Արմեն Ռուստամյան. Դաշնակցության տեսակետները չեն փոխվել և չեն փոխվի (Դիտել տեսանյութը)

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ԱԺ ճեպազրույցների ժամին տեսակետ հայտնեց, թե Ընտրական օրենսգրքում ծուղակներ չի տեսնում: Ըստ նրա՝ ԸՕ-ում կա առնվազն 4 կետ, որը երաշխավորում է, որ 2017 թ-ի խորհրդարանական ընտրությունները կլինեն աննախադեպ և նորություններով լի: «Առաջին՝գնացել ենք մեծամասնական ընտրության վերացմանը, այստեղից որևէ ծուղակ չկա, քանի որ տիպիկ համամասնական է լինելու: Տեղի չի ունենում ուղղակի անձի ընտրություն, այլ անձի ընտրությունը տեղի է ունենալու ածանցված կարգով, քանի որ առաջ է բերված կուսակցությունը: Սա բաց ցուցակ է լինելու, իսկ գործող համակարգով կիսափակ կամ կիսաբաց է»,-ասաց նա: Ըստ ՀՅԴ պատգամավորի՝ երկրորդ կետն այն է, որ կարողանալ ավելի ժողովրդավարական դարձնել կայուն մեծամասնությանը վերաբերող սկզբունքը: «Այժմյան տրվող սահմանումն ընդունելի է, քանի որ կոալիցիաների մեծաթիվ լինելը բերում է կայունության պահպանման»,-ասաց նա: Երրորդն, ըստ նրա, խորհրդարանում ապահոված է ընդդիմության տեղը, և անկախ ամեն ինչից նրանք ԱԺ-ում մեկ երրորդ ձայն պետք է ունենան: Իսկ չորրորդը, նրա խոսքով, ընտրակեղծիքների կանխարգելման հետ կապված բարեփոխումներ կան: «Հիմա աշխատում են հասկանալ, թե ինչպես կարող են շրջանցել ընտրության մասնակցած անձանց ցուցակների հրապարակման իրավական արգելքը»,- թվարկեց Ռուստամյանը: Արմեն Ռուստամյանը հակասություններ չի նկատում այն հարցում, ՀՀԿ-ի համար ընտրության մասնակցած անձանց ցուցակների հրապարակման թեման փակված է, իսկ ՀՅԴ-ն պնդում է, թե իրավական արգելքի շրջանցման ուղիներ են որոնում: «Ես ասում եմ, եթե չգտնվեն ուղիներ, այսինքն՝ դեռևս ուղի չի գտնվել և խնդիրը լուծված չէ, իրավական արգելք գոյություն ունի և դա փաստ է : Հիմա մենք շրջանցելու ձևեր ենք փնտրում, սակայն չի նշանակում , որ հակասություն կա, հակասություն չկա: Եթե չգտնենք, ապա կարծում եմ, որ նույն էլեկտրոնային համակարգով գրանցումը, հաջորդ օրը ցուցակների ծանոթանալն արդեն իսկ լուրջ կանխարգելիչ գործողություններ են ընտրակեղծարարությունների դեմ»,- ընդգծեց նա: ՀՅԴ-ական պատգամավորն, ի դեպ, ողջունում է, որ ԸՕ-ի հետ կապված հասարակական դժգոհություն կա և ավելացնում, թե քննարկումները պետք է կառուցողական լինեն: «Շատ լավ է, որ հասարակության մասնակցությունը, սակայն կարևոր է կառուցողական դաշտում գործելը: Ընդդիմությունը պետք է հասկան, որ ամեն ինչ կամ ոչինչ սկզբունքով շարժվելն արդյունք չի տալիս: Սահմանադրության էլ էին դեմ, սակայն հիմա ուզենք, թե չուզենք պետք է ապրենք այդ սահմանադրությամբ: Պետք է հասկանալ՝ ռեալ պոլիտիկ ասվածը որն է»,-ասաց նա: Դիտարկմանը, թե ընդդիմությունն, ասես, միասնական պլատֆորմ է տեսնում քաղաքացիական հասարակության հետ և հնարավոր է նաև փողոց դուրս գալու տարբերակ քննարկվի, ՀՅԴ-ականը պատասխանեց, որ որևէ խնդիր չի տեսնում, թող հասարակություն էլ մասնակցի, և քննարկումը տեղի ունենա կառուցողական դաշտում: «Կառուցողական դաշտում պետք է դա պարզապես լինի, ուլտիմատում դնելով չէ, կա'մ ամեն ինչ, կա'մ ոչինչ տարբերակով չէ: Ընդդիմությունը պետք է հասկանա, որ այս գործելաոճը արդյունք չի տալիս: Եթե, ասենք, նրանք տասը կարևոր հարց ունեն, և դրանցից ութը համաձայնեցվի, թող համարեն մեծ հաջողություն, ոչ թե մտածեն, որ տասից տասին էլ համաձայնություն չի տրվել, և դա վատ է»,- ասաց Ռուստամյանը և հավելեց, որ այդպիսի մոտեցման արդյունքում իշխանությունը կարող է ասել` եթե այդպես է` որևէ առաջարկ էլ չենք ընդունում: «Եթե քաղաքական համաձայնությամբ կարող ենք հասնել ավելի լավ արդյունքի, ուրեմն արժե անել, որովհետև մենք բոլորս էլ պետք է գնանք ընտրությունների: Եթե մի քանի մեխանիզմ էլ ավելացնենք, մենք բոլորս էլ օգտվելու ենք: Պետք է մարդիկ հասկանան, թե ռեալ պոլիտիկ ասածն ինչ է: Դրա հնարավորությունը կա, բոլորի տեսակետներն արտահայտվում են: Ես չեմ տեսնում, որ որևէ մեկը տեսակետ չարտահայտի»,- ընդգծեց նա: Ըստ Ռուստամյանի` թեև իրենք իշխանության հետ համագործակցում են, բայց ազատորեն արտահայտում են իրենց տեսակետը: «Բոլորը գիտեն, որ Դաշնակցությունն ունի հստակ դիրքորոշումներ` այս հարցերի հետ կապված, բայց մենք կարող ենք հարցեր քննարկել և գնալ կոմպրոմիսի»,- նշեց նա: Հարցին` եթե 2017 թվականի ընտրությունները կեղծվեն, հնարավո՞ ր է գրանցվի հերթական քաղաքական ապահարզանը, Ռուստամյանը պատասխանեց. «Ամեն ինչ էլ հնարավոր է: Խնդիրն այն չէ, թե տվյալ պահին ինչպիսին կլինի քաղաքական կոնյունկտուրան, կարևորն այն է, որ Դաշնակցության տեսակետները չեն փոխվել և չեն փոխվի: Մենք ամեն առիթ օգտագործում ենք, որ մեր գաղափարներն իրականություն դարձնենք: Դաշնակցությունն ամեն ինչ անելու է, որ, ունենալով լավ կառավարման համակարգ, լավ ընտրական համակարգ, էական թռիչքաձև զարգացման գնանք: Դրա համար Դաշնակցությունն ամեն քայլի գնալու է` չշեղվելով իր հիմնական սկզբունքներից: Մենք հենց կեղծիքների դեմ էլ պայքարում ենք»:

2016-03-18

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
ՀՅԴ-ի համար տարբերություն կա, թե ով կլինի 2018թ. վարչապետի թեկնածուն,...
...
Ես չեմ երազում Վանոյի ժամանակների մասին. Ռուստամյան
Մեր երկրում մենք որևէ թշնամի չունենք. Ռուստամյանը՝ այլ ուժերի...
Այլ...