ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ, ՎԱՐՔ ՓՈԽԵԼՈՒ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՆՔ. Աղվան Վարդանյանի ելույթը Ազգային ժողովի նոյեմբերի 16-ի նիստում

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի քննարկման ժամանակ Հարգելի խորհրդարան, Ամեն ինչից կարելի է խոսել: Կարելի է դժգոհել, բողոքել, շահարկել, ամբոխավարություն անել: Լեզուն ոսկոր չունի: Մանավանդ՝ ընտրություններ են մոտենում: Մանավանդ՝ պատասխանատվության զգացումը, կարծես, հեռանում է այս դահլիճից: Տնավորվում է խոսքի ու գործի հակասականությանը: Բայց ի՞նչն է այս օրենքի բուն բովանդակությունը: Առաջին անգամ հայրենիքի պաշտպանության համար զոհվածի ընտանիքը, ըստ աստիճանակարգման, կստանա 82 միլիոն, 70 կամ 58 միլիոն դրամ հատուցում: Առաջին անգամ հայրենիքի պաշտպանության ժամանակ հաշմանդամ դարձածները, ըստ աստիճանակարգման, կստանան 82, 70, 58, 53, 41, 29 միլիոն դրամ: Այսինքն՝ օրենքով երաշխավորվում է հայրենիքի պաշտպանությանը կյանք ու առողջություն տված մարդկանց ընտանիքների նվազագույն արժանապատիվ կեցությունը: Ինչը չի եղել ու չկա այսօր: Այո, վստահութան խնդիր կա: Այո, անցյալի սխալներն ու արատները չկրկնելու խնդիր կա: Բայց ե՞րբ և ո՞վ պետք է սկսի: Եվ ի՞նչու այս նախագիծը հենց այդ առիթներից մեկը չէ: Ամեն ինչից խոսելու փոխարեն ավելի ճիշտ չէ՞ բարելավել օրենքը, հանրային վերահսկողության մեխանիզմներ սահմանել, վստահության մթնոլորտ երաշխավորել: Համաձայն եմ՝ օրենքը պետք էր նախապատրաստել, հանրային, մասնագիտական քննարկումներ անել: Հիմա մի քանի առաջարկություն: Թող զարմանալի չթվա, բայց կոնկրետ նախագծի վերաբերյալ: 1. Սանդղակ սահմաննելու սկզբունքին կողմ ենք: Տարբերակները կարելի է քննարկել: Օրինակ՝ նվազագույն աշխատավարձից բարձր, բայց մինչև 100 հազար վարձատրության դեպքում՝ 500 դրամ, 100-ից 200 հազարի դեպքում՝ 1000 դրամ, 200-ից 500 հազարի պարագայում՝ 2000 դրամ, 500 հազարից բարձր՝ 5000 դրամ: 2. 23-րդ հոդվածով առաջարկվում է ստեղծել երեքից յոթ անդամ ունեցող գործադիր հանձնաժողով: Առաջարկում եմ կոնկրետ թիվ՝ հինգ: 3. Լավ է, որ առաջին հինգ տարին հիմնադրամը կառավարելու են Կենտրոնական բանկի աշխատակիցները՝ հասարակական հիմունքներով: Բայց քննարկման թեմա է հոդված 21-ի 2-րդ մասի՝ հիմնադրամի տարեկան վարչական ծախսերը նախորդ տարվա ընդհանուր ակտիվների մինչև 0,5 տոկոս և նույն հոդվածի 3-րդ մասի՝ կառավարման ընդհանուր ծախսերը միջոցների մինչև 2 տոկոս թույլատրող սահամանաչափերը: 4. 24-րդ հոդվածով առաջարկվում է հիմնադրամի հոգեբարձուների 9 հոգանոց խորհուրդ ստեղծել: Երեքին՝ նշանակում է կառավարությունը, երեքին՝ Կենտրոնական բանկը: Հետո այս 6-ը ընտրում են մյուս երեքին: Կարծում ենք՝ ճիշտ կլինի առնվազն 2 թեկնածու առաջարկի խորհրդարանական ընդդիմությունը: Թերևս արժե խորհրդակցական ձայնի իրավունքով ներգրավել սփյուռքի ներկայացուցիչներին: Ասենք՝ Հայաստան համահայկական հիմնադրամի խորհրդի կազմակերպություններից: 5. Ու՞մ վրա պետք է տարածվի օրենքը, հետադարձ ուժ պե՞տք է ունենա, թե՞ ոչ: Ապրիլյան օրերից հետո վտահության պակասը խառնաշփոթ ստեղծեց: Հազարավորները օգնում էին՝ ով ում գտնում էր: Կազմակերպված մեխանիզմ չկար: Բոլորը ստացան ինչ-որ բան, բայց խիստ տարբեր չափերով: Նախորդ պատերազմի մասնակիցների պարագան շատ ավելի բարդ է: Մի անգամ ասել եմ՝ Շուշիի ազատագրմանը մոտ 1000 մարդ է եղել, 4 հազար հոգի մեդալ ունեն: Կռված-չկռված ազատամարտիկի թուղթ ունեն: Իրական հաշվառում գոյություն չունի: Նախորդ կառավարությունը խոստացավ անել, չարեց: Այդ խնդիրը այսօր էլ առկա է ոչ միայն հասցեկանության, այլև՝ բարոյահոգեբանական առումով: Կարծում ենք՝ միջոցների առկայության դեպքում, հատուկ դրույթով պետք է երաշխավորել, որ առնվազն ապրիլյան օրերի հերոսներին պետք է հատուցել հիմնադրամից: 6. Կամավորության սկզբունքով սփյուռքին ներգրավելու անհրաժեշտությունն ակնհայտ է: Բայց՝ ճիշտ մոտեցումներով ու քայլերով: Ազգային տուրքի գաղափարը հարկ է հասունացնել ու մեխանիզմներ գտնել: 7. Այստեղ ամենաշատը արծարծվեց ապօրինի հարստացածի ու չունևորի, ներքին թշնամանքի թեման: Հիմքեր կան, անշուշտ: Առաջարկում ենք՝ հրապարակայնացնել հիմնադրամին առաջին ամիսը, 1000 դրամից բացի, կամավոր ավելի գումար վճարածների անունները: Թող պարտավորված զգան ու փորձեն մեղմել մթնոլորտը: Հարգելի խորհրդարան, Մենք նոր սկիզբ դնելու, մտածողություն, վարք փոխելու խնդիր ունենք: Բանակը, զինվորը հենց այն առանցքն են, ում շուրջ կարող ենք ու պարտավոր ենք համախմբվել: Փորձենք այս նախաձեռնությունը կատարելագործել ու վստահության հիմքեր ստեղծել: Փորձենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինել:

2016-11-16

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ընտանեկան բռնության կանխարգելումը բխում է մեր ազգային մտածողությունից....
Նման հավակնություններ չունենք
Արդեն եկող տարի մենք բոլորովին այլ դատական համակարգ կունենանք
3-4 խոշորացված համայնքներում համայնքապետի թեկնածու ունենք. Աղվան...
Այլ...