ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են ԵՄ Հայաստանի գրասենյակի ղեկավարի հետ

Ապրիլի 4-ին, նախապես ձեռքբերված պայմանավորվածության շրջանակում, Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակում ՀՅԴ Գերագույն մամնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը և ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը հանդիպեցին գրասենյակի ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ։ Անդրադառնալով վերջին օրերի իրադարձություններին` Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից իրականացրած նախահարձակ գործողությունները՝ ծանր մարտական հրետանու և օդուժի ինտենսիվ կիրառմամբ, ոչ միայն հրադադարի ռեժիմի խախտում են, այլև փաստացի պատերազմական գործողությունների վերսկսում՝ սպառնալիք ինչպես ԼՂՀ-ի, այնպես էլ՝ Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության անվտանգությանը։ Շեշտվեց նաև, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունները լուրջ սպառնալիք են նաև տարածաշրջանի կայունությանը։ Աղվան Վարդանյանը ոչ համարժեք գնահատեց մի շարք միջազգային կառույցների գնահատականը Ադրբեջանի կողմից զինադադարի խախտման և մարտական գործողությունների ծավալման համատեքստում։ Ներկայացնելով խաղաղ բնակիչների եւ ոչ միայն նրանց նկատմամբ, ադրբեջանական կողմի իրականացրած վայրագությունները`Վարդանյանն ընդգծեց, որ նման գործելաոճը հիշեցնում է Իսլամական պետության զինյալների ձեռագիրը: Ստեղծված իրավիճակում կարևորվեց միջազգային հանրության անհետաձգելի միջամտությունը՝ հրադադարի վերականգնման ուղղությամբ։ Դեսպան Պյոտր Սվիտալսկին ընդգծեց, որ իրավիճակն իրենց ներկայացվել է. այսօր հանդիպում են ունեցել ՀՀ նախագահի հետ: Դեսպանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ կատարվեց նաեւ ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ ընթացող քննարկումներին: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչները դեսպանի հետ քննարկեցին Եվրամիության և միջազգային այլ դոնոր կազմակերպությունների կողմից ընտրական գործընթացի կազմակերպման տեխնիկական աջակցության հնարավորությունները, ընդգծեցին դրա կարեւորությունը: Դեսպանը հաստատեց ԵՄ և այլ միջազգային կազմակերպությունների շահագրգռվածությունը Հայաստանի թե՜ նոր ընտրական օրենսգիրքը, թե՜ ընտրական գործընթացը միջազգայնորեն ընդունելի չափանիշներով կազմակերպելու ուղղությամբ։

2016-04-05

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Քաղաքացին հաճախ պասիվ մասնակցություն ունի ՏԻՄ որոշումների կայացմանը....
Հայտնի է, թե ովքեր են խմբակցությունների ղեկավարները եւ քարտուղարները....
Մեզ ձեռնտու է մշտական հանձնաժողովների թիվը կրճատել, դարձնել...
ՀՅԴ-ն պաշտպանելու է Արա Բաբլոյանի թեկնածությունը. Մանրամասները՝...
Այլ...