Այս օրերի գլխավոր դասը. 2016թ. ապրիլի 5-ին, ԱԺ նիստում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հայտարարությունը

Հարգելի խորհրդարան, Նախ մեր վշտակցությունը վերջին օրերին հայրենիքի պաշտպանության դիրքերում հերոսաբար զոհված զինվորների ու սպաների մերձավորներին: Սա միայն տասնյակ հայ ընտանիքների ողբերգությունը չէ, այլ՝ ամբողջ հայ ժողովրդի: Որ տևական նախապատրաստությունից, հայատյաց, ռազմատենչ քաղաքականությունից հետո Ադրբեջանը դիմելու էր հերթական ագրեսիայի, ակնհայտ էր շատերին: Բայց քչերն էին վստահ, որ հայկական կողմը կդիմագրավեր ագրեսորին այսքան համախմբված, ոգեկան այսպիսի միասնությամբ: Բոլորս ենք ականատես Հայաստանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտին, ազգային վերելքին, կռվի դաշտ մեկնող կամավորների չընդհատվող երթին: Նույնիսկ արտագնա աշխատանքի մեկնած տղաներից շատերն այս օրերին վերադառնում ու մեկնում են Արցախ: Ոտքի է կանգնել հայկական Սփյուռքը: Ի±նչն է այստեղ ամենակարևորը: Անկախ դժվարություններից, սոցիալական խնդիրներից, անվստահությունից՝ Արցախին, հայությանը սպառնացող վտանգը միավորել է բոլորին: Կա վճռական գիտակցություն, որ առանց այս ճակատում հաղթանակի մեր պետությունն ու ժողովուրդը արժանապատիվ ապագա չեն կարող ունենալ: Հիմա գլխավոր դասը, որ պարտավոր են քաղել իշխանությունները, քաղաքական ուժերը, գործարարները. մենք հրաշք ժողովուրդ ենք, յուրաքանչյուր հայ անհատ արժանի է հարգանքի, սիրո, հոգածության: Նյութը, շահը, փող աշխատելը գերնպատակ դարձնելը մեր տեսակի բնույթից չի բխում: Մենք պետք է վերափոխվենք, ապրենք այլ արժեքներով: Լուսահոգի Վազգեն Սարգսյանն ասում էր՝ փողը թուղթ է, մնայունը հողն ու երկիրն են: Հանրապետության նախագահից մինչև պետական վերջին պաշտոնյայի, այս դահլիճում նստողներիս վարքը մեկ ելակետ պետք է ունենա՝ սիրել ու ծառայել սեփական ժողովրդին, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու: Մեր հասարակության վերջին օրերի կեցվածքը ուղղակի պարտավորեցնում է երկրում արդարության, բարոյականության այլ մթնոլորտ ստեղծել: Սա բոլորիս գործն է: Այս ոգու ժողովուրդը այլ վերաբերմունքի է արժանի:

2016-04-05

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ազգ-բանակը ոչ թե ագրեսիվ ռազմականացման խնդիր է լուծում, այլ պաշտպանության...
Շնորհավոր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը:
Ռուստամյանը՝ Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցելու...
ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն կոալիցիոն բանակցությունների մեջ են. Արմեն Ռուստամյանը...
Այլ...