Աղվան Վարդանյանն անդրադարձել է երեկվա իր խոսքը խեղաթյուրողներին

«Ա1+»-ին տված երեկվա հարցազրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, անդրադառնալով «Ոչ մի թիզ հող» եզրույթին ասել էր. «Այդ մասին ժամանակին ասել է Բաբկեն Արարքցյանը: Ոչ մի թիզ հողը վերջնական կատեգորիա չէ: Մենք՝ հայերս, մի արտահայտություն ենք ասպարեզ նետում եւ սկսում դրա վրա կառուցել: Կարող է խաղաղության այնպիսի երկարատեւ համաձայնագիր լինի, որ տարածաշրջանում կայունություն առաջանա, եւ հարեւանությամբ նորմալ ապրեն երկրները. մի թիզ այս կողմ, մի թիզ այն կողմ՝ կարող է դերակատար չլինել, սակայն խոսքը երկարատեւ խաղաղության մասին է եւ մեր ազգային, պետական շահերը պաշտպանելու մասին»: Ուշագրավ է, որ որոշ` անհայտ ծագման լրատվամիջոցներ /բայց թե ովքեր են դրանց ետեւում կանգնած տերերը, հասկանալի է/ Վարդանյանի խոսքը կտրեցին համատեքստից եւ փորձեցին ներկայացնել, թե իբր Աղվան Վարդանյանը խոսում է հող հանձնելու մասին: «Ֆեյսբուք» սոցալական ցանցում էլ «դամ պահող» որոշ օգտատերեր սկսեցին շահարկել թեման: Այսօր ԱԺ-ում մի քանի լրագրողների խնդրանքով Աղվան Վարդանյանն անդրադարձել է երեկվա իր հայտարարությանը, բայց նախեւառաջ խորհուրդ տվել եւս մեկ անգամ եւ ամբողջապես դիտել հարցազրույցը, այնուհետեւ հավելել է, որ քիչ, թե շատ մտածող մարդն այդ հարցազրույցից նման եզրակացություններ չէր անի, ինչպես փորձ արեցին ոմանք ներկայացնել: «Ինձ ուղղակի ասել են, ես չեմ հետևում, թե ինձ զառանցանքենր են եղել սոցցանցերում: Գիտե՞ք` կա «անասնական վախ» բառակապակցություն, հասկացություն, կա «անասնական հակադաշնակցականություն»: Ցավոք, նույնիսկ այս օրերին, երբ մեր բոլորի մտահոգությունն ու սևեռումը նույն կետին է, և կատարվում են իսկապես բացառիկ համախմբման երևույթներ, մարդկանց մի տեսակ կա, որոնք ցանկացած բառ-բառակապակցություն կարող են կոնտեքստից հանել և այնպիսի գնահատականներ տալ: Ես այդ տեսակ անասնակերպերին ասելիք չունեմ, ես չեմ ուզում դրան անդրադառնալ»,- ասել է պատգամավորը: Հարցին, թե, այնուամենայնիվ, ինչպե՞ս է տեսնում այս հակամարտության, չորսօրյա պատերազմի ելքը, նշել է, որ այդ մասին բազմիցս է խոսել: «Առաջինը վերականգնելն է լիակատար հրադադարի ռեժիմը: Մենք տարիներ շարունակ խոսում ենք երեք բաղադրիչներից մեկի՝ ուժի կիրառման սպառնալիքը բացառող պայմանավորվածությունների մասին: Այո, պարզ է, որ Հայաստանն այս խնդիրը պետք է դնի առաջինը: Չի կարող լինել բանակցություն, չի կարող լինել որևէ քննարկում, եթե ամեն օր կրակում են, մարդիկ են զոհվում, և Ադրբեջանը տարիներ շարունակ իր քաղաքականության հիմքը դարձրել է թշնամանքը, ատելությունը, հայատյացությունը: Կարծում եմ, որ այս քառօրյա պատերազմի դասերից մեկն էլ այն էր, որ Ադրբեջանը մի ամբողջ սերունդ էր դաստիարակել այս հոգով, այդ սերունդը չէր տեսել նախկին պատերազմը և չգիտեր՝ դա ինչ է: Այդ սերունդն այսօր բախվեց հայկական դիմադրողականությունը և դաս ստացավ: Եվ կարծում եմ, որ Ադրբեջանում այլեւս կլինեն ավելի լայն շրջանակներ և կհասկանան, որ ուժով, ատելությամբ, թշնամանքով որևէ հարց հնարավոր չէ լուծել: Բայց հայկական կողմն այդ քայլերը պիտի անի: Իսկապես, ուժի կիրառմամբ խոսողը պիտի