ՀՅԴ-ն դժգոհ է ՏԻՄ ընտրություններում Գյումրիում և Վանաձորում ստացած քվեներից(Դիտել տեսանյութը)

«Դաշնակցության Բյուրոն ներքին քննություն է անցկացնում Գյումրիի և Վանաձորի տեղական ընտրություններում կուսակցության գրանցած արդյունքների կապակցությամբ», - «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստայանը՝ չթաքցնելով, որ կուսակցությունում դժգոհ են երկու խոշոր քաղաքներում ստացած քվեներից: «Մենք դժգոհ ենք երկու մեծ քաղաքներում կայացած ընտրությունների արդյունքներից, և ես կարծում եմ, որ էստեղ պետք է շատ պարզ դառնա, որ դա մեզ, իհարկե, բոլորովին չի ընկճում, ողբերգություն դրանից չենք սարքում: Ընդհակառակը, մենք համարում ենք, որ քաղաքական ուժը կարող է ընտրությունների ժամանակ ունենալ նաև անհաջողություններ, բայց դրանից պիտի կարողանա եզրակացություններ անել, որը մենք իսկապես կատարելու ենք: Դրա համար եմ ասում՝ չկա չարիք առանց բարիքի․ որ դա տեղի է ունենում վեց ամիս առաջ համապետական ընտրություններից, սա մեր համար առիթ է, որ մենք լրջորեն վերանայենք մեր մոտեցումները, ավելի շտկենք մեր մեջքը, գնանք առաջ, որ համապետական ընտրություններում լավ արդյունք ունենանք»: Կիրակի օրը կայացած ընտրությունների նախնական արդյունքներով, Վանաձորում Դաշնակցությունը ստացել էր էր 2522 քվե, իսկ դաշնակցական մարզպետ ունեցող Շիրակի կենտրոն Գյումրիում՝ էլ ավելի պակաս՝ 2313 ձայն: Հրաժարական կտա՞, թե ՞ոչ այս տարվա մարտին կոալիցիոն հուշագրի շրջանակներում Շիրակի մարզպետի պաշտոնը ստանձնած Հովսեփ Սիմոնյանը․ այս հարցի պատասխանը ևս կախված է այժմ ընթացքող քննությունից: Ըստ Ռուստամյանի, քննող մարմինը մոտ տասը օրից կավարտի իր աշխատանքը, կներկայացնի հաշվետվություն, այնուհետև կկայացվեն որոշումներ․ - «Դա միայն Հովսեփի հետ կապված չի: Ընդհանրապես ամբողջ կառույցը, որ էդտեղ աշխատել է, կառույցի արդյունքներն են ի վերջո: Կուսակցությունն է կոնկրետ էդտեղ աշխատել, և մեր թիմի մեջ ուրեմն եղել են հարցեր, որոնք մենք պետք է էսօր վերլուծենք: Քննիչ մարմինը կգնա, կուսումնասիրի, բոլոր մանրամասնություններին կծանոթանա, կբերի պատկերը, և պատկերի վրա կկայացվի որոշում»: Ամեն դեպքում, Ռուստամյանի խոսքով, մի բանում կարելի է վստահ լինել, և քվեարկության արդյունքներն էլ վկայում են, որ իրենց մարզպետը Գյումրիում ադմինիստրատիվ լծակներ չի բանեցրել․ - «Սա ցույց է տալիս, որ մենք էդպիսի նպատակ չեն հետապնդել»: Ռուստամյանի կարծիքով, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներում գրանցված համամասնությունը չի կրկնվի: Կիրակի կայացած տեղական ընտրություններում, ըստ նրա, քվեներն ապահովվել են հիմնականում կլանային սկզբունքով․ - «Մարդիկ կան, որ ունեն չորս-հինգ հազար «ձայն»՝ իրենց անձով պայմանավորված: Էդ մարդը ինչ-որ կապեր, գերդաստանային հարաբերություններ․․․ զանազան ձևերով ունի ազդեցություն էդքան անձանց վրա: Եվ էդ մարդը, նայած թե արդեն որ ցուցակի մեջ է, ըստ այդմ էլ էդ ձայները գնում են նրան»: Դիտարկմանը, թե, սահմանադրական փոփոխությունների համաձայն, առաջիկա խորհրդարանական ընտրությունները անցկացվելու են ռեյտինգային ցուցակներով, և թաղային հեղինակությունները նույն սկզբունքով կարող են ձայն բերել այն կուսակցությանը, որի ցուցակում ներգրավվել են, Ռուստամյանն արձագանքեց, որ իրենք կփորձեն իրենց ցուցակում իրապես հեղինակավոր և արժանի մարդանց ընդգրկել․ - «Ես ո՞նց կարող եմ էդպիսի մարդ բերեմ իմ ցուցակ, բայց միևնույն ժամանակ պայքարեմ էդ տեսակի դեմ: Մի տեսակ կա, որը Դաշնակցությունը չի ընդունի՝ անկախ նրանից, թե ինքը ինչքան ձայներ ունի: Բայց քաղաքական ուժեր կան․․․ իրենց համար բացարձակ կապ չունի: Իրենց համար թիվն է կարևոր, տվյալ ընտրությանը հաջողություն ունենալն է կարևոր, և իրանք չեն խուսափում, և «ձայնից հոտ չի գալի, քվեաթերթիկից հոտ չի գալի» տրամաբանությամբ ում ասես կարող են բերել»: Ռուստամյանը վստահ է, որ ապրիլին նշանակված խորհրդարանական ընտրություններում քաղաքական բաղադրիչն ավելի մեծ կլինի․ - «Մեր կատարած ամբողջ փոփոխությունների իմաստը այն է, որ քաղաքական գիտակցությունը մեր ժողովրդի գնալով բարձրանա, իրենց վստահություն ձեռք բերեն, որ իրենց քվեարկությամբ է որոշվել այս կամ այն ընտրության արդյունքը»:

2016-10-08

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Շատերին պետք է, որ աղետալի լինի վիճակը երկրում. Արմեն Ռուստամյան
Քաղաքացին հաճախ պասիվ մասնակցություն ունի ՏԻՄ որոշումների կայացմանը....
Հայտնի է, թե ովքեր են խմբակցությունների ղեկավարները եւ քարտուղարները....
Մեզ ձեռնտու է մշտական հանձնաժողովների թիվը կրճատել, դարձնել...
Այլ...