ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ. Աղվան Վարդանյանի հայտարարությունը Ազգայի Ժողովի 2016 թ. նոյեմբերի 15-ի նիստում.

Հարգելի խորհրդարան, սիրելի հայրենակիցներ, Մեր երկրում փոփոխություններ են: Ավելի ճիշտ՝ փոփոխությունների սաղմեր: Այն, ինչ տարիներ սպասում, ասում, պահանջում էինք: Առայժմ՝ միակողմանի փոփոխություններ. տնտեսությունը կարգավորելու, աշխուժացնելու փորձեր: Խաղի նոր կանոններ՝ քաղաքական կամք դրսևորելու հայտարարություն, ստվերի, կոռուպցիայի դեմ պայքարելու, հավասար մրցակցային պայմաններ ապահովելու, ավելորդ օղակներից ազատվելու, հանրային բարիք ստեղծողներին աջակցելու, պետականության հանդեպ վստահություն սերմանելու խոստում: Առայժմ՝ խոստում: Ասել ու կրկնում ենք՝ հոգով, մտքով, աշխատանքով մենք այդ փոփոխությունների կողմնակիցն ենք: Ներսում ու դրսում: Ովքեր դիմադրելու են, նրանց հետ ճանապարհ չունենք: Բայց հենց այս՝ նախնական փուլում պարտավոր ենք նաև ասել հետևյալը. երկիրը, պետականությունը միայն տնտեսություն չէ: Տնտեսությունը ընդամենը հիմքն է որևէ ժողովրդի հոգևոր-մշակութային կենսունակության, ազգային զարթոնքի: Մեր դեպքում՝ հայկականության պահպանման: Եվ եթե չենք կարողանալու, տնտեսական բարեփոխումներին զուգահեռ, նաև հոգևոր-մշակութային ոլորտում որակ փոխել, արդյունքն անարդյունք է լինելու: Իսկ այստեղ ավերակներ են, խոցեր: Արժեքների, չափանիշների անկում: Մենք երեք մարդ չունենք, ում հանրության գոնե հիսուն տոկոսը անվերապահ վստահում է: Հայոց լեզուն աղավաղվում է ամեն վայրկյան: Մեր եկեղեցին խոր ռեֆորմացիայի կարիք ունի: Երևանում վերջին գրախանութներն են փակվում: Էջմիածնում փողոց են անվանակոչում հայկական երգարվեստից մղոններով հեռու մեկի անունով: Մեր երեխաները մեր ու աշխարհի բարձր արվեստին գրեթե չեն առնչվում: Տնտեսությունը՝ տնտեսություն, բայց Հանրապետության նախագահին ու կառավարությանը հորդորում եմ խրվել նաև այս հարցերի մեջ: Նոր Մատենադարանը, Կոմիտասի թանգարանը վկայում են, որ կարող ենք: Քաղաքացիական պատասխանատվություն, հանրային կյանքում ամենօրյա ներկայություն եմ պահանջում հոգևոր-մշակութային արժեք ստեղծած, որքան էլ զարմանալի հնչի, մեր բազմաթիվ մտավորականներից: Մեր եկեղեցու՝ ծառայության գիտակցություն ունեցող, որքան էլ զարմանալի հնչի, բազմաթիվ հոգևորականներին հորդորում եմ բարեկարգել Աստծո տունը և այն վերադարձնել ժողովրդին: Կառավարությանը հորդորում եմ չեղարկել փողոցի անվանակոչումը և ետայսու բացառել նման խայտառակություն: Նույնից պահանջում եմ, թերևս մասնավոր-պետություն գործակցությամբ, Երևանի կենտրոնում գրքի արժանապատիվ տուն կառուցել: (Եթե կենտրոնում սրճարան-ռեստորանի տեղ գտնում եք, գրքի տեղ ստիպված եք գտնել): Պահանջում եմ՝ թեկուզ հենց ստեղծվելիք հատուցման հիմնադրամի միջոցներով ոչ միայն զոհված ու վիրավոր զինվորականների ընտանիքների հոգսը հոգալ, այլև սահմանին կանգնածների հոգևոր-մշակութային զարգացմանն աջակցել: Մենք իրավունք չունենք երկրորդ անգամ ձախողելու ազգային-պետական հավանական զարթոնքը: Հավատում եմ՝ սա նոր ընթացքի սկիզբ է: Վստահ եմ՝ միայն այսպես՝ զուգահեռ գերակայությամբ՝ տնտեսության և հոգևոր-մշակութային ասպարեզներում որակական փոփոխությամբ է երկիրը դուրս գալու վստահության ճգնաժամից: Միայն այդպես է ամրապնդվելու մեր անկախությունն ու ինքնուրույնությունը: Այդպես ենք հարգանք պարտադրելու մեր ժողովրդի, մեր պետականության հանդեպ: Հայկականության հանդեպ:

2016-11-15

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ընտանեկան բռնությունների կանխարգելման նախագծում շտկումների...
Դա մեծ հարված էր Հայաստանին, երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի...
Մենք ձեռք ենք բերում մի գործընկեր, եւ 2022 թ. ունենալու ենք լիովին...
Եթե դիմացինդ անբանակցելի է, դու չպետք է միջազգային հանրությանը...
Այլ...