ունենա միջազգայնորեն հստակ դատապարտման մեխանիզմներ: Ես, օրինակ, այսօր չգիտեմ, չեմ կարող մեկնաբանել երկու ԱԳ նախարարների՝ ՀՀ-ի և ՌԴ-ի, անձնական քննարկումները, բայց այն, ինչ խոսվեց մամուլի ասուլիսի ժամանակ, տրամաբանական էր, նաև` Լավրովի ասածները, որ միակ խնդիրն այստեղ պիտի լինի 94 թվականի պայմանագրերը մինչև վերջ հարգելը: Բայց ի՞նչ է նշանակում հարգել: Սրանք միջազգայնորեն ընդունված փաստաթղթեր են, ունեն միջազգային իրավունքի ուժ, և եթե որևէ մեկը չի հարգում այդ փաստաթղթերը, ուրեմն պիտի լինեն համապատասխան գնահատականներ, համապատասխան մեխանիզմներ՝ սաստելու, թույլ չտալու տվյալ երկրին՝ շարունակել այդ քաղաքականությունը: Կրկնում եմ՝ այդ քաղաքականության պատասխանը նրանք ստացան, նոր սերունդը տեսավ` Ադրբեջանն ինչ է և ինչի համար է կռվում: Եվ ես վստահ եմ, որ մեր ներքին համախմբածությունը, բանակի հանդեպ ուշադրության կտրուկ մեծացումը, համազգային այս միասնությունը կբերի նաև մեր երկրում որակական, արմատական փոփոխությունների և հանրության մոտ վստահության, ինչը անկարելի կդարձնի մեր ազգային պետական շահերից որևէ զիջում»,- հստակեցրել է Վարդանյանը: Հարցին, թե ինչո՞ւ շրջանառության մեջ դրվեց տարածքների հանձման հարցը, նա նշեց, որ սա առաջին անգամը չէ: «Խոսքը վերաբերում է համապարփակ կարգավորման մեխանիզմներին: Դրա մեջ տարածքներն ինչ դերակատարություն ունեն, կարգավիճակն ինչ դերակատարություն ունի... Այստեղ յուրաքանչյուր մանրամասն էական նշանակություն ունի: Վերցնել մի առանձին կտոր և դրա մասին խոսել, սխալ է; Բնական է, երբ այս բռնկումը, լայնածավալ ագրեսիան եղավ Ադրբեջանի կողմից, բնական է, որ և' միջազգային հանրության մեջ, և' ՌԴ-ում ակտիվությունը մեծանում է` կարգավորման մեխանիզմներ գտնելու: Բայց առանձնացնել մի կտորը, մի հարցը... Ակնհայտ է` մինչև այսօր գոյություն ունեն, ունեցել են Մադրիդյան սկզբունքներ, Կազանյան սկզբունքներ, որոնք Հայաստանն ընդամենը ասել է, որ պատրաստ է ընդունել որպես հիմք. ոչ թե ընդունել է ամբողջությամբ, այլ ասել է՝ սրանք կարող ե նհիմք լինել հետագա բանակցությունների համար: Շատ կարևոր է, որ Հայաստանը շարունակի նաև հանրապետության նախագահի այն հայտարարությունը, հանձնարարությունը` ռազմական փոխօգնության պայմանագիր կնքել, երկու՝ բացառել ուժի կիրառումն ու ուժի կիրառման սպառնալիքը, երեք՝ ներդնել միջազգայնորեն ընդունված այնպիսի մեխանիզմներ, որոնք կապացուցեն, թե ցանկացած պարագայում ով է մեղավոր, ով է խախտել միջազգայնորեն հաստատված փաստաթղթերը: Այս պարագայում, ևս ցավոք, մենք չունեցանք միջազգային այնպիսի արձագանք, որը հստակ կասեր, որ Ադրբեջանն է: Իրականում ի՞նչ է կատարվել, իրականում Ադրբեջանը երկրորդ անգամ ագրեսիայի է ենթարկել ԼՂՀ-ի բնակչությանն ու ստացել է հակահարված»,- ասել է Աղվան Վարդանյանը:

2016-04-22

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Լիահույս եմ, որ մեր կառավարությունը բյուջեի վերաբերյալ 8 առաջարկներից...
ՀՀ-ԵՄ համաձայնագրի չիրացնելը նշանակում է կյանքի չկոչել Սահմանադրությունը....
ՍԾՏՀ ԽՎ-ում ռեալ դերակատարություն ունեն Թուրքիան, Ադրբեջանը....
Իրականում, սովորել ցանկացողի համար շատ ավելի լայն հնարավորություններ...
Այլ...