Այս պահի դրությամբ ՀՅԴ-ում դաշինք կազմելու հարց չի քննարկվում. Աղվան Վարդանյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը անդրադարձավ մի քանի ներքաղաքական հարցերի: Այն հարցին, արդյո՞ք այլ քաղաքական ուժերի հետ քննարկվում է դաշինք կազմելու հարցը, Աղվան Վարդանյանը նշեց, որ այս պահի դրությամբ դաշինքի հարց չի քննարկվում, նման օրակարգ առայժմ չկա, և որ 99 տոկոսով ՀՅԴ-ն ընտրությունների կգնա առանձին: «Բայց քաղաքականության մեջ երբեք մի ասա երբեք, բայց այսօր մենք որևէ բանակցություն չենք վարում»,- ասաց Աղվան Վարդանյանը: Լրագրողները հետաքրքրվեցին, ինչպես է վերաբերում պատգագամավորը արդեն կազմված դաշինքներին, որոնցից է «Ելք» դաշինքը, որը միավորում է «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» կուսակցությունները, Աղվան Վարդանյանը նշեց, որ խորհրդարանական կառավարման համակարգում այն քաղաքական ուժերը, որոնք տեղ կգտնեն խորհրդարանում, հնարավորություն կունենան զարգանալ, աճել, ընդլայնվել ու ազդեցություն ունենալ: Ովքեր որ տեղ չեն գտնի խորհրդարանում, կփորձեն միավորվել, դաշինքներ կազմել: «Շատ գովելի ու ողջունելի է ցանկացած միավորում, դաշինք ստեղծելու ցանկացած փորձ: Ուզում եմ, որ մեր քաղաքական ուժերը, անկախ քաղաքական տարբեր ճամբարներում գտնվելու փաստից, գիտակցեն, որ Դաշնակցության պնդմամբ էր, որ նոր Սահմանադրության մեջ արձանագրվեց դրույթը, որ ընդդիմությունը խորհրդարանում պետք է ունենա տեղերի առնվազն 30 տոկոսը: մենք իշխանություն ենք, թե ոչ, կապ չունի, մենք գիտակցում ենք, որ առանց ընդդիմության մեծ ներկայությւան, բալանսի ու հակազդեցության, հնարավոր չէ երկիրը զարգացնել: Այնպես որ ողջունում ու բարի ճանապարհ ենք մաղթում դաշինքներին»,- ասաց Աղվան Վարդանյանը: Աղվան Վարդանյանն անդրադարձավ նաև նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի քաղաքական գործունեության մասին հարցին: Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանը հայտարարել է քաղաքական գործունեության մեջ ակտիվ մասնակցության մասին: Առայժմ հայտնի չէ, թե ինչ ձևաչափով է Սեյրան Օհանյանը մասնակցելու քաղաքական գործընթացներին: Աղվան Վարդանյանի գնահատմամբ Սեյրան Օհանյանը նոր չի մտնում քաղաքականության մեջ, քանի որ զբաղեցրել է քաղաքական բարձր պաշտոն` լինելով նախարար, իշխանության թիմի անդամ: «Սեյրան Օհանյանի ոլոշելիքն է` իր հետագա քայլերը, սա քաղաքական խումբ փոխել է, թե փոխել չէ, դա ինքն է որոշելու: Եթե ցանկություն ունի, դա իր իրավունքն է: Տեսնենք, ինձ հետաքրքիր է, թե ներքին զարգացումների առումով ինչ ձևաչափվ ու թիմով է նա գալու ասպարեզ»,- ասաց Աղվան Վարդանյանը: Հարցին, թե հնարավո՞ր է պատկերացնել Սեյրան Օհանյանին ընդդիմադիր դաշտում, պատգամավորը նշեց, որ յուրաքանչյուր մարդ ինքն է որոշելու իր օրակարգը: «Եթե Սեյրան Օհանյանը կստեղծի ձևաչափ, միավորում և իր խնդիրները կձևակերպի որպես ընդդիմություն, ուրեմն կդառնա ընդդիմություն, բայց կրկնում եմ, Սեյրան Օհանյանը նոր չէ քաղաքականության մեջ, նա եղել է քաղաքական թիմի անդամ»,- ասաց Աղվան Վարդանյանը: Ինչ վերաբերում է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթին, որտեղ նա խոսում է ԼՂ հարցով փոխզիջումների անհրաժեշտության մասին, Աղվան Վադրանյանը նշեց, որ այդ ելույթում որևէ նոր բան չկար, միակ նոր բանը և լավ բանը ելույթի վերջին նախադասությունն էր, որ մեր մեծագույն հպարտությունը Հենրիկ Մխիթարյանն է: «Խոսել փոխզիջումների մասին, երբ մի կողմը որևէ բան չի ցանկանում զիջել, անիմաստ է: Մենք ունենք հնարավորություն, ներքին ռեսուրսները մոբիլիզացնելու մեծ ներուժ, համազգային էներգիան կուտակելու ներուժ, ուրեմն կարող ենք, ուղղակի պարտավոր ենք մեր ներսի խնդիրները լուծել ինքներս, դրանով հզորացնել մեր անվտանգությունը»,- ասաց Աղվան Վարդանյանը: Հարցին, թե արդյո՞ք խորհրդարանական ընտրություններից հետո ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիա կկազմի, Աղվան Վարդանյանը նշեց, որ այսօր ՀՅԴ-ն իր առջև դրել է խնդրների մի համախումբ, և կախված ընտրությունների արդյունքներից, պարզ կլինի նաև կոալիցիայի հարցը: «Դուք գիտեք, որ քաղաքական համաձայնագիրը անժամկետ է, և եթե ԱԺ ընտրությունների արդյունքները հնարավորություն կտան,ապա ՀՅԴ-ն կկարողանա լուծել իր առջև դրած խնդիրները:Հանրապետական կուսակցությունը շատ բազմաշերտ, բազմատարր ու բազմադեմ քաղաքական ուժ է, ինչպես ցանկացած իշխանության ուժ, բայց այն խնդիրները, որոնք կարողացել ենք միասին ձևակերպել, դրանք մեր երկրին անհրաժեշտ հիմնարար խնդիրներ են»,- ասաց Աղվան Վարդանյանը:

2016-12-26

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ազգ-բանակը ոչ թե ագրեսիվ ռազմականացման խնդիր է լուծում, այլ պաշտպանության...
Շնորհավոր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը:
Ռուստամյանը՝ Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցելու...
ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն կոալիցիոն բանակցությունների մեջ են. Արմեն Ռուստամյանը...
Այլ...