Մենք նվազագույն շեմը հաղթահարելու խնդիր չունենք. Արմեն Ռուստամյան

Այսօր խորհրդարանում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության պատգաամավոր Ռուբեն Հակոբյանի՝ ՀՅԴ ցուցակով ընտրություններին մասնակցելու հարցին, լրագրողներին հայտնեց, որ նման քննարկումներ չեն եղել, դեռ այդտեղ չեն հասել: Ըստ նրա՝ այս պահին իրենք լուրջ պատրաստվում են սեփական ուժերով ընտրություններին մասնակցելուն, բայց իրենք էլ խնդիր ունեն` ընդլայնելու իրենց համակիր շրջանակը և գնալու ավելի մեծ թիմով, որովհետև նոր ընտրակարգն այդպիսի դաշտ է առաջացրել: «Այդ նորույթները, որ բերվել են, դրանց համապատասխան մենք լուրջ անելիք ունենք՝ գտնել այն անձանց, ովքեր Դաշնակցության հետ նույն տրամաբանությամբ կարող են երկրի առջև ծառացած խնդիրների մեջ պատասխանատու լինել: Նրանք պետք է առնվազն ամբողջությամբ կիսեն ՀՅԴ արժեհամակարգը, որովհետև Դաշնակցությունը հայտնի է իր շատ հստակ ձևակերպված գաղափարախոսությամբ, և որևէ մեկը մեզ հետ չի կարող լինել` այդ գաղափարախոսությունը չընդունելով»,- ասաց դաշնակցականը: Ինչ վերաբերում է Ռուբեն Հակոբյանին, Ռուստամյանը նշեց, որ ժամանակին նա եղել է ՀՅԴ անդամ, բայց իրենք նրա հետ չեն խոսել, ոչ էլ այդպիսի հարց է օրակարգ բերվել: «Հակոբյանի հետ էլ, մյուս բոլորի հետ էլ, ովքեր Դաշնակցությունում ժամանակին եղել են, մենք ունենք նորմալ հարաբերություններ, որովհետև եթե նրանք ինչ-որ ժամանակ եղել են ՀՅԴ-ի մեջ, պատահական չեն եղել, բոլորն էլ, բնականաբար, ընդունել են Դաշնակցության գաղափարախոսությունը, և անգամ` եթե հիմա դուրս են Դաշնակցության կառույցից, այդուամենայնիվ, այդ գաղափարախոսությունը կրողներն են: Դա մարդու տեսակի մեջ է, հոգու մեջ է»,- ասաց նա: Լրագրողները նաև հետաքրքվեցին` ճի՞շտ են այն խոսակցությունները, թե ՀՅԴ Սփյուռքի կառույցները դեմ են Դաշնակցության վարած քաղաքականությանը և դադարել են ֆինանսավորել, Ռուստամյանն արձագանքեց. «Բացարձակ որևէ հիմք չկա մեր կառույցի մեջ ինչ-որ բան գտնելը: Միշտ փորձեր կատարվում են, բայց դրանք անողները տեսնում են, որ դա այդպես չէ, որ որևէ պառակտում գոյություն չունի: Ես վերջերս վերադարձել եմ Ավստրալիայից, տեղի մեր կառույցն ամբողջությամբ, լիարժեք հավանություն է տալիս մեր վարած քաղաքականությունը»: Նա հավելեց նաև. «Մենք հատուկ ջանք չենք գործադրում ինչ-որ զարտուղի ճանապարհներով լրացուցիչ ֆինանսներ ձեռք բերելու ուղղությամբ: Մենք ամեն տեսակի ֆինանսավորում ձեռք չենք բերում, որովհետև պետք է նկատի ունենաս, որ քո որակը կարող է դրանից տուժել»: Հարցին՝ միշտ ասվում է, որ դուք ունեք ձեր մշտական` 5 տոկոս ձայները, Հանրապետականի հետ համագործակցությունից հետո այդ տոկոսը սասանվե՞լ է, թե՞ ոչ, Ռուստամյանը պատասխանեց. «Դաշնակցության այդ մշտական տոկոսը երբեք չի սասանվել, որովհետև դա բնորոշ է հենց գաղափարական կուսակություններին: Նրանց տոկոսը կարող է շատ թռիչքային չլինել, բայց շատ կայուն է, դա խոսում է կուսակցության գաղափարականության մասին: Մենք միշտ ասում ենք այն, ինչում համոզված ենք, և վստահ ենք, որ հենց դա է պետք ժողովրդին, ոչ թե, երբ հանդես ենք գալիս պոպուլիստական հայտարարություններով: Միշտ էլ հաղթահարել ենք այդ շեմը, բայց մենք նվազագույն շեմը հաղթահարելու խնդիր չունենք: Մենք մեր երկիրը սկսված պրոցեսների հիման վրա առաջ տանելու խնդիր ունենք: Մենք դերակատար ենք եղել այս նախադրյալները ստեղծելու հարցում, համահեղինակ ենք եղել այս ամենին, եթե չասեմ` հիմնական պահանջատերն ենք եղել, և հիմա սխալ կլինի, որ մյուս քայլերը կյանքի կոչելու, խորացնելու, գործընթաց սկսելու մեջ դերակատար չլինենք»:

2016-12-07

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ազգ-բանակը ոչ թե ագրեսիվ ռազմականացման խնդիր է լուծում, այլ պաշտպանության...
Շնորհավոր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը:
Ռուստամյանը՝ Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցելու...
ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն կոալիցիոն բանակցությունների մեջ են. Արմեն Ռուստամյանը...
Այլ...