ՊԵՏՔ Է ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԸ ՄԻ ԿՈՂՄ ԴՆԵԼ ԵՎ ԶԲԱՂՎԵԼ ԳՈՐԾՈՎ

Մեր զրուցակիցը Հայ Յեղափոխական Դաշնակցություն խորհրդարանական խմբակցությունը վերջերս համալրած ԿԱՐԵՆ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆՆ է։ -Ձեր ընդդիմադիր գործընկերները բավարարված չեն ապրիլյան չորսօրյա պատերազմից հետո Ազգային ժողովում տեղի ունեցած փակ քննարկումների ժամանակ պաշտպանության ոլորտի պատասխանատուների կողմից ներկայացված պարզաբանումներով՝ առաջարկում են եւս մեկ նման քննարկում հրավիրել։ Դրա անհրաժեշտությունը կա՞, ձեր կարծիքով։ -Եթե առաջին հանդիպումից հետո իմ գործընկերները հավելյալ պարզաբանումների կարիք ունեն, կամ միգուցե այս ընթացքում նոր հարցեր են առաջացել, ապա իրավունք ունեն բարձրաձայնել այդ մասին եւ ստանալ իրենց մտահոգող հարցերի պատասխանները. ի վերջո, դա պատգամավորի աշխատանքի մի մասն է: Ազգային ժողովի փոխխոսնակը խոստացավ կազմակերպել եւս մեկ հանդիպում ոլորտի պատասխանատուների հետ, եւ, կարծում եմ, պատգամավորները կունենան այդ հնարավորությունը: Ինչ վերաբերում է ԼՂ պաշտպանության բանակի տեխնիկական ապահովվածությանը, քառօրյա պատերազմի ժամանակ մեր խմբակցության մյուս պատգամավորների հետ եղել եմ Արցախում եւ տեղում ծանոթացել իրավիճակին։ Հանդիպել ենք նաեւ նախագահ Բակո Սահակյանին, եւ չէի ասի, թե մեր զինվորներն ապահովված չեն ամեն անհրաժեշտով։ Այլ հարց է, որ մեր ռազմական զինանոցը մշտապես պետք է արդիականացվի, համալրվի ժամանակակից նոր սարքերով եւ տեխնիկական միջոցներով։ Հակառակորդի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակ բացահայտվեցին մեր ուժեղ ու թույլ կողմերը, եւ եթե նույնիսկ ունեցել ենք ինչ-որ թերացումներ՝ թեկուզ հենց պաշտպանության բյուջեի արդյունավետության հետ կապված, հիմա հնարավորություն ունենք շտկելու այդ թերությունները՝ թե՛ եղած միջոցների առավել արդյունավետ օգտագործման, թե՛ նոր միջոցների ներգրավման, թե՛ նոր զինատեսակների ձեռքբերման առումով։ -Զենքի, հատկապես՝ զանգվածային ոչնչացման միջոցների առքուվաճառքի շուրջ ռուս-ադրբեջանական գործարքը շարունակելու հայտարարությունների «հողի վրա» սրված հակառուսական տրամադրությունները կարո՞ղ են այնքան խորանալ, որ սպառնալիքի տակ դնեն Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները։ -Նախագահ Սերժ Սարգսյանն առիթ ունեցել է խոսելու այդ մասին, եւ Գերմանիա կատարած այցի ընթացքում էլ արձանագրեց՝ «ցավալի է գիտակցել, որ քո թշնամին կռվում է քո դաշնակցից գնած զենքերով»։ Այդ առումով հասկանալի է մեր հասարակության զգացական արձագանքը՝ դժգոհություններն ու խմորումները, որոնց ականատես ենք։ Բայց պետք է զգացմունքները մի կողմ դնել եւ հասկանալ՝ Ռուսաստանը գերտերություն է, որը տարածաշրջանում ունի իր շահերն ու հետաքրքրությունները։ Այն հարցերում, որտեղ մեր շահերը համընկնում են, մենք համագործակցում