ԱՐՄԱՏԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ ՀԱՍՈՒՆԱՑԵԼ ԷՐ

ՀՅԴ խմբակցության քարտուղար ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ լիահույս է, որ նոր վարչապետը, ի դեմս նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի, կկարողանա անել այն, ինչը չի հաջողվել իր նախորդներին։ Այն է՝ ձեւավորել նոր որակի գործադիր իշխանություն, որը ի զորու է լուծել երկրի առջեւ ծառացած լրջագույն խնդիրները։ -Նախ ասեմ, որ պարոն Աբրահամյանը կառավարության ղեկն ստանձնել է բավական բարդ ժամանակահատվածում, եւ այս երկու տարիների ընթացքում հիմնականում իրականացրել է իր գործառույթները։ Մենք պարտավոր ենք նաեւ քաղաքական նոր մշակույթ ձեւավորել՝ յուրաքանչյուր գնացողի հետեւից միայն վատը չխոսել. մարդը իր աշխատանքը կատարել է, եւ դա գնահատելի է։ Նոր մոտեցումներ որդեգրելու անհրաժեշտության մասին բազմիցս ասվել է, գրվել է։ Դեռեւս նախագահի փետրվարի 10-ի ելույթից ակնհայտ էր, որ երկրում կան բազում հարցեր, որոնք լուծում են պահանջում։ Այստեղ մենք թերեւս հապաղեցինք, ուշացանք։ Իհարկե, դրա համար կային օբյեկտիվ պատճառներ՝ քառօրյա պատերազմը, այնուհետ՝ հուլիսյան դեպքերը, բայց խնդիրները ձեւակերպված են եւ ճիշտ են ձեւակերպված, այդ թվում՝ նաեւ կոալիցիոն համագործակցության համաձայնագրում։ Մենք հասկանում էինք, ինչ-որ չափով նաեւ տեղյակ էինք, որ ինչ-որ ժամանակ անհրաժեշտ է լինելու գնալ արմատական կադրային փոփոխությունների, եւ կարծես այդ ժամանակը հասունացել էր։ Նոր վարչապետը լավ կազմակերպիչ է, հուսով ենք՝ կկարողանա կառավարության արդյունավետությանը նոր որակ հաղորդել։ -Որքանո՞վ Դաշնակցությունը ներկայացված կլինի նոր կառավարության կազմում, եւ արդյոք կադրային այս փոփոխություննե՞րը նկատի ուներ Սերժ Սարգսյանը՝ խոսելով ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու անհրաժեշտության մասին։ -Վստահ եմ, որ դաշնակցական նախարարները կշարունակեն պաշտոնավարել։ Նրանց վերջին ամիսների աշխատանքը իսկապես արդյունավետ է եղել՝ բոլոր երեք նախարարները շատ ակտիվ, ինտենսիվ զբաղվում են իրենց ոլորտներով։ Ենթադրում եմ, որ հիմա կառավարությունը հրաժարական կտա, նախարարները կպաշտոնավարեն մինչեւ նոր կառավարության ձեւավորումը, բայց իրական ազգային համաձայնությունը, որի մասին խոսվում է, կձեւավորվի առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո։ Ուզում եմ հավատալ, որ այդ կառավարության մեջ չի լինի բացարձակ մեծամասնություն ունեցող քաղաքական ուժ՝ դա իսկապես կլինի համաձայնության կառավարություն, որտեղ որոշումները կընդունվեն քննարկումների, բանավեճերի միջոցով։ -Անձերի փոփոխությունը կարո՞ղ է որեւէ արդյունք տալ, եթե չլինեն համակարգային փոփոխություններ։ -Բնականաբար համակարգային փոփոխություններ են տեղի ունենալու։ Համակարգային փոփոխություններն արդեն իսկ դրված են սահմանադրության հիմքում։ Այսինքն՝ սահմանվել են խաղի նոր կանոններ, բայց քանի որ բարեփոխումները հապաղել են՝ անմիջական քայլեր չեն կատարվել, շատերը մոռանում են՝ ինչ է հայտարարվել, կամ ինչ նպատակներ են առաջ քաշվել։ Այդ նպատակներն արձանագրված են։ Հիմա իրավիճակ է փոխվել, փոխվել են նաեւ մեր խնդիրները արտաքին դաշտում՝ կա Ղարաբաղյան խնդիրը, ներքին կյանքում հասել ենք մի սահմանի, երբ առանց հասարակության աջակցության սոցիալ-տնտեսական բարեփոխումները հնարավոր չէ շարունակել։ Կարծում եմ՝ այդ գիտակցությունը կա, կա կամք՝ գնալու որակական փոփոխությունների. մեզ անհրաժեշտ է նոր որակի իշխանություն, եւ այդ ուղղությամբ առաջին քայլերն սկսում ենք անել։ -Ի դեպ, այս ամենին փորձ է արվում աշխարհաքաղաքական երանգ տալ՝ ասվում է, որ Կ.Կարապետյանին վարչապետ նշանակելու որոշումը թելադրված է Մոսկվայից, Ռուսաստանի՝ ապրիլյան պատերազմից հետո սասանված ազդեցությունը Հայաստանում ամրապնդելու նպատակ է հետապնդում եւ այլն։ Նման բան կա՞, ձեր կարծիքով։ -Ես դեմ եմ, երբ ցանկացած հարց, ցանկացած որոշում, փորձում են ներկայացնել որպես Մոսկվայից կամ Միացյալ Նահանգներից ուղղորդված քայլ։ Սա մեր երկիրն է՝ մենք ենք այս երկրի քաղաքացիները, մենք ենք որոշում մեր առաջնահերթությունները։ Նոր վարչապետն իր ուղնուծուծով հայ մարդ է, եւ վստահ եմ՝ իր եռանդը, կազմակերպական ունակությունները կծառայեցնի մեր ժողովրդին, եւ իր պաշտոնավարման շրջանում կունենանք հաջողություններ։

2016-09-10

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
ՀՅԴ-ի համար տարբերություն կա, թե ով կլինի 2018թ. վարչապետի թեկնածուն,...
...
Ես չեմ երազում Վանոյի ժամանակների մասին. Ռուստամյան
Մեր երկրում մենք որևէ թշնամի չունենք. Ռուստամյանը՝ այլ ուժերի...
Այլ...