Դաշնակցության համար սա սկզբունքային հարց է. Արմեն Ռուստամյան

Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում շարունակվում է բանակում փոխհատուցման համակարգն ապահովող հիմնադրամի ստեղծման հարցը: Պատգամավորները հանդես են գալիս ելույթներով: ՀՅԴ խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա ողջունեց պաշտպանության նախարարի այս նախաձեռնությունը, ով, առանց ժամանակ կորցնելու, փորձում է միս ու արյուն հաղորդել ազգ-բանակ գաղափարը: Ըստ պատգամավորի`դա շատ լուրջ գործընթաց է, որի սկիզբը դրվում է նման քայլերով, որովհետև դրա հետ է կապվում ազգային տուրքի գաղափարը: «Դաշնակցության համար սա սկզբունքային հարց է: Դաշնակցական տեսաբաններից Միքայել Վարանդյանը ժամանակին` դեռ 1910-ին, հրապարակել է մի աշխատություն, որում ասում է, որ, վերլուծելով հայ ժողովրդի վիճակը, ով շրջապատված է թշնամիներով, հանգել է եզրակացության, թե ինչպես պետք է հայ ժողովուրդը, հույսը իր վրա դնելով, կառուցի իր պաշտպանությունը: Դա նույն գաղափարն է, միայն թե նա այն անվանել է համաժողովրդական բանակ` հիմնավորելով, որ հայ ժողովուրդն այլ ճանապարհ չունի: Սա մի հայեցակարգ է, որ ցանկացած հայ ցանկացած պահի պետք է լինի կա'մ բանակի շինարար, կա'մ բանակի զինվոր»,- ասաց Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով` բոլոր այն քննադատությունները, որոնք հնչում են մարդկանց կողմից, ովքեր ընդունում են գաղափարը, բայց ասում են, որ շտկումներ են պետք, ինքը ողջունում է: Բայց բոլոր նրանք, ովքեր մերժում են գաղափարը, ըստ Ռուստամյանի, երևի լավ չեն հասկացել, թե մենք ինչ միջավայրում ենք ապրում ու ինչ մարտահրավերներ պետք է ազգովի հաղթահարենք: Պատգամավորի խոսքով` եկել է ռեսուրսները մոբիլիզացնելու, մեկ բռունցք դառնալու պահը: «Այո, թշնամու ջրաղացին պետք չէ ջուր լցնել, պառակտող բաներ ասել: Նա այս գաղափարից սարսափելու է, հենց տեսնի, որ հայ ժողովուրդը համախմբվել է իր սրբության սրբոցի` բանակի շուրջ, նա ռիսկ չի անի մեր վրա հարձակվել»,- ասաց Արմեն Ռուստամյանը: Նա չի ժխտում, որ կա անվստահության մթնոլորտ, որն իր ծանրությամբ կուտակվել է բոլորի վրա, բայց պետք չէ նմանվել մարդու, ով անընդհատ դժգոհում է խավարից` մի մոմ վառելու փոխարեն: «Ո՞վ պետք է խավարը ցրի, դու քո չափով քո մոմը վառիր, բայց նաև ազգովի պահանջենք, որ ով հազար մոմանոց լամպ ունի, նա էլ վառի, ստիպենք, որ նա դա անի: Եթե չի անի, այդ լամպը պետք է ձեռքից առնել»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ այսօր պաշտպանության հարցն առաջնահերթ է, և պետք է հասկանալ հարցի լրջությունը: ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու օրինագծին:

2016-11-16

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչու հենց այս փուլում աշխատանքից ազատվեց Արագածոտնի մարզպետը.
Ճիշտ կլինի՝ արտաբյուջետային գումարները ծախսվեն Սևանա լճի խնդիրների...
Կատաստրոֆա չէ. Աղվան Վարդանյան
Մինչև երբ պետք է շարունակվի նման հարցադրումներով հանդես գալու...
Այլ...