Հայաստանի զարգացման հիմքում պիտի լինի գիտությունը

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանը, կարեւորելով Ակադեմիայի մասին օրենք ունենալու փաստը, հիշեցրեց, որ ՀՀ Կառավարությունը տարբեր առիթներով հայտարարել է, որ մեր երկրի զարգացման հիմքում պիտի լինի գիտությունը: Պատգամավորը նաեւ վիճակագրություն ներկայացրեց, ցույց տալու համար, թե որքանով է այդ հայտարարությունը համապատասխանում իրականությանը:«Վերջին տվյալներով 35-50 տարեկան գիտնականների թիվը նվազում է: 27 հազար գիտնականներից այսօր գիտությամբ զբաղվում են 7 հազարը, իսկ մեծ մասը տեղափոխվել է արտերկիր»,- ասաց պատգամավորը եւ ավելացրեց, որ մեր երկրում երիտասարդ գիտնականի թիկունքում չկա կառավարությունը: Ռուզան Առաքելյանը կարեւորեց գիտության տարբեր ճյուղերի զարգացումը` առանձնացնելով հատկապես հայագիտությունն ու բնական գիտությունները: «Վերջին տարիներին քիմիայի եւ ֆիզիկայի ֆակուլտետներում նույնիսկ անվճար տեղերը չեն կարողանում ապահովել: Դրա հիմքում կա սոցիալական խնդիր»,- փաստեց պատգամավորը` հիշեցնելով, որ գիտահետազոտական ինստիտուտներում աշխատավարձը 50-60 հազար դրամ է: Անդրադառնալով այլ երկրներում ստեղծված հայագիտության ամբիոններին` Ռուզան Առաքելյանը տեղեկացրեց, որ հայագիտությամբ զբաղվողներին այլ պետություններում հովանավորում են: Նա նշեց, որ Ստամբուլում այսօր գործում է հայագիտության ամբիոն, որտեղ զբաղված են ցեղասպանության ուրացման աշխատանքներով: «Մենք այսօր իրավունք չունենք հապաղելու: Մենք մեր գիտական աշխատանքներով կարող ենք փաստել մեր ճշմարտությունը, որոնց մասին մինչեւ այսօր բարձրաձայնել ենք: Հայագիտության մեջ, որտեղ ներառված է նաեւ ցեղասպանագիտությունը, ոչինչ արված չէ եւ այս օրենքում էլ այդ մասին անորոշ է գրված»:

2011-04-12

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ազգ-բանակը ոչ թե ագրեսիվ ռազմականացման խնդիր է լուծում, այլ պաշտպանության...
Շնորհավոր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը:
Ռուստամյանը՝ Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցելու...
ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն կոալիցիոն բանակցությունների մեջ են. Արմեն Ռուստամյանը...
Այլ...