ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի ելույթը (խմբակցության տեսակետը) «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ

Բյուջեի ծավալները համեստ են, բայց շատն էլ կարելի է ապաշնորհ վարչարարության ու մսխումների դեմը չառնելու պարագայում փոշիացնել և նվազագույն արդյունքներ գրանցել, իսկ որակյալ և հմուտ կառավարման դեպքում քչով էլ կարելի է բարձր արդյունքների հասնել և հետագա զարգացման համար նոր հնարավորություններ առաջացնել: Ուստի, վստահ ենք, որ ներկայացված բյուջեն լիովին բավարար է հասնելու այնպիսի խնդիրների լուծման, որոնք ոչ այնքան ծախս են պահանջում, որքան կամք և կառավարման արդյունավետություն: Այդպիսի խնդիրներից կարևորում ենք հատկապես հետևյալ ուղղություններով կառավարության կողմից չափելի միջոցառումների, ծրագրերի իրականացումը: - Բյուջետային գործընթացի առավելագույն ավտոմատացմամբ ծրագրային բյուջետավորման համակարգի ներդնում: - Կառավարման համակարգի օպտիմալացում, ծախսերի սահմանափակում, ավելորդ բյուջեից սնվող, սակայն չծանրաբեռնված հիմնարկների կրճատում: - Քաղաքացիներին և տնտեսավարող սուբյեկտներին հասանելի վարկավորում և կեղեքիչ վաշխառության վերացում: - Ինքնաբավության մակարդակի հետևողական բարձրացմանը միտված տնտեսական քաղաքականություն: - Քաղաքացիների եկամուտների հետևողական ավելացմանը և գնողունակ խավի ընդլայնմանը միտված սոցիալական քաղաքականություն, ինչը հնարավորություն կտա գնողունակ պահանջարկի ձևավորմամբ էապես նպաստել տնտեսության զարգացմանը: - Համայնքների ֆինանսաբյուջետային անկախության մակարդակի բարձրացմանը միտված ժամանակակից և արդիական տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում: - Արդար մրցակցային պայմանների ապահովմամբ, առկա կապանքներից ձեռնարկատիրության ազատագրմամբ, գործարար շրջանակաների հետ փոխշահավետ համագործակցությամբ և նրանց համար կանխատեսելի և ընդունելի տնտեսական միջավայրի ձևավորմամբ ներդրումների խրախուսում և արտահանման խթանում: - Կոռուպցիայի դեմ պայքարի անկախ և ինքնուրույն ղեկավարմամբ հասարակության վստահությունը վայելող հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի հաստատում: Տնտեսական աճի այն ցուցանիշը, որը ամրագրել է կառավարությունը՝ 3.2 տոկոս, բավական պահպանողական է: Սակայն, համոզված ենք, որ տարածաշրջանային և ներքին կայունության պայմաններում տնտեսական աճն ավելի բարձր է լինելու: Պարզապես կառավարությանը կոչ ենք անում առաջին իսկ հնարավարության դեպքում անդրադառնալ քաղաքացիների եկամուտների բարձրացման քաղաքականությանը, որը ոչ միայն կարևոր սոցիալական, այլև տնտեսական նշանակություն կունենա՝ ավելացնելով ներքին սպառումը և տնտեսական շարժը երկրի ներսում: Մենք կողմ ենք քվեարկելու պետական բյուջեին, համոզված լինելով, որ կառավարությունը անդադար շարունակելու է աշխատել իր իսկ ծրագրով հռչակած թիրախները 2017 թվականին ապահովելու համար:

2016-11-18

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Շատերին պետք է, որ աղետալի լինի վիճակը երկրում. Արմեն Ռուստամյան
Քաղաքացին հաճախ պասիվ մասնակցություն ունի ՏԻՄ որոշումների կայացմանը....
Հայտնի է, թե ովքեր են խմբակցությունների ղեկավարները եւ քարտուղարները....
Մեզ ձեռնտու է մշտական հանձնաժողովների թիվը կրճատել, դարձնել...
Այլ...