Արցախի հետ ռազմական փոխօգնության պայմանագրի կնքումը պետք է արագացվի. Արմեն Ռուստամյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձավ Ռուսաստանի կողմից Հայաստանին վարկային համաձայնագրով տրամադրվելիք զենքի ուշացմանը, ինչպես նաև Հայաստանում Ռուսաստանի դեպանության աշխատակցի այն հայտարարությանը, թե քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը, ռուսական զենքերը չեն կարող ուղարկվել Արցախ: Պատգամավորը նշեց. «Վատ չէ, որ դեսպանության ներկայացուցիչը նման բան է ասում, որ` ճանաչեք, և կարելի է ռուսական զենքն ուղարկել: Կարող եմ ասել, որ այդ հայտարարությունը վատ նախադրյալ չի ստեղծում, բայցեւ Հայաստանը հստակ հայտարարել է, որ պատրաստվում է Արցախի հետ ռազմաքաղաքական փոխօգնության պայմանագիր կնքել, որն իրերը կկոչի իրենց անուններով: Դե ֆակտո ստեղծված իրավիճակը մենք պետք է ամրագրենք դե յուրե, որի մասին վաղուց էինք խոսում: Ո՞ւմ համար է գաղտնիք, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է և դրան համապատասխան քայլեր պետք է կատարի: Դա էլ ենթադրում է չեզոքացնել այն ռազմական սպառնալիքը, որ Ադրբեջանն է ներկայացնում Արցախի ժողովրդի համար: Ուրեմն այդ պայմանագիր կնքելը պետք է արագացվի, որ նման հարցեր չառաջանան, այսինքն` Հայաստանի ունեցած զենքը պետք է ծառայի Արցախի անվտանգությանը, սա ակնհայտ է»: Հարցին, թե Ռուսաստանը թույլ կտա՞, որ Հայաստանին վաճառված զենքը կրակի Արցախում, Արմեն Ռուստամյանը հարցով պատասխանեց. «Իսկ հիմա ի՞նչ զենք է կրակում Արցախում` ձեր կարծիքով, Հայաստանից գնացած զենքն է, և այո, այն պետք է կրակի, բա ի՞նչ պետք է անի: Իսկ Հայաստանը չի ճանաչել Արցախը մի պարզ պատճառով, որ այդ ճանաչումը տեղի ունենա միջազգային գործընթացի միջով, Մինսկի խմբի միջոցով: Բայց եթե Ադրբեջանը բանակցություններ ասածը մտցնում է փակուղի և, ըստ էության, դադարեցնում է բանակցությունները, ուրիշ ելք չի մնում, քան ճանաչել Արցախը, որի մասին հանրապետության նախագահը հստակ հայտարարել է»: Նա հավելեց, որ Արցախի ճանաչումը միշտ պետք է մնա օրակարգում, Արցախի հետ պետք է կնքվի այդ ռազմաքաղաքական պայմանագիրը, որում հստակ պետք է ամրագրվի, որ Արցախի վրա հարձակումը նշանակում է հարձակում Հայաստանի վրա: Պատգամավորի խոսքով՝ Հայաստանը միջազգային պատմության մեջ երբեք սպառնալիք չի հանդիսացել, Հայաստանից երբեք պատերազմ չի սկսել, հակառակը` Հայաստանին են միշտ պատերազմ պարտադրել: Ուրեմն` թող եվրոպական պաշտոնյաները տեսնեն, թե ով է իրական սպառնալիքը տարածաշրջանում` թուրք-ադրբեջանական տանդեմը, և նաև թող ստուգեն ու ասեն, թե այդ ի՞նչ թուրքական զորքեր են կուտակվում Նախիջևանում: Արմեն Ռուստամյանը նույնպես համարում է, որ Արցախի ճանաչումը Հայաստանի կողմից պետք է լինի իր ժամանակին` Արցախի հետ համաձայնեցված: Նրա կարծիքով` հասարակությունը չպետք է ծայրահեղացնի Ռուսաստանի նկատմամբ դժգոհությունները Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ, որովհետև պետք է տեսնել այդ ամենի ենթաշերտերը: «Մենք չենք ասում` զենք մի' վաճառի Ադրբեջանին, մենք ասում ենք, որ դա այնպես պետք է լինի, որ բալանսը չխախտվի: Այսօր Ադրբեջանը, բացի Ռուսաստանից, նաև այլ երկրներից է զենք գնում, իսկ Հայաստանը միայն Ռուսաստանից է զենք գնում: Ռուսաստանը զենք վաճառելիս էլ պետք է որոշի` բալանսը խախտվո՞ւմ է, թե՞ ոչ»,- ասաց Ռուստամյանը: Ըստ նրա` Հայաստանը կարող է այլ երկրներից գնել այն զինատեսակները, որոնք Ռուսաստանը չի ապահովում: Պատգամավորը թեև մանրամասն տեղեկացված չէ, թե ինչու է ուշանում վարկային համաձայնագրով նախատեսված ռուսական զենքը, սակայն դա մտահոգիչ է համարում, քանի որ զենքի տրամադրումը վաղուց պետք է իրականացվեր, տեխնիկական պատճառները չպետք է խոչընդոտ հանդիսանան: «Այսօր Հայաստանի անվտանգության երաշխավորը հայ զինվորն է, ուրիշ երաշխիքներ մեզ` այդ բարձր խոսացող միջազգային կառույցները չեն տվել: Եթե մեր սահմանին հայ զինվորը չկանգնեցներ թշնամուն, ապա այսօր կունենայինք լուրջ խնդիրներ հենց մեր գոյությունը պահպանելու մասով: Այնպես որ` միջազգային հանրությունը թող սանձի թուրք-ադրբեջանական տանդեմին, որն ուզում է երկու կողմից մեզ մամլիչի տակ առնել, նոր կխոսենք նորմալ հարաբերությունների մասին: Բանը բանից անցել է, նոր հիշում են ինչ- որ պայմանավորվածություններ, միջազգային չափանիշներ: Հենց այդ երկակի ստանդարտներն են պատճառը, որ այսօր այս վիճակի ենք: Միջազգային կարգը, որը պետք է կանխեր պատերազմի սպառնալիքը, այսօր խաթարված է»,- ասաց Ռուստամյանը:

2016-05-11

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ազգ-բանակը ոչ թե ագրեսիվ ռազմականացման խնդիր է լուծում, այլ պաշտպանության...
Շնորհավոր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը:
Ռուստամյանը՝ Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցելու...
ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն կոալիցիոն բանակցությունների մեջ են. Արմեն Ռուստամյանը...
Այլ...