Հայաստանը պետք է բոլոր գործընկերների առաջ դնի՝ ՀՀ-ԼՂ անվտանգության համակարգը միասնական է. Արմեն Ռուստամյանը՝ ՀՕՊ համակարգի մասին (Դիտել տեսանյութը)

Ապրիլյան պատերազմի արդյունքները պետք չէ ծայրահեղ վատատեսական ներկայացնել, ասել, որ անվտանգության համակարգը վատն է: Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված հակաօդային պաշտպանության համատեղ համաձայնագրին: «Եթե չունես ավելի լավ համակարգ, պիտի ուժեղացնես այն, ինչ ունես: Ովքեր ասում են՝ դեմ են, ավելի լավ առաջակ ունե՞ն, մենք էլ չենք քննարկել: Մենք այսօր չունենք այլընտրանք, քան այն, ինչ ձեռքի տակ կա»,- նշեց Ռուստամյանը: ՀՅԴ խմբակցության ղեկավարը շեշտեց, որ ապրիլյան պատերազմում Հայաստանը հաջողել է, բլից-կրիգը ձախողվել է, ուրեմն պետք չէ ընկնել ծայրահեղության մեջ, ասել՝ «Եթե մեր անվտանգության համակարգն այդքան վատը լիներ, դա էլ չէր լինի չէ՞: Պետք չէ ասել, թե ինչ եղել է, սխալ է եղել, պետք է ջնջենք, նորից սկսենք»: Արմեն Ռուստամյանը նշեց, թե ՀՕՊ-ը անվտանգության միասնական համակարգ է, իսկ Հայաստանը պատերազմ ունի ոչ թե մեկ, այլ՝ երկու սահմաններում: «Կա նաև Թուրքիան, որը մեր քթի տակ դասավորվում է, սպառնալիք է մեզ համար, երրորդ՝ դաշտային թուրքական բանակը Նախիջևանի տարածքում է տեղակայված ու ի՞նչ անենք՝ եղածը զրոյացնե՞նք... Այդ հայտարարությունները պետք է տրամաբանված լինեն, անհետևանք հայտարարություններ անելը մեր շահերից չի բխում»,- նշեց նա: Ռուստամյանի խոսքով՝ այսուհետ, երբ Հայաստանը անդամակցի անվտանգության կառույցներին, Ղարաբաղը պետք է այդ գործընթացից անմասն չմնա: «Նախագահի վերջին հայտարարությունն այս տրամաբանության մեջ էր: Բոլորին պետք է պարզ դառնա, որ Հայաստանը չէր կարող անմասն մնալ նրանից, թե ինչ էր կատարվում Ղարաբաղում: Հայաստանը պետք է հստակ դնի բոլոր գործընկերների առաջ, որ անվտանգության համակարգը միասնական է, չկա Ղարաբաղի անվտանգության համակարգ առանձին, ՀՀ անվտանգության համակարգ առանձին: Սա պետք է միասնական դիտվի»: «Վերջին պատերազմը պարտավորեցնում է կատարել քայլեր այս ուղղությամբ, բայց դա չի նշանակում, որ պետք է հրաժարվել նրանից, ինչն այսօր կա»,- նշեց ՀՅԴ պատգամավորը: Նույն ՀԱՊԿ-ը, հայ-ռուսական հարաբերությունները, որոնք միտված են այս նպատակին ծառայելու համար, ըստ Արմեն Ռուստամյանի, ևս պիտի գործի դրվեն այս ուղղությամբ:

2016-06-06

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Շատերին պետք է, որ աղետալի լինի վիճակը երկրում. Արմեն Ռուստամյան
Քաղաքացին հաճախ պասիվ մասնակցություն ունի ՏԻՄ որոշումների կայացմանը....
Հայտնի է, թե ովքեր են խմբակցությունների ղեկավարները եւ քարտուղարները....
Մեզ ձեռնտու է մշտական հանձնաժողովների թիվը կրճատել, դարձնել...
Այլ...