Էլ տեղ չկա հիասթափեցնելու. ՀՅԴ-ն ամփոփեց կառավարության ծրագիրը (Դիտել տեսանյութը)

Արդեն հայտնել ենք, որ, մինչև կառավարության ծրագրի քննարկումը ԱԺ նիստում, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեցին կառավարության ծրագրի վերաբերյալ ՀՅԴ-ի տեսակետը: Խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը վստահություն հայտնեց, որ ծրագիրն համապատասխանում է մեր երկրում տիրող իրավիճակին: «Հստակ երևում է, որ խնդիրները ճիշտ են արձանագրված, և մինչև հիմա երկրի զարգացմանը խոչընդոտող խնդիրների լուծման շատ նորարարական մոտեցումներ կան, մեթոդաբանական և ոճի տարբերություն կա՝ նախորդ բոլոր ծրագրերի հետ համեմատած: Հիմա ոչինչ չի խանգարում, որ հենց այս պահից սկսենք փոփոխությունները: Այն մոտեցումը, որ մենք զգացել ենք վարչապետի մոտ, իսկապես մեզ ոգևորում է: Սրանք պարզ խոսքեր չեն միայն»,- ասաց նա: Պատգամավորը մանրամասնեց, որ ծրագրում ներառված դրույթները տանում են նրան, որ վերացվեն բոլոր այն օղակները, որոնք նպատակին չեն ծառայել: «Կոչված են դրա համար, բայց ոչ մի արդյունք չեն տվել: Ժողովրդի խոսքով ասած՝ կատուն պահում են, որ մուկ բռնի, եթե կատուն մուկ չի բռնում, էդ կատուն պետք չէ պահել: Այդպիսի բազմաթիվ կատուներ կային, որոնք համակարգի մեջ տարբեր օղակներով ամրապնդվել էին, իներցիոն ձևով անցնում էին մի կառավարությունից մյուս կառավարություն, բայց իրենց նպատակներին չէին ծառայում: Շատ հստակ քաղաքական կամք կա` դրանցից ազատվել, դա մեզ համար իսկապես ողջունելի է: Դա կբերի ծախսերի կրճատման և համակարգի օպտիմալացման, և ավելի պարզ կդառնա հասարակության համար` ով ինչով է զբաղված: Գլխավոր հարցը, որ մենք տեսնում ենք, կառավարության ճյուղերի տարանջատումն է, որովհետև մենք բազմիցս ասել ենք, որ կա շփոթ: Նույն պատասխանատվությունը կրում են տարբեր ճյուղեր: Կառավարություն անդամների լիազորությունները պետք է հստակեցվեն, դա կարևոր հաստատում է»,- ընդգծեց Ռուստամյանը՝ հավելելով, որ մյուս տարբերությունը, որ կա, տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումների հետ է կապված: «Նախկին շրջանների նման երկիրը պետք է խոշորացվի, և ընտրությունները բոլոր տեղերում տեղի ունենան համամասնական ընտրակարգով: 950 կամ դրան մոտ տեղական ինքնակառավարման մարմինները շատ են Հայաստանի համար: Համայնքները պետք է խոշորանան: Նաև համայնքների հետ կապված` խրախուսվում է համայնքային ոստիկանությունը, մինչև հիմա գոյություն ունեցել է, բայց` ձևական»,- նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը: Խոսելով կառավարության ծրագրում ամրագրված՝ կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող դրույթին, Ռուստամյանն ասաց, որ դա կարևորագույն դրույթ է: «Մեզ համար գլխավոր ուղղություն է եղել համակարգված դարձնել պայքարը` օրենսդրորեն ամրագրելով: Նաև նոր գաղափարներ կային՝ ապօրինի հարստացում, շահերի բախում, պետական գնումների ապարատում առկա խնդիրներ: Բավականին հստակ արձանագրված են այն քայլերը, որոնք պետք է կատարվեն այդ ուղղությամբ: Ծրագրում առկա են այն ռազմավարական խնդիրները, որոնք մենք նախապես ունեցել ենք համաձայանգրով»,- նշեց նա: Դիտարկմանը, թե նախկին ծրագրերն էլ վատը չեն եղել, պակաս թիրախավորած չեն եղել խնդիրները, և միգուցե վստահությունը Կարեն Կարապետյանի անձին է ուղղված, Ռուստամյանը պատասխանեց. «Կան հստակ ձևակերպումներ, որ նախորդ ծրագրերում չկան, բայց ամենագլխավորն անձինք են: Մենք զգում ենք, որ կա նաև քաղաքական կամք՝ այդ ամենը իրականացնելու: Վարչապետը շատ լավ հասկանում է, որ իրավիճակը ծանր է, և իրենից ակնակալիքները մեծ են, և նա առաջացրել է այդ ակնկալիքները, որոնք մեզ համար շատ գնահատելի են: Հերթական անգամ հիասթափեցնելը ոչ մեկիս շահերից չի բխում, մանավանդ, որ էլ տեղ չկա հիասթափեցնելու»ը: Խմբակցության քարտուղար Վարդանյանն էլ հավելեց, որ ամենաճշգրիտ բառը, որ կձևակերպի այս ծրագիրը, գործնականությունն է: «Այն շատ գործնական և կոնկրետ ծրագիր է: Սա մեր երկրի վիճակի ճշգրիտ ախտորոշումն է և դրանից բխող ճիշտ հարցեր ձևակերպելն է»,- ասաց նա: Իսկ Աղվան Վարդանյանը նշեց. «Օրինակ` նայենք գյուղատնտեսության ոլորտում անցյալ տարի որքան մթերում է և այս տարի` որքան,կտեսնեք, որ ակնհայտ ուռճացված թվեր են եղել անցյալ տարի, այս տարվա մոտ երեք անգամ պակասը: Գուցե էլի օբյեկտիվ թվեր չի արտացոլում, բայց այստեղ կան լրջագույն խնդիրներ, բայց երբ մտնում ես յուրաքանչյուր ոլորտի մեջ և տեսնում ինչ իրավիճակ է, ախտորոշում ես, արդեն քայլեր ես կատարում դրանք լուծելու համար: Մենք հասել ենք մի սահմանի, որ պետք է օբյեկտիվ, իրական պատկերը բացենք, դնենք մեր առջև և լուծումներ տանք: Այս կառավարության ծրագիրը մենք գնահատում ենք հենց այդպիսին»: Ռուստամյանի խոսքով էլ՝ կառավարման համակարգը պետք է դառնա օպտիմալ, որպեսզի սողանցքերը քիչ լինեն, բոլորն իրենց գործը կատարեն անշեղորեն և դրա արդյունքում կոռուպցիոն ռիսկերը կպակասեն:

2016-10-20

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ընտանեկան բռնության կանխարգելումը բխում է մեր ազգային մտածողությունից....
Նման հավակնություններ չունենք
Արդեն եկող տարի մենք բոլորովին այլ դատական համակարգ կունենանք
3-4 խոշորացված համայնքներում համայնքապետի թեկնածու ունենք. Աղվան...
Այլ...