ենք, իսկ այնտեղ, որտեղ մեր շահերը չեն համընկնում, ավելին՝ ունենք հակասություններ, պետք է ներկայացնենք մեր մտահոգությունները եւ փորձենք գտնել համատեղ լուծումներ: Տվյալ դեպքում՝ զենքի վաճառքի հետ կապված, իմ տեսակետն այն է, որ մեր դժգոհությունը հայտնելով հանդերձ՝ ավելի ճիշտ կլինի ջանքերը կենտրոնացնել առաջին հերթին մեր ներքին խնդիրների վրա, ուժեղացնել տնտեսությունը եւ գնել անհրաժեշտ քանակությամբ արդիական զենք ու ռազմական տեխնիկա: Առավել եւս, որ Ռուսաստանի հետ դաշնակցային պայմանագրերը թույլ են տալիս մեզ ձեռք բերել այդ նույն զենքերը ավելի մրցունակ գներով: Այդ պարագայում արդեն երկրորդական կդառնա զենքի վաճառքի վերաբերյալ հարցը՝ ռուս-ադրբեջանական գործարքը քաղաքականությո՞ւն է, թե՞ բիզնես, որովհետեւ իրականում դա կարող է լինել ե՛ւ բիզնես, ե՛ւ քաղաքականություն: -ՀԱԿ խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ բոյկոտում են Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումը, քանզի «4+4+4» ձեւաչափով «բանակցություններն» իրենց չեն արդարացրել։ Սա արդյունավե՞տ մոտեցում է, ձեր կարծիքով։ -Համաձայն չեմ, թե այդ ֆորմատով քննարկումներն արդյունք չեն տվել։ Նաեւ այդ քննարկումների շնորհիվ նախագծի նախնական տարբերակում զգալի փոփոխություններ են կատարվել։ Համաձայնություն է ձեռք բերվել, մասնավորապես, ընտրատեղամասերում տեսանկարահանող սարքերի տեղադրման հետ կապված։ Մատների թանաքոտման փոխարեն նախագծի հեղինակներն առաջարկում են անձի մատնահետքերով նույնականացման մեխանիզմը: Լուծվել են նաեւ ազգային փոքրամասնությունների՝ ԱԺ-ում ներկայացուցիչ ունենալու հետ կապված խնդիրները: Այսինքն՝ արդյունք ամեն դեպքում կա: Եթե չլինեին այդ քննարկումները, հնարավոր է, որ այս փոփոխություններն էլ չկատարվեին: Հետեւաբար քննարկումներին մասնակցելը, այսպես թե այնպես, ավելի ճիշտ է, քան չմասնակցելը: -Ընդդիմադիրները պնդում են, որ այդ փոփոխություններով որեւէ սկզբունքային հարց չի լուծվում։ Ավելին՝ կասկածի տակ են դնում անգամ էլեկտրոնային գրանցման արդյունավետությունը։ -Էլեկտրոնային գրանցման համակարգը առաջինը Հայաստանում չէ, որ կիրառվելու է: Նախագծի հեղինակները վստահեցնում են, որ բոլոր երկրներում, որտեղ այդ համակարգը կիրառվել է, այն իրեն արդարացրել է: Կարծում եմ, մենք ուղղակի պարտավոր ենք կիրառել առաջավոր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները: Հուսով եմ, Հայաստանը բացառություն չի լինի այս հարցում, եւ համակարգը կարդարացնի իրեն նաեւ այստեղ: www.armworld.am ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

2016-04-27

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
ՀՅԴ-ի համար տարբերություն կա, թե ով կլինի 2018թ. վարչապետի թեկնածուն,...
...
Ես չեմ երազում Վանոյի ժամանակների մասին. Ռուստամյան
Մեր երկրում մենք որևէ թշնամի չունենք. Ռուստամյանը՝ այլ ուժերի...
Այլ...