ՀՅԴ-ն չի բացառում, որ Սերժ Սարգսյանը զբաղեցնի վարչապետի պաշտոնը

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը (ՀՅԴ) չի բացառում, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո նախագահ Սերժ Սարգսյանը զբաղեցնի վարչապետի պաշտոնը: «Ես ոչ մի բան չեմ բացառում։ Քաղաքականության մեջ իմ հիմնական մոտեցումն այն է եղել, որ երբեք որևէ բան պետք չէ բացառել։ Իրավիճակները փոխվում են, և դրա համար երբեք մի ասա երբեք։ Դա շատ կարևոր է բոլոր քաղաքական ուժերի և գործիչների համար, որովհետև տեսնում ենք՝ ինչքան են մի բան ասում, հետո այլ բան է տեղի ունենում», – «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Հիշեցնենք, մոտ երկու տարի առաջ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարեց, որ խորհրդարանական համակարգին անցնելու դեպքում ինքը չի հավակնի վարչապետի պաշտոնին: «Ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար։ Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին։ Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում», – ասել էր նախագահը։ Մինչդեռ սահմանադրական փոփոխություններից հետո, այսօր արդեն, Սերժ Սարգսյանն այդ հնարավորությունը չի բացառում։ Անցած շաբաթ Al Jazeera-ին տված հարցազրույցում Սարգսյանն ասել էր, թե իր վարչապետ դառնալու հարցը պայմանավորված է ընտրություններում իշխող Հանրապետականի ստացած քվեների քանակով: «Որպեսզի ես այդպիսի տարբերակ դիտարկեմ, առնվազն մեր կուսակցությունը պետք է ընտրություններում շատ լավ քվե ստանա», – ասել էր նախագահը։ Սահմանադրական փոփոխությունները պաշտպանած և երկրի խորհրդարանական մոդելի ջատագով Դաշնակցության խմբակցության ղեկավարը համաձայն չէ, թե երկրի կառավարման մոդելը փոխելով՝ Սերժ Սարգսյանը իշխանության ղեկին մնալու հնարավորություն ստացավ։ Արմեն Ռուստամյանը շեշտում է, որ իրենց համար կարևոր է, թե ինչպես կանցնեն 2017-ի խորհրդարանական ընտրությունները։ Եվ եթե ընտրությունների արդյունքների վրա որևէ մեկը չկասկածի, ապա, ըստ Ռուստամյանի, Սերժ Սարգսյանի մնալու հարցը ոչ մեկին չի հուզի։ «Եվ այդ ընտրությունների արդյունքների վրա, որ որևէ մեկը չկասկածի, արդյո՞ք որևէ մեկի համար էլ խնդիր կառաջանա, թե Սերժ Սարգսյանը մնա՞ց, թե՞ գնաց։ Վերցնենք տարբեր երկրների օրինակներ, կան, չէ՞, որ մի քանի անգամ նույն քաղաքական ուժն իր իշխանությունը պահպանում է, հիմա այնտեղ վերարտադրվո՞ւմ են, թե՞ վերընտրվում են։ Ոչ ոք չի կասկածում, չէ՞, իրանց ընտրվելու գործընթացների վրա, դրա համար չի ասում՝ վերարտադրվել են։ Ես էլ նույնն եմ ասում՝ եթե Հայաստանում մենք իսկապես ունենանք ընտրությունների նորմալ անցկացման ավանդույթ, այդ ժամանակ հարց չի առաջանա՝ Սերժ Սարգսյանը կմնա՞, թե՞ կգնա, քաղաքական ուժը, որն իշխում էր, մնա՞ց, թե՞ գնաց։ Այնպես արեք, թող չմնա, դուք ունեք այդ հնարավորությունն անելու, թող ժողովուրդն արդեն մտածի, որ փոխվել է վիճակը և պետք չէ մեղադրել ուրիշներին, այս համակարգը պատասխանատվություն է առաջացնում բոլորի համար կոնկրետ», – ասաց Ռուստամյանը։ Հարցին, որ եթե այնուամենայնիվ նման որոշում կայացվի, որպեսզի Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնը ստանձնի, Դաշնակցությունը կողջունի՞ այդ քայլը, թե՞ կարծում է, որ Սերժ Սարգսյանը չպետք է լինի ո՛չ նախագահ, ո՛չ վարչապետ, ՀՅԴ խմբակցության ղեկավարը պատասխանեց. – «Մենք անձերի հետ, նորից եմ ասում, երբեք խնդիր չենք ունեցել, մենք ունենք հարց նորմալ, արդար համակարգ ձևավորելու հետ կապված, և դա էլ անում ենք։ Հիմա ասում եմ՝ փոխել ենք ընտրական համակարգն այնպես, որ ես վստահ եմ, որ աննախադեպ ընտրություններ են լինելու, և այդ առումով մենք ունենք հնարավորություն իշխանություն փոխելու ընտրությունների միջոցով, ոչ թե արյուն թափելու միջոցով։ Սա գլխավոր հարցերից մեկն է։ Երկրորդը՝ ինչպիսին էլ լինի այսօր Սերժ Սարգսյանի կարգավիճակը հետագա, նա չի կարող ունենալ այն լիազորությունները, ինչ որ ուներ այս համակարգով։ Սա նույնպես շատերը դեռ չեն հասկացել, բայց կհասկանան։ Այսօր, եթե վերցնեն, կարդան, մի քիչ աչքերը բաց նայեն, կտեսնեն, որ վարչապետը չունի այն լծակները, ինչ որ ունի այսօրվա գործող նախագահը, այսինքն՝ նույն նախկին Սերժ Սարգսյանն այլևս չի կարող լինել որևէ ձևով»։ azatutyun.am

2016-10-31

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի ելույթը 2017թ....
ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի...
Ավելի հավակնոտ, թիրախավորված ծրագիր է. Աղվան Վարդանյանը՝ կառավարության...
...
Այլ...