Պետք է փոխվեն խաղի կանոնները, ներիշխանական հարաբերությունները. Արմեն Ռուստամյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձավ վարչապետի հրաժարականին: Ըստ նրա` այն արտաքին ու ներքին մարտահրավերները, որոնք ծառացած են ժողովրդի առջև, թույլ չեն տալիս սպասել մինչև 2017թ. խորհրդարանական ընտրությունները, և խորհրդարական կառավարման համակարգին սահուն անցնելու համար ճիշտ է, որ այսօրվանից սկսվեն փոփոխությունները: Ռուստամյանի խոսքով` դա նաև հնարավորություն է տալու ՀՅԴ-ին աշխատելու նոր կառավարության ծրագրի վրա, որ համահունչ լինի այն քաղաքական համագործակցության համաձայնագրի հետ, որը կնքվել է ՀՀԿ-ի հետ: «Մեր հասարակության մի զգալի մասը չունի այդ համբերությունը և չի պատկերացնում, որ 2017թ. բարեփոխումները կբերեն այն նպատակների իրականացմանը, որոնք շատերը մտքում այսօր ունեն: Մենք համոզում ունեինք, որ ոչինչ չի խանգարում մեզ փոխությունները սկսել այսօր: Պետք է նոր սկզբի հիմքեր դնել, մարդկանց մոտ հույսեր արթնացնել: Այդ համատեքստում ես գնահատում եմ Հովիկ Աբրահամյանի քայլը՝ հրաժարականը, և հույս ունեմ, որ նոր վարչապետը, ով բանիմաց, պարկեշտ, կիրթ, իր գործը լավ իմացող անձնավորություն է, ունի ժամանակակից մտածելակեպ և կարող է առաջնորդել փոփոխությունները»,- ասաց Արմեն Ռուստամյանը: Եվ անգամ 8 ամսով վարչապետ նշանակելու իմաստը, ըստ նրա, փոփոխությունների հրամայականն է, որն արտացոլվեց թե' Սերժ Սարգսյանի, թե' Հովիկ Աբրահամյանի ելույթներում: Ռուստամյանի խոսքով՝ բոլորն են գիտակցում, որ բարեփոխումների գործընթացն արագացնելու անհրաժեշտություն կա: Դիտարկման կապակցությամբ, որ վարչապետի ու կառավարության փոփոխություն ՀՀԿ-ն անում է ընտրությունների նախաշեմին` իր վարկանիշը բարձրացնելու համար, Արմեն Ռուստամյանն ասաց, որ դա բնական է: Նրա կարծիքով՝ Հայաստանում իշխանություններ են եղել, որոնք թքած ունեին իրենց վարկանիշի բարձրացման խնդրի վրա և համարում էին, որ «իրենց դեմ խաղ չկա», ինչպես էլ գործեն: Բայց հիմա իշխանությունները հասկացել են, որ իրավիճակ է փոխվել, և իրենց իշխանությունը պահելու համար պետք է մտածեն իրենց վարկանիշի բարձրացման ուղղությամբ ու իրականացնեն համապատասխան քայլեր: «Այս անգամ, անձերի փոփոխությունից զատ, պետք է փոխվի նաև բովանդակությունը ՝ խաղի կանոնները, ներիշխանական հարաբերությունները»,- ասաց նա: Կկարողանա՞, արդյոք, նոր վարչապետը պայքարել օլիգարխիկ տնտեսության դեմ: Արմեն Ռուստամյանի համոզմամբ՝ օլիգարխիկ տնտեսության դեմ մեկ անձը չի կարող պայքարել, որովհետև անհրաժեշտ է համակարգի փոփոխություն, որը կհանգեցնի բիզնեսի ու օլիգարխիայի տարանջատման, դա ՀՅԴ-ՀՀԿ քաղաքական համագործակցության հիմնական պահանջներից մեկն է: Այդ խնդիրները, ըստ Ռուստամյանի, կարող են ցավոտ լինել, բայց աստիճանաբար պետք է սկսել, որ Հայաստանում տանաջատված լինեն օլիգարխիան ու տնտեսությունը: «Մենք հարուստներին դեմ չենք, մենք դեմ ենք ապօրինի հարստացմանը: Եվ եթե մարդիկ հարստանում են, թող գնան` իրենց գործով զբաղվեն, իսկ քաղաքականությունը պետք է անջատվի դրանից: Քաղաքականությունը պետք է հետապնդի ոչ թե օլիգարխների, այլ բոլորի շահերը»,- ասաց Արմեն Ռուստամյանը: Հարցին, թե կառավարության հրաժարականից հետո ի՞նչ ճակատագիր կունենան Դաշնակցության պորտֆելները, նա պատասխանեց, որ դրանց թիվը չի պակասի, որովհետև քաղաքական համագործակցության հուշագիրը գործում է, ուժի մեջ է: Ավելին՝ այդ հուշագիրը հեռանկարային է: Իսկ թե ե՞րբ են տեղեկացվել վարչապետի փոփոխության մասին, Արմեն Ռուստամյանը նշեց, որ փոփոխությունների մասին միշտ է խոսվել կոալիցիայի նիստերում:

2016-09-09

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Լիահույս եմ, որ մեր կառավարությունը բյուջեի վերաբերյալ 8 առաջարկներից...
ՀՀ-ԵՄ համաձայնագրի չիրացնելը նշանակում է կյանքի չկոչել Սահմանադրությունը....
ՍԾՏՀ ԽՎ-ում ռեալ դերակատարություն ունեն Թուրքիան, Ադրբեջանը....
Իրականում, սովորել ցանկացողի համար շատ ավելի լայն հնարավորություններ...
Այլ...