ՀՀ ԱԺ-ն հայտարարություն է ընդունել ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովը քիչ հայտարարություն է ընդունել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից զինադադրի խախտման եւ ռազմական լայնամասշտաբ գործողությունների վերսկսման վերաբերյալ: Հայտարարությունն ամբողջությամբ ստորեւ. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական խմբակցությունների եւ խմբակցություններում չընդգրկված պատգամավորների հայտարարությունը ՂԱՐԱԲԱՂԱ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԼԱՅՆԱՄԱՍՇՏԱԲ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից իրավիճակի աննախադեպ սրումը Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով: 2016թ. ապրիլի 1-2-ի գիշերը ադրբեջանական բանակը սկսեց լայնածավալ ռազմական գործողություններ: 1994թ.-ին Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված եռակողմ զինադադարից հետո առաջին անգամ մեծ քանակությամբ ծանր սպառազինությունների կիրառումը, Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերի ռմբակոծումը, Լեռնային Ղարաբաղի խորքում ընկած ենթակառուցվածքների թիրախավորումը ակնհայտորեն ցույց է տալիս, որ Բաքուն կանգնել է հիմնահարցը ռազմական ճանապարհով լուծելու իր պատրանքը կյանքի կոչելու անհեռատես և վտանգավոր ուղու վրա: Ադրբեջանի այս արկածախնդիր քաղաքականության պատճառով կան բազմաթիվ զոհեր, այդ թվում նաև քաղաքացիական բնակչության շրջանում: Վտանգված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգ ապրելու իրավունքը: Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը լուրջ սպառնալիք է ողջ տարածաշրջանային անվտանգության համար: Ադրբեջանի բռնապետական ռեժիմը, տառապելով իր իշխանությունը ամեն գնով պահպանելու մտասևեռմամբ, փորձում է ներքին խնդիրներից շեղել իր և միջազգային հանրության ուշադրությունը և չի խորշում դրա համար զոհել մարդկային կյանքեր: Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում պաշտպանական մարտերում զոհված զինծառայողների և խաղաղ բնակիչների ընտանիքների անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին և կիսում ենք կորստյան ծանր վիշտը, առողջություն և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին: Բարձր ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի՝ իրավիճակի կայունացմանն ուղղված գործողությունները, հայ զինվորների մարտական պատրաստականությունը, հայրենիքը պաշտպանելիս դրսևորած անձնազոհությունն ու արիությունը, ինչպես նաեւ մեր հասարակության միախմբումն ու միասնականությունը: Դատապարտում ենք Ադրբեջանի կողմից 1994 թվականի զինադադարի պայմանագրի խախտումը, Արցախի ժողովրդի խաղաղ ապրելու իրավունքի ոտնահարումը, քաղաքացիական բնակչության և բնակավայրերի թիրախավորումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգայնորեն ընդունված ձևաչափով հիմնախնդրի լուծմանն ուղղված ջանքերի նպատակային ձախողումն ու մերժումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով լուծելու քաղաքականությունը: Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային կազմակերպություններին հասցեական և համարժեք արձագանքել ստեղծված իրավիճակի համար պատասխանատու ադրբեջանական կողմին՝ կիրառելով ագրեսորի նկատմամբ զսպման բոլոր մեխանիզմները՝ լարվածության հետագա սրացումից և տարածաշրջանը ապակայունացնող քայլերից խուսափելու համար: Մենք ակնկալում ենք, որ մեր գործընկերներն իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն` դատապարտելով Բաքվի ահաբեկչական քաղաքականությունը և կմիանան Ադրբեջանին սանձելու միջազգային հանրության ջանքերին:

2016-04-04

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Շատերին պետք է, որ աղետալի լինի վիճակը երկրում. Արմեն Ռուստամյան
Քաղաքացին հաճախ պասիվ մասնակցություն ունի ՏԻՄ որոշումների կայացմանը....
Հայտնի է, թե ովքեր են խմբակցությունների ղեկավարները եւ քարտուղարները....
Մեզ ձեռնտու է մշտական հանձնաժողովների թիվը կրճատել, դարձնել...
Այլ...