Դաշնակցությունը կողմ չի քվեարկի Հարկային նոր օրենսգրքին. խմբակցության ղեկավար

ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց խմբակցությունը չի կարող այս վիճակով կողմ լինել Հարկային օրենսգրքի նախագծին, և առաջին ընթերցմամբ քվեարկության ժամանակ իրենք քվեարկելու են «ձեռնպահ». ««Դեմ» չենք քվեարկելու, որովհետև մենք կառավարության մաս ենք և մեր առջև չպետք է միայն քննադատելու խնդիր դնենք: Ուստի մենք փորձում ենք կոնկրետ քայլերով հասնել այս նախագծի բարելավման, որպեսզի այն բավարարի մեր ձեռնարկատերերին և խթանի մեր տնտեսությունը»: Նրա խոսքով՝ այն նպատակը, որ դրվում է այս օրենսգրքով լուծելու, այդ նպատակին համապատասխան գործիքակազմ չկա, և կարող է ստացվել հակառակ արդյունքը. «Այս օրենսգրքով շատ հարցեր ոչ թե լուծվում են, այլ ավելի մեծ խնդիր են առաջացնելու: Նախ՝ հարկային բեռը ավելացվում է, հասնում ենք այնտեղ, որ դիվիդենդներն են արդեն հարկվում, այս նոր առաջարկությունների հիման բացվելու է դատական քաշքշուկների դաշտ: Ընդհանրապես տնտեսությունը խթանելու համար զուտ վարչարարական մեխանիզմներ աշխատեցնելը շատ սխալ է: Մենք պետք է ձևավորենք գնողունակ պահանջարկ»: Արմեն Ռուստամյանի խոսքով՝ այս նոր օրենսգրքով կարող են աճել գործազրկությունը, աղքատությունը. «Այսինքն՝ պետք է համալիր դիտարկել խնդիրը, և այս հապճեպությունը թույլ չի տալիս խորքային անդրադառնալ այս խնդիրներին: Մեզ անհրաժեշտ է մեծացնել ոչ թե հարկերը, այլ հարկատուների քանակը»: Ինչպես նկատեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը՝ այսպիսի լուրջ օրենքները պետք է անցնեն նախնական քննարկումների ճանապարհով:

2016-06-15

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչու հենց այս փուլում աշխատանքից ազատվեց Արագածոտնի մարզպետը.
Ճիշտ կլինի՝ արտաբյուջետային գումարները ծախսվեն Սևանա լճի խնդիրների...
Կատաստրոֆա չէ. Աղվան Վարդանյան
Մինչև երբ պետք է շարունակվի նման հարցադրումներով հանդես գալու...
Այլ...