ՀՅԴ խմբակցությունն ամբողջ կազմով մեկնում է Արցախ

ՀՅԴ խմբակցությունն ամբողջ կազմով պատրաստվում է վաղը մեկնել Արցախ. Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ թեև Ընտրական օրենսգիրքը կարևոր փաստաթուղթ է, սակայն այսօր շատ ավելի կարևոր հարցեր կան` երկրի առջև ծառացած, և, դրանով պայմանավորված, պետք է հետաձգել 4+4+4 ձևաչափով քննարկումը: Դիտարկմանը, թե ընդդիմությունն առաջարկում է սառեցնել Ընտրական օրենսգրքի քննարկումը, Ռուստամյանը պատասխանեց, որ չի բացառում նման քայլը: Խոսելով ստեղծված ռազմաքաղաքական լարված վիճակի մասին` նա նշեց. «Այս ամենից լավ հոտ չի գալիս, ճիշտն ասած: Չգիտենք` մինչև ուր սա կհասնի: Հնարավոր է` ամեն ինչ սառեցվի, բայց եթե մենք նախապես գնանք սառեցման ճանապարհով, կարող է սխալ տեղ հասնենք: Դա կնշանակի ընտրությունների հետ կապված գործընթացի սառեցում, բայց մենք պարտավոր ենք հունիսի 1-ին, գոնե ընտրություններից մեկ տարի առաջ ունենալ նոր Ընտրական օրենսգիրք: Եթե այս ժամկետներում չի ընդունվում, ապա բոլոր ժամկետները կարող են փոխվել, բայց սա արդեն ֆորսմաժորային խոսակցություն է: Ես չեմ ուզում այդ աստիճանի վատատեսական կարծիք հնչեցնել, բայց չեմ էլ բացառում` նկատի ունենալով, թե ինչ հարևանի հետ գործ ունենք»: Ռուստամյանի համոզմամբ` Ադրբեջանը թքած ունի ցանկացած արժեհամակարգի, նորմերի վրա և անում է այն, ինչ այդ պահին փչում է խելքին: «Ադրբեջանը մտել է մի պրոցեսի մեջ, բայց հաշվի չի նստում իր բազմաթիվ կորուստների հետ: Նրանք պարզապես մսացուի նման բերում են մարդկանց, զինվորների, որպեսզի կարողանան գոնե ինչ-որ տարածքներ գրավել»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

2016-04-05

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Լիահույս եմ, որ մեր կառավարությունը բյուջեի վերաբերյալ 8 առաջարկներից...
ՀՀ-ԵՄ համաձայնագրի չիրացնելը նշանակում է կյանքի չկոչել Սահմանադրությունը....
ՍԾՏՀ ԽՎ-ում ռեալ դերակատարություն ունեն Թուրքիան, Ադրբեջանը....
Իրականում, սովորել ցանկացողի համար շատ ավելի լայն հնարավորություններ...
Այլ...