Միայն երկրի առջև յուրաքանչյուրիս պատասխանատվության գիտակցումով է հնարավոր հասնել իրական փոփոխությունների. Կարեն Շախմուրադյան

Հարգելի ՛ գործընկերներ, կառավարության ծրագրի և կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ ուզում եմ նշել, որ այդ փոփոխությունների նպատակը և կառավարության ծրագրերը գրեթե միշտ լավն են լինում: Խնդիրը այդ նպատակների և ծրագրերի կյանքի կոչելն է, որովհետև ամենալավ ծրագիրն էլ ոչինչ չարժե, երբ կյանքի չի կոչվում,մնում է թղթի վրա: Շատ է խոսվում փոփոխությունների անհրաժեշտության մասին: Եթե մեզ իրական փոփոխություններ են պետք,ապա պետք է փոխենք մեր վերաբերմունքը երկրի ու պետականության նկատմամբ: Միայն երկրի առջև յուրաքանչյուրիս պատասխանատվության գիտակցումով է հնարավոր հասնել իրական փոփոխությունների: Խոսվեց պետական ապարատում պրոֆեսիոնալների ընդգրկման անհրաժեշտության մասին,իհարկե ողջունելի է և շատ ցանկալի, բայց բոլորս էլ հասկանում ենք,որ եթե մարդը որևէ ոլորտի արհեստավարժ մասնագետ է,ուրեմն այդ մարդը տվյալ ոլորտում կայացել է և պահանջված մասնագետ է՝ բավականին բարձր եկամուտներով: Ուրեմն ինչպե՞ս պետք է այդ մարդուն հրապուրենք պետական ծառայությամբ,որտեղ աշխատավարձը անհամեմատ ցածր է: Միանշանակ պետական ծառայողներին արժանավայել ապրելու համար անհրաժեշտ չափով վարձատրելով և սոցիալական լուրջ երաշխիքներ տրամադրելով: Հասկանալի է,որ նման բարդ տնտեսական պայմաններում և մեր ունեցած սուղ բյուջեով սա հեշտ իրագործելի խնդիր չէ, բայց սա պետք է դիտարկենք որպես ներդրում,որը իր արդյունքը անպայման կտա: Պետական ծառայողներին լուրջ սոցիալական երաշխիքներ տալով՝ հնարավորություն ենք ստանում բարձրացնել պետական ապարատի աշխատանքի արդյունավետությունը, ինչպես նաև ավելի արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ: Քանի որ տալով բարձր վարձատրություն՝ մի կողմից պետությունը կարող է պահանջել ավելի արդյունավետ և ազնիվ աշխատանք,մյուս կողմից էլ պետական ծառայողն է արդեն կաշկանդված ոչ միայն պատժվելու սպառնալիքից, այլ նաև լավ վարձատրվող աշխատանքը կորցնելու հեռանկարից: Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության առումով, կարծում եմ,նաև պետք է նախատեսված պատիժները ավելի խստացնել, որպեսզի յուրաքանչյուր մարդ իմանա,որ ցանկացած կոռուպցիոն գործարքի համար անխուսափելիորեն պատժվելու է: Անհրաժեշտ է նաև պետական ապարատի օպտիմալացում,բայց տնտեսության մեջ բավականաչափ աշխատատեղեր ստեղծելուց հետո: Շատ խոսվեց տնտեսական զարգացման տարբեր մոդելների մասին՝վկայակոչելով այս կամ այն երկրի փորձը: Իհարկե այդ փորձի ուսումնասիրությունը ողջունելի է: Բայց մեզ անհրաժեշտ է, միջազգային փորձից օգտվելով հանդերձ, առաջնորդվել տնտեսական զարգացման սեփական ռազմավարությամբ: Գաղտնիք չէ,որ ռեսուրսների տեսակետից Հայաստանը հարուստ երկիր չէ: Մեր ամենամեծ և հիմնական ռեսուրսը հայ մարդն է՝ իր աշխատասիրությամբ և ստեղծագործ մտքով,որը, ցավոք, վատ տնտեսական պայմանների պատճառով լքում է իր հայրենիքը: Արտագաղթի կասեցումն է,որ պետք է լինի մեր տնտեսական զարգացման հայեցակարգի հիմքում: Թվարկածս այն հիմնական խնդիրներն են,առանց որոնք հաշվի առնելու չեմ կարծում, թե հնարավոր է լուրջ առաջըթնաց ապահովել:

2016-10-05

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի ելույթը 2017թ....
ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի...
Ավելի հավակնոտ, թիրախավորված ծրագիր է. Աղվան Վարդանյանը՝ կառավարության...
...
Այլ...