ՀՅԴ Գերագույն ժողովը վերահաստատել է ՀՅԴ դիրքորոշումը ԼՂՀ կարգավորման վերաբերյալ (Դիտել տեսանյութը)

Օրերս տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի 20-րդ Գերագույն ժողովը, որտեղ Աղվան Վարդանյանը նշանակվեց ԳՄ ներկայացուցիչ: ՀՅԴ-ն ժողովից հետո հանդես եկավ հայտարարությամբ և ներկայացրեց առաջնահերթությունները: «Գերագույն ժողովում հատուկ ուշադրությամբ և առանձին օրակարգով քննարկվեց ԼՂ հիմնախնդիրը, քառօրյա պատերազմը և շարունակվող վիճակը»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ վերահաստատվել են ՀՅԴ մոտեցումներն այս հարցի շուրջ: Նրա խոսքով՝ խնդիրը քննարկվել է մի քանի ուղղությամբ՝ «Առաջին՝ այս շարունակվող պատերազմը վկայեց մեր ժողովրդի բացառիկ համախմբման, միասնականության մասին, և սա հիմք պիտի լինի հետագայում երկրում արմատական փոփոխությունների համար, և երկրորդ՝ առկա են որոշակի թերացումներ, պետք է բոլորս սևեռուն ուշադրությամբ հետևենք թերացումների շտկմանը, և երրորդ՝ վերահաստատեցինք ՀՅԴ մշտական մոտեցումը ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ. այն է՝ ԼՂ ժողովրդի կամարտահայտության հիման վրա, որն ամրագրված է նաև ԼՂՀ սահմանադրությունում, աշախատանք տանելԼՂ-ն, իբրև բանակցային կողմ ներգրավելու և ԼՂ-ի միջազգային ճանաչման ուղղությամբ: Ա. Վարդանյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը գոնե այս փուլում չի գնա ԼՂՀ-ի ճանաչմանը. «Մենք պետք է ամեն ինչ անենք ուժեղացնելու Հայաստանի և ԼՂ անվտանգության և պաշտպանունակությունը ուժեղացնելու համար»: Սերժ Սարգսյանի կողմից առաջ քաշված՝ Ադրբեջանի հետ բանակցությունները վերսկսելու երեք պայմաններին անդրադառնալով՝ Ա. Վարդանյանը նշեց, որ այսօրվա իրավիճակում այս երեք պայմանները, իբրև նվազագույն պայմաններ, անհրաժեշտ են և բավարար են, որպեսզի դրանից հետո հնարավոր լինի բանակցություններ սկսել: «Այս փուլում ռեալ չեմ համարում բանակցությունների վերսկսում, քանի որ Ադրբեջանը չի ուզում նվազագույն պայմանները բավարարել, երաշխիքներ ստեղծել, որ քաղաքացիական բնակչությանը չի ռմբակոծելու, ագրեսիա նորից չի լինելու: Ադրբեջանը այս տարիներին հետևողականորեն զինվում էր, և ակնհայտ էր, որ մի օր սա պատահելու է: Բայց եթե միջազգային հանրությունը, առաջին հերթին Մինսկի խումբը կարողանա գալ այնպիսի եզրակացության, որ Ադրբեջանը պետք է այս նվազագույն պայմանները հարգի, և մենք երաշխիքներ ունենանք, այդ ժամանակ կարելի է խոսել բանակցությունների մասին»: Աղվան Վարդանյանը նշեց, որ տարիներ շարունակ, մինչև 2011թ. որոշակի առաջարկներ եղել են տարբեր ձևակերպումներով, փոփոխություններով. «Այսօր խոսել որևէ փաստաթղթի, նախագծի առաջարկի մասին, ուղղակի ճիշտ չէ: Մադրիդյան սկզբունքները ՀՅԴ-ի համար ընդունելի չեն: Այսօր խոսել որևէ բան զիջելու մասին անիմաստ է, եթե Ադրբեջանը որևէ բան չունի ասելու, ընդհակառակը այսօր մեր խնդիրը պիտի լինի հենվել ԼՂ ժողովրդի կամարտահայտության վրա: Այս լարված վիճակում, մեր զոհերի առկայության և ամեն օր սպասվող ագրեսիայի պայմաններում մեզանից որևէ մեկը զգույշ թե անզգույշ, միտումնավոր թե ուղղակի պատահաբար իրավունք չունի զիջման մասին խոսելու, քանի որ Ադրբեջանը մեզ սպառնում է, փորձում է տեղահանել կամ բնաջնջել ԼՂ ժողովրդին:

2016-05-03

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Լիահույս եմ, որ մեր կառավարությունը բյուջեի վերաբերյալ 8 առաջարկներից...
ՀՀ-ԵՄ համաձայնագրի չիրացնելը նշանակում է կյանքի չկոչել Սահմանադրությունը....
ՍԾՏՀ ԽՎ-ում ռեալ դերակատարություն ունեն Թուրքիան, Ադրբեջանը....
Իրականում, սովորել ցանկացողի համար շատ ավելի լայն հնարավորություններ...
Այլ...