Աղվան Վարդանյան.Մեզ անհրաժեշտ է նոր որակի իշխանություն, որի առաջին քայլերը, կարծում եմ, սկսում ենք անել

Անհրաժեշտ է մշակույթ ձևավորել և յուրաքանչյուր գնացողի հետևից միայն վատը չխոսել: Հովիկ Աբրահամյանը կատարել է իր աշխատանքը և ինչ-որ չափով գնահատելի է: Հայաստանին անհրաժեշտ է նոր որակի իշխանություն, որի առաջին քայլերն արվում են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի հրաժարականին և սպասվող արմատական փոփոխություններին: «Մենք ականատես էինք, ինչ-որ չափով տեղյակ էինք, որ ինչ-որ ժամանակում պետք է գնալ արմատական փոփոխությունների, և կարծես թե, այդ ժամանակը հասունացել էր: Այո՛, նոր մոտեցումներ, նոր որակ անհրաժեշտ է, արդեն 90-95 տոկոսով նշանակվելիք նոր վարչապետին՝ պարոն Կարապետյանին, մենք գիտենք իբրև եռանդուն, ժամանակակից մտածողությամբ, բարդ խնդիրներ առաջադրելու, ձևակերպելու, լուծելու ընդունակ և լավ կազմակերպչի՝ իր նախորդ փորձառությամբ: Հուսով ենք, որ նոր վարչապետը կկարողանա է՛լ ավելի համախմբել, կառավարության արդյունավետությանը նոր որակ հաղորդել»,- ասաց Աղվան Վարդանյանը: Հարցին, թե ինչ է իրենից ենթադրում ազգային համաձայնության կառավարությունը և այնտեղ լինելու է Դաշնակցությունը, Աղվան Վարդանյանը վստահություն հայտնեց, որ դաշնակցական նախարարները կշարունակեն պաշտոնավարել. «Նրանց վերջին ամիսների աշխատանքի վերաբերյալ ես կարող եմ վկայել, որ շատ ակտիվ, շատ ինտենսիվ, իրենց ոլորտներով զբաղվում են»: Անդրադառնալով ազգային համաձայնության կառավարությանը, Աղվան Վարդանյանն ասաց, որ իր կարծիքով՝ ազգային համաձայնության կառավարությունը կձևավորվի խորհրդարանական ընտրություններից հետո և հույս հայտնեց, որ այնտեղ չի լինի բացարձակ մեծամասնություն ունեցող քաղաքական ուժ. «Դա իսկապես կլինի ազգային համաձայնության կառավարություն, այնտեղ որոշումները կընդունվեն քննարկումներով, բանավեճերով, լավագույն լուծումները գտնելով»: Աղվան Վարդանյանն ասաց, որ համակարգային փոփոխություններ են տեղի ունենալու և բնականաբար լինելու են նաև խաղի նոր կանոններ. «Նոր խաղի կանոնների հայտարարումը տեղի ունեցել է, բայց քանի որ դրանք հապաղել են և անմիջական քայլեր չեն կատարվել, մենք միշտ մոռանում ենք, թե ինչ նպատակներ են դրված»: Հարցին, թե հիմա ի՞նչ է փոխվել, որ խաղի նոր կանոններ են անհրաժեշտ, Աղվան Վարդանյանն ասաց, որ նոր իրավիճակ է փոխվել արտաքին և ներքին քաղաքական դաշտում. «Կա ղարաբաղյան խնդիր, ներքին կյանքում մենք հասել ենք մի սահմանագծի, որ առանց հասարակության աջակցության և վստահության, տնտեսական, սոցիալական կյանքում փոփոխություններ անելու, առանց արդարության տարրերի հաստատման ուղղակի հնարավոր չէ շարունակել, իսկ ես կարծում եմ, որ կա այդ գիտակցությունը՝ գնալ որակական փոփոխությունների: Մեզ անհրաժեշտ է նոր որակի իշխանություն, որի առաջին քայլերը, կարծում եմ, սկսում ենք անել»:

2016-09-08

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի ելույթը 2017թ....
ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի...
Ավելի հավակնոտ, թիրախավորված ծրագիր է. Աղվան Վարդանյանը՝ կառավարության...
...
Այլ...