ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն խորհուրդն ակտիվ աշխատում է. հերթական նիստին մասնակցել է նաև Կարեն Կարապետյանը. Արմեն Ռուստամյան

Հայաստանի Հանրապետական և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները օրերս քաղաքական համագործակցության շրջանակներում հանդիպում են անցկացրել, որին մասնակցել է նաև վարչապետ Կարեն Կարապետյանը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ նշելով, որ ստեղծված «4+4+1» ձևաչափի խորհուրդը (ՀՅԴ-ՀՀԿ-Սերժ Սարգսյան) քննարկել է նոր կառավարության ծրագիրը: - ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն քաղաքական համագործակցության արդյունքում որոշում ունեն պարբերաբար հանդիպելու: Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում նշանակելուց հետո կամ դրանից առաջ հանդիպում եղե՞լ է: - Եղել է, նշանակումից առաջ էլ, հետո էլ հանդիպել ենք: - Նշանակումից հետո երբ հանդիպել եք, ի՞նչ եք քննարկել: - Դե ինչ պիտի քննարկենք՝ երկրի վիճակը… Քի՞չ բան կա քննարկելու: Քննարկել ենք ծրագիրը, համադրել ենք մոր մոտեցումների հետ, առաջիկա անելիքներն ենք ուրվագծել, խորքային հարցեր ենք քննարկել: - Մասնավորապես ո՞ր հարցերի շուրջ եք ձեր մոտեցումները ներկայացրել: - 90 տոկոսով, եթե ոչ ավելի, Կառավարության ծրագրում արտացոլված են իշխանությունների հետ մեր համագործակցության մոտեցումները, որոնք արձանագրվել են հուշագրում: Այն խնդիրները, որոնք մենք կարևորում ենք, վարչապետն ընդգրկել է իր ծրագրում: Մանրամասն քննարկել ենք երկրում ստեղծված իրավիճակը, արտաքին ու ներքին խնդիրները, համադրել ենք մեր մոտեցումների հետ ու ընդհանուր հայտարարի եկել: - Վարչապետը մասնակցե՞լ է կոալիցիոն գործընկերների հանդիպմանը: - Այո, իհարկե: - Պարո՛ն Ռուստամյան, «4+4+1» ձևաչափի խորհուրդը (ՀՅԴ-ՀՀԿ-Սերժ Սարգսյան) հանդիպումներ է անցկացնում առանց պարբերականության ու փակ ռեժիմով, գաղտնի, ինչը ստիպում է շատերին թերահավատ մոտենալ այս ֆորմատի նկատմամբ: - Երկու կողմերը եթե գոհ են այս ֆորմատից, թերահավատներն ովքե՞ր են: Ինչի՞ են թերահավատ: Մենք բավարարված ենք այս ձևաչափով, դրանք օգտակար են: Անընդհատ աշխատանքային կարգով հանդիպումների մեջ ենք, բազմաթիվ հարցեր են լինում, որոնք համաձայնեցնելու կարիք ունեն ու առանց հանդիպումների չի լինի: Եվ անընդհատ հայտարարել, որ այ մենք սա ենք անում, նա ենք անում, երեկ հանդիպեցինք, վաղը հանդիպելու ենք՝ անհրաժեշտ չէ, դրա կարիքը չկա: Չկա մի հարց, որը կարևոր նշանակություն ունենա, մենք չքննարկենք: - Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունն այս խորհրդում ինչո՞վ է այս դեպքում կարևոր: - Մենք խնդրել ենք, որ Սերժ Սարգսյանը նախագահի մեր կոալիցիոն նիստերը: Աշխատում ենք, այս ձևաչափի միջոցով համակարգում հարցեր, համադրում ենք մեր տեսակետները, քննարկումներ անցկացնում, համաձայնում… - Համագործակցության հուշագրում ներառված խնդիրներից որևէ մեկը լուծվե՞լ է: - ՀՀԿ-ի հետ մեր համագործակցության ուղղությունները, որոնք ամրագրված են կոալիցիոն հուշագրում, մենք վերածել ենք գործողությունների ծրագրի: Դրա հետ կապված նախնական մեծ աշխատանք արդեն իսկ կատարել էինք: Բայց, երբ առաջացավ նոր կառավարության ծրագիրը գրելու անհրաժեշտություն, մենք մեր կատարած ողջ աշխատանքը օգտագործեցինք այդտեղ, այդ ամենը արտացոլված է կառավարության ծրագրում: Ուստի անհրաժեշտություն չկար առանձին գործողությունների ծրագիր անցկացնել:

2016-10-27

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
ՀՅԴ-ի համար տարբերություն կա, թե ով կլինի 2018թ. վարչապետի թեկնածուն,...
...
Ես չեմ երազում Վանոյի ժամանակների մասին. Ռուստամյան
Մեր երկրում մենք որևէ թշնամի չունենք. Ռուստամյանը՝ այլ ուժերի...
Այլ...