Արմեն Ռուստամյան.Եկեք պտուղը պտղաջրի հետ չթափենք.

Այսօր ԱԺ արտահերթ նիստում, ուր քննարկվում էին ԸՕ-ում փոփոխությունները, ՀՅԴ խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով՝ այդ քննարկումներից այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ կան որոշ մարդիկ, ովքեր բացառիկ տաղանդ ունեն` ամեն ինչ այնպես խճճելու, որ ամեն ինչ խառնվի իրար, որ ոչ ոք չհասկանա, թե ինչ են ուզում անել: «Եկեք դադարեցնենք սա, որովհետև այն կբերի նրան, որ պտուղը պտղաջրի հետ կթափենք: Մարդիկ կան, որ պտուղը պտղաջրից չեն տարբերում: Կան մարդիկ, ովքեր այդ պտղաբերությանը չեն մասնակցել, և նրանց ձեռ չի տալիս, որ այդ պտուղը լինի, որովհետև նրանց քաղաքական շահը պահանջում է, որ ամեն ինչ պետք է վատ լինի: Ո՞նց կարող է ամեն ինչ լավ լինել»,- ասաց Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ այն ուժերը, որոնք գործում են «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքով, միշտ հասել են ոչնչի: Պատգամավորի խոսքով՝ ԸՕ-ի վերաբերյալ իշխանություն-ընդդիմություն քննարկումներն աննախադեպ էին ու կարևոր, այդ ձևաչափում աշխատելով երկար ժամանակ՝ վերջում հանգել են լուրջ արդյունքի, որը պետք է փայփայել. համաձայնության են եկել հինգ քաղաքական ուժերի լեգիտիմ ներկայացուցիչներ, որը քաղաքական ուժերի հարաբերության մեջ համարվում է սահմանադրության նման մի բան, սակայն այդ լրջագույն համաձայնությունը հիմա փորձում են ոտքի տակ տալ: «Ո՞վ է ասել, որ բոլոր հարցերի շուրջ պետք է լիակատար համաձայնություն լինի, որ սկսեն փառաբանել, ո՞վ է ասել, որ պետք է կատարյալ լինեն բոլոր լուծումները: Այստեղ վիճում են կոնսենսուս բառի շուրջ, բայց համաձայնության մեջ հստակ ասված է, որ չորս հարցի շուրջ կա կոնսենսուս, իսկ մեկ հարցի շուրջ էլ կա համաձայնություն, որ շարունակեն քննարկումները»,- ասաց Արմեն Ռուստամյանը: Ինչ վերաբերում է ԸՕ-ում փոփոխություններ անելու համար պահանջվող ֆինանսական հարցերին, ըստ պատգամավորի, Հայաստանն աշխարհից կտրված երկիր չէ, որ ամեն ինչ միմիայն իր միջոցներով անի: «Մինչև հիմա չգիտեի՞ք, որ աշխարհում բոլոր այն կառույցները, որոնց մեջ Հայաստանը մտել է, մտել է նաև ինչ-որ ակնկալիքներով, այդ թվում` նաև ֆինանսական, ուստի պետք չէ ինքներս մեզ դատափետենք ու ասենք` այս ինչ խայտառակություն է, որ այդ գումարը չկա: Ես ցավում եմ, որ գործընթացը կապվում է ֆինանս լինել-չլինելու հետ, բայց ամեն դեպքում այս գործընթացն իր արդյունքը տվել է, մենք սահմանել ենք աննախադեպ օրակարգ, որը մնալու է պատմության մեջ` որպես ձեռքբերում, թե ինչպես պետք է բարեփոխեն ԸՕ համակարգը քաղաքական ուժերը: Ուստի եկեք չթափենք պտուղը պտղաջրի հետ, մենք պետք է աչքի լույսի պես գնահատենք մեծ դժվարությամբ ձեռք բերված համաձայնությունները»,- ասաց Արմեն Ռուստամյանը: Պատգամավորի խոսքով՝ Աստված տա` ֆինանսավորումը լինի, էլ բաց տեղ չի լինի ԸՕ-ում: Նա հավելեց, որ ամենալավ ԸՕ-ն չի երաշխավորելու որևէ քաղաքական ուժի ձայների պահպանումը, չկեղծելը, դրա համար քաղաքական ուժն իր ներկայացուցիչների միջոցով պետք է պահպանի իր ձայները: Դաշնակցությունը կողմ է քվեարկելու այդ ԸՕ-ին:

2016-06-28

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Լիահույս եմ, որ մեր կառավարությունը բյուջեի վերաբերյալ 8 առաջարկներից...
ՀՀ-ԵՄ համաձայնագրի չիրացնելը նշանակում է կյանքի չկոչել Սահմանադրությունը....
ՍԾՏՀ ԽՎ-ում ռեալ դերակատարություն ունեն Թուրքիան, Ադրբեջանը....
Իրականում, սովորել ցանկացողի համար շատ ավելի լայն հնարավորություններ...
Այլ...