականացման խնդիր է լուծում, այլ պաշտպանության...
Շնորհավոր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը:
Ռուստամյանը՝ Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցելու...
ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն կոալիցիոն բանակցությունների մեջ են. Արմեն Ռուստամյանը...
Այլ...