Արմեն Ռուստամյան, Եկել է վարչապետ, ով հստակ սահմանել է, թե ելակետն ինչպիսին է լինելու

Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, պատասխանելով հարցին, թե ի՞նչը ստիպեց իշխանություններին գնալ կտրուկ փոփոխությունների, ասաց, որ այսօր բոլորին ակնհայտ է, թե ինչը պետք է փոխվի, և որքան էլ նախորդ կառավարությունները փորձել են ինչ-որ բան անել, սակայն չեն կարողացել այն տեմպով լուծել խնդիրները, ինչ արագությամբ դրանք կուտակվում էին: «Խնդիրները մեծ արագությամբ են կուտակվում, ուստի համակարգային փոփոխություններ են պետք, ներիշխանական խաղի կանոնների փոփոխություն է պետք, և դուք տեսնում եք, թե ինչ աշխույժ փոփոխություններ են տեղի ունենում»,- ասաց Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով՝ նոր վարչապետը բավական լուրջ, ոչ մի տաբուներով չկաշկանդված լրջագույն գործընթաց է սկսել, և այդ փոփոխությունները պետք է լինեն հստակ տրամաբանված ու նպատակային՝ բոլոր խնդիրներն արձանագրելով, թե որ ոլորտում ինչ խնդիր կա, ինչպես են լուծելու դրանք և ինչ ժամկետներում: Հարցին, թե արդյո՞ք առաջիկա խորհրդարանական ընտրությունները ստիպեցին գնալ կտրուկ փոփոխությունների, Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ փոփոխությունների գնալ ստիպեց այն փաստը, որ այսպես շարունակել այլևս հնարավոր չէ: Երկրում կուտակվել էին լրջագույն մարտահրավերներ, որոնք դանդաղ էին լուծում ստանում կամ լուծում չէին ստանում: Ահա, թե ինչու Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ հեռանում է, որ դուռ բացվի փոփոխությունների համար: Պատգամավորի խոսքով` եկել է վարչապետ, ով հստակ սահմանել է, թե ելակետն ինչպիսին պետք է լինի՝ հայտարարելով, որ տնտեսությունը շատ ծանր վիճակում է: Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ի պատասխան հարցի, թե ինչպես է վերաբերվում նրան, որ ՀՀԿ-ն, հնարավոր է, Վանաձորում դառնա ընդդիմություն՝ պատասխանեց, որ «հիմա բոլոր խաղաքարտերն ընդդիմադիր դաշտի ձեռքում են»: Նշենք, որ «Հայկական վերածնունդ» ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները երեկ հայտարարությամբ են հանդես եկել, որ Վանաձորի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետի թեկնածուի պաշտոնում սատարելու են «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածու Քրիստ Մարուքյանին: «Դրական եմ համարում, որ առաջին անգամ իշխանափոխություն է կատարվում, թեկուզ հանրապետության երրորդ քաղաքում: Ուրախ եմ, որ համաձայնության մասին է խոսվում, բայց ես դառը փորձ ունենալով՝ չէի շտապի»,-ընդգծեց Ռուստամյանը: Նա հորդորեց սպասել մինչև ավագանու նիստի ավարտը, որտեղ քվեարկությունը լինելու է գաղտնի, և քաղաքապետը պիտի հավաքի առնվազն 17 ձայն: Ըստ Ռուստամյանի՝ իրենք միշտ էլ խոսել են այն մասին, որ ընդդիմությունն էլ պիտի լծակներ ունենա, ու եթե Վանաձորում ընդդիմությունն ունենա քաղաքապետ, սա արդեն առաջընթաց կլինի: «Մենք այդ էինք ուզում, ես սա համարում եմ լավ նախադեպ, բայց նաև լավ կլինի, որ այդ լավ նախադեպը ինտրիգներով, ներքին խնդիրներով չձախողվի»,-եզրափակեց նա:

2016-10-07

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ընտանեկան բռնության կանխարգելումը բխում է մեր ազգային մտածողությունից....
Նման հավակնություններ չունենք
Արդեն եկող տարի մենք բոլորովին այլ դատական համակարգ կունենանք
3-4 խոշորացված համայնքներում համայնքապետի թեկնածու ունենք. Աղվան...
Այլ...