Կառավարությունը հավատափորձության տեղ չէ. Արմեն Ռուստամյան (Դիտել տեսանյութը)

Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձավ երեկ կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին դիտողություն անելու մասին լրագրողների հարցին, թե արդյո՞ք կարող են դաշնակցական նախարարների փոփոխություններ լինել: Արմեն Ռուստամյանը նախ նշեց, որ ՀՅԴ-ն պաշտպանել է Կարեն Կարապետյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում` լիահույս լինելով, որ նա կկարողանա երկրի առջև ծառացած խնդիրները լուծել, որովհետև ունի այդ կարողությունը, բայց, նախորդ վարչապետերի փորձը նկատի առնելով, պարզապես կոնկրետ քայլեր պետք է իրականացնի: «Զերծ մնանք շոուների տրամաբանությանը համապատասխանող տպավորություն ստեղծող քայլերից, որովհետև, կարծես, նման բաները կարճ կյանք կարող են ունենալ: Ինչ վերաբերում է չհավատալուն, գիտեք` կառավարությունն այն տեղը չէ, որ պետք է հավատալ կամ չհավատալ, որովհետև եթե կա մի բան, որ տեսնում ես, ուրեմն պետք է ստուգել, դրա հավատալ-չհավատալը ո՞րն է: Դա հավատափորձության տեղ չէ, դա կոնկրետ կառավարություն է, որտեղ կոնկրետ գործեր պետք է կատարվեն: Կոնկրետ գործերը կա'մ կան, կա'մ չկան»,- ասաց Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ վարչապետը պետք է ծանոթանար մինչև հիմա բոլոր ոլորտներում կատարված-չկատարված աշխատանքներին, և հավատի միջոցով այդտեղ քննարկումներ ծավալելը ճիշտ մոտեցում չէ: Պատգամավորի կարծիքով` երկրում այնքան լրջագույն պրոբլեմներ են կուտակված, որ օր առաջ պետք է սկսել լուծել դրանք: Արմեն Ռուստամյանը նշեց, որ ՀՅԴ-ն ամբողջությամբ վստահում է Արծվիկ Մինասյանին, նա լավ գիտի իր ոլորտը, և եթե վարչապետը չի հավատում, որ Արծվիկ Մինասյանը լավ գիտի իր ոլորտը, ուրեմն թող համոզվի: Ինչ վերաբերում է նախարարների փոփոխությանը, Արմեն Ռուստամյանը նշեց. «Չեմ կարծում, որ փոփոխություն կլինի: Միևնույն ժամանակ, ողբերգություն չենք տեսնում նրանում, եթե մեր նախարարը որևէ հայեցակարգ առաջարկի, ու այն չհամապատասխանի վարչապետի պատկերացումներին, բայց հայեցակարգերի միջև պետք է լինի քննարկում, և եթե վարչապետը չընդունի այդ հայեցակարգը, ուրեմն պետք է առաջարկի այլընտրանք: Բայց անհատական, անձնական հավակնություններով մենք երկար ճանապարհ չենք կարող գնալ: Թող լինի բանավեճ, և եթե նման բաց քննարկումներ են գնում, ապա այդ բաց քննարկումները տեսնենք` նաև այլ ոլորտների հետ կապված: Պետք է լիազորությունների ու պատասխանատվության տարանջատում լինի, ինչը, ի դեպ, այսօր կառավարությունում գոյություն չունի: Բազմաթիվ հարցեր կան, որոնք շփոթ են առաջացնում, թե ով ինչի համար է պատասխանատու: Հարցեր կան, օրինակ, որ էկոնոմիկայի նախարարությունը պետք է կատարի, բայց, չգիտես` ինչու, առնչվում է այլ նախարարությունների, այսինքն` կորչում է պատասխանատվությունը»: Հարցին, թե համաձայն չէ՞ վարապետի նկատողության հետ, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Նրա փոխարեն ես զերծ կմնայի նման բառապաշար օգտագործելուց, բայց դա մեզ չի հուսահատեցնում, որովհետև մենք շարունակելու ենք մեր գործունեությունը, որովհետև պատասխանատվություն ենք կիսում կառավարության գործունեության համար»: Պատգամավորը նաև նշեց, որ ուրախ է, որ Կարեն Կարապետյանն ինքնուրույն, անկախ գործիչ է, որովհետև քաջալերում են միանձնյա կառավարումից ազատվելու բոլոր մոտեցումները:

2016-09-16

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ընտանեկան բռնության կանխարգելումը բխում է մեր ազգային մտածողությունից....
Նման հավակնություններ չունենք
Արդեն եկող տարի մենք բոլորովին այլ դատական համակարգ կունենանք
3-4 խոշորացված համայնքներում համայնքապետի թեկնածու ունենք. Աղվան...
Այլ...