ՀՅԴ-ն Վենետիկի հանձնաժողովին է ներկայացրել իր առարկությունները. մանրամասներ

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը քիչ առաջ լրագրողներին տեղեկացրեց, որ իրենք հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի և ԺՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ ու քննարկել Ընտրական օրենսգրքի վերաբերյալ իրենց առաջարկները, որոնք ներկայացրել են մինչ այսօր: «Մինչև նախագծի մշակումը մասնագիտական խմբի հետ ունեցել ենք քննարկումներ, և որոշ առաջարկներ այս նախագծում իրացված են: Դրանցից երեքն առանձնացնենք: Ամենակարևորը` անկախ ամեն ինչից, ընդդիմությունը ԱԺ-ում պետք է ունենա տեղերի մեկ երրորդը, նույնիսկ եթե մեկ կամ մի քանի կոալիցիոն ուժեր ունենում են բացարձակ մեծամասնություն, ապա դա չպետք է արգելք լինի, որ ընդդիմությունը իր սահմանադրական լիազորությունները չիրացնի: Սա արդեն իսկ այս նախագծում ամրագրված է»,- ասաց Վարդանյանը: Նրա խոսքով` երկրորդ խնդիրը վերաբերում է կայուն խորհրդարանական մեծամասնության դրույթին: «Կային տարընթերցումներ այս առնչությամբ, և գաղափար կար, որ եթե մի ուժ ստանում է հիսուն պլյուս մեկ ձայն, ապա նրան տրվի բոնուս, որպեսզի կայուն խորհրդարանական մեծամասնությունը ապահովի, և հիսունչորս տոկոս տրվի: Մենք սա ևս անարդար ենք համարում և առաջարկել ենք, որ կայուն խորհրդարանական մեծամասնություն կարող են ապահովել նաև ձևավորվելիք կոալիցիաները, նաև` եթե երկու կամ երեք ուժ, միավորվելով, ունենում են հիսուն պլյուս մեկ տոկոս, ապա նրանց էլ պետք է տրվի այդ բոնուսը, որպեսզի կայուն խորհրդարանական մեծամասնությունը ապահովեն»,- նշեց ՀՅԴ-ականը: Նա ընդգծեց, որ այն արտոնությունը, որ փորձ էր արվում տալ քաղաքական ուժերից միայն մեկին, հիմա տարածել են նաև կոալիցիաների և մյուս ուժերի վրա, որպեսզի մյուսներն էլ կարողանան այդ արտոնություններն ունենալ: «Երրորդ կարևոր խնդիրը վերաբերում է նրան, որ գաղափար կար` եթե մի կուսակցություն հավաքում է 40 կամ 45 տոկոս ձայն, բայց կոալիցիա չի ձևավորվում, նա պետք է վետոյի իրավունք ունենա` պահանջելու համար երկրորդ փուլ և թույլ չտալու, որպեսզի մյուս ուժերը կոալիցիա ձևավորեն: Սա ևս հանվել է Ընտրական օրենսգրքից»,- ընդգծեց Վարդանյանը: Նրա խոսքով`այսօր ևս` Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, ներկայացվել են բազմաթիվ խնդիրներ, որոնք քննարկվել են: «Դրանցից կարևորագույնն անձի նույնականացման հարցն էր` տեխնիկական միջոցների այնպիսի կիրառումը և այնպիսի միասնական բազայի ստեղծումը, որը կբացառի այլ անձի, բացակաների փոխարեն քվեարկելը` ոչ միայն ՀՀ-ից բացակայողների փոխարեն, այլ նաև Հայաստանում գտնվող, բայց ընտրությունների չմասնակցողների փոխարեն: Այսօրվա նախագծով նախատեսվում է այնպես, որ կարող է մի ընտրատարածքից պատգամավոր դառնալ նույնիսկ հազար ձայն հավաքած մեկը, բայց մեկ ուրիշ տարածքից տասը հազար ձայն հավաքողը` չդառնալ: Սա ևս մենք անարդար ենք համարում և գտնում ենք, որ եթե պետք է մնա տարածքային պաշտպանության խնդիրը, այստեղ ձայների հաշվառումը պետք է կատարվի հանրապետությունով մեկ»,- ասաց Վարդանյանը: Ըստ նրա` այսօրվա Ընտրական օրենսգրքով սահմանվում է, որ մարդը յոթ օր առաջ դիմում է ընտրական հանձնաժողովին, որ կարողանա քվեարկել ոչ թե իր հաշվառման վայրում, այլ այնտեղ, որտեղ գտնվելու է այդ օրը: «Մենք ասում ենք, որ սա պետք է հանել Ընտրական օրենսգրքից. մենք բոլորի համար ասում ենք, որ` դու պետք է ՀՀ-ում լինես, որ քվեարկես, բայց ՀՀ-ում գտնվողին էլ թույլ ենք տալիս, որ ինքն այլ տեղամասում քվեարկի: Սա կարծում ենք, որ արդար չէ, և եթե մարդն ուզում է քվեարկել, թող ժամանակ գտնի, հնարավորություն գտնի, տասը կիլոմետր տեղաշարժվի և գնա` իր հաշվառման վայրում քվեարկի»,- նշեց պատգամավորը: Նա նշեց, որ գործող օրենսգրքով մեծամասնական և համամասնական ընտրակարգեր են, և ժամկետային զինծառայողները մեծամասնականի օգտին քվեարկելու հնարավորություն չունեին, որովհետև ընդամենը երկու տարով գտնվում էին, օրինակ, Սյունիքում, և նրանք չպետք է որոշեն տվյալ տարածքի պատգամավորին: Ըստ Վարդանյանի` այստեղ ևս ճշտելու խնդիր կա: «Կան նաև ընտրացուցակների հետ կապված խնդիրներ: Մենք առաջարկում ենք` եթե միջազգային փորձը, Սահմանադրական դատարանը և այլ պարագաներ խոչընդոտում են, մենք կողմ ենք ցուցակների հրապարակմանը, բայց եթե կլինի իրավական խոչընդոտ, պետք գտնել այնպիսի մեխանիզմներ, որոնք ցուցակների մատչելիությունն էլ էապես կմեծացնեն»,- ասաց նա: Վարդանյանը նշեց նաև, որ իրենց համար անհասկանալի է լրագրողների և դիտորդների թվի սահմանափակումը: «Կարծում ենք, որ սա ավելի շատ ինքնակարգավորման մեխանիզմով պետք է լինի: 2000 ընտրատեղամասերից առավելագույնը կարող են դեպքեր լինել քսանում, ոչ ավելի: Փոքրամասնություններին տրվող հարցերը ևս որոշ խնդիրներ են առաջացնում: Որևէ կուսակցություն, որն ուզում է մասնակցել ընտրություններին, ազգային փոքրամասնության ներկայացուցիչ կարող է չուզենալ այդ ցանկում լինել»,- ասաց պատգամավորը:

2016-03-15

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
ԱԺ խմբակցությունները հանդիպել են ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ...
Առաջին արդյունքները նկատելի են. Աղվան Վարդանյան
Ընտանեկան բռնությունների կանխարգելման նախագծում շտկումների...
Դա մեծ հարված էր Հայաստանին, երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի...
Այլ...