Այսօր ամենամոդայիկ բառը «դաշինք»-ն է դարձել, բայց ՀՅԴ-ն մոդայիկ չէ, ՀՅԴ-ն մոդան թելադրողն է. Աղվան Վարդանյան (Մանրամասները՝ տեսանյութում)

ՀՅԴ-ի նախընտրական ցուցակը դեռ վերջնական պատրաստ չէ: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ նշելով, որ համապատասխան ժամկետներում կներկայացնեն այն: Պատգամավորն ասաց, որ համամասնական ցուցակի եռյակը շատ չի տարբերվի իրենց նախորդ ցուցակներից: Աղվան Վարդանյանն ասաց, որ Դաշնակցությունն այսօր «մոդա թելադրող» քաղաքական ուժ է, ոչ թե մոդայիկ, ինչպիսին են այն ուժերը, ովքեր փորձում են դաշինքներ կազմել: - Քաղաքական ուժերն այսօր զբաղված են նախընտրական ցուցակների կազմմամբ: 2017թ.-ի խորհրդարանական ընտրությունների ՀՅԴ նախընտրական ցուցակները ե՞րբ պատրաստ կլինեն: - Ցուցակները դեռ վերջնական պատրաստ չեն: Համապատասխան ժամկետներում այն կներկայացնենք: Մեր ընտրատարածքային շտաբներն այսօր ինտենսիվ աշխատում են ռեյտինգային ցուցակների ցանկի ձևավորման վրա: Ճիշտ ժամկետներում մեր բոլոր փաստաթղթերը, կուսակցության համամասնական ու ռեյտինգային ցուցակները պատրաստ կլինեն: - Մամուլը գրեց այն մասին, որ ՀՅԴ-ն օգնություն է խնդրել ՀՀԿ-ից ռեյտինգային ցուցակներում «մարդկանց ընդգրկելու» համար: Այդպե՞ս է: - Ուշադրություն մի դարձրեք նման լուրերին, շան տեղ մի դրեք: ՀՅԴ-ի մարդկային ռեսուրսները լի ու լի բավարարում են: ՀՅԴ-ն այսօր այն կազմակերպված ուժն է, որը հանրապետության բոլոր տարածքներում ունի իր կառույցները, քաղաքական մեծ թիմը: Մենք ընտրությունների ենք գնալու ոչ միայն ՀՅԴ-ական կուսակցականներով, այլև մեր արժեքները կիսող համակիրներով: Մեր ռեսուրսները լի ու լի բավարար են: - Ո՞ւմ եք ձեզ մրցակից համարում: - Բոլորին: Այսօր ընդհանուր փնտրտուք է ընթանում՝ դաշինքներ կազմելու, միավորումներ ստեղծելու ուղղությամբ: Բոլորն էլ մրցակիցներ են: Բայց ի տարբերություն շատերի մենք ունենք մեր առավելությունները: Վստահ եմ, որ նաև մեր շնորհիվ բարեփոխված նոր կառավարման համակարգը, այնպիսի քաղաքական ուժերի տեղն է, ինչպիսին է Դաշնակցությունը, այսինքն՝ կայուն, հետևողական, սկզբունքները մշտապես պահպանած: Երկրի արտաքին ու ներքին խնդիրներն այսուհետ լուծվելու են խորհրդարանում, ուստի ԱԺ-ում որքան շատ լինեն սկզբունքային քաղաքական ուժերն, այնքան պետությունն ամուր դիրքեր կունենա: - Ինչպե՞ս եք մրցակցելու իշխող ՀՀԿ-ի հետ, երբ քաղաքական համագործակցության հուշագիր ունեք, իշխանության մաս եք կազմում, բայց միևնույն ցուցակով կամ դաշինքով չեք մասնակցում ընտրություններին: - Ամեն ինչ շատ պարզ է: Հիմա քաղաքական դաշտում ձևավորվում են դաշինքներ, ուժեր, որոնք այսօր իշխանության մաս չեն, բայց նրանք էլ չէ՞ միմյանց հետ մրցակցելու են: Երեկ կարդացի, որ նոր դաշինք է ձևավորվում, որը համագործակցության մասին համաձայնագիր է պատրաստվում ստորագրել, ինչպես ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն: Տերմիններն էլ նույնն են… Մենք տարբեր քաղաքական ուժեր ենք, ՀՅԴ-ն երբեք չի կորցրել իր անկախությունը, ինքնուրույնությունը: Մենք կարողացել ենք այս տարիների ընթացքում երկրի առջև ծառացած առաջնահերթությունները պետական քաղաքականության ուղղություն դարձնել: Վստահ ենք, որ ճիշտ ճանապարհ ենք ընտրել, վստահ ենք, որ սկսված փոփոխություններն առավել արդյունավետ կլինեն, եթե ՀՅԴ-ն մեծամասնություն լինի, նաև իշխանությունը չունենա բացարձակ մեծամասնություն, որպեսզի հարցերը միմյանց համոզելով լուծվեն: Վստահ եմ, որ հասարակության գերակշիռ մասը գիտակցում է, որ այսօր օրակարգում են ՀՅԴ առաջադրած հիմնական խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ դրական փոքր տեղաշարժեր՝ առաջին սաղմերը կան: Դրանք ավելի արագ ու արդյունավետ կլինեն, երբ ՀՅԴ-ն ավելի մեծ տեղ ունենա ապագա պառլամենտում: Բոլորն աջ ու ձախ ընկած դաշինքներ են ստեղծում: Այսօր ամենամոդայիկ բառը «դաշինք»-ն է դարձել: Բայց ՀՅԴ-ն մոդայիկ չէ, ՀՅԴ-ն մոդան թելադրողն է: Այդ նաև մենք ենք ստեղծել այս պայմանները՝ խորհրդարանական կառավարման համակարգը, որ մյուսներն ակտիվորեն դաշինքներ են կազմում, փորձում են ներգրավվել հաջորդ խորհրդարան: Բոլորն այսօր գնում են ընտրությունների՝ մոռանալով, որ սա նաև մեր վաստակն է, որ իրենք վստահություն ունեն ընտրություններով բան փոխելու վերաբերյալ: Մենք հանգիստ, խաղաղ մեր գործը անում ենք: Կամ, խոսում են՝ իշխանափոխությունից, համակարգափոխությունից: Բոլորը տարիներ շարունակ խոսում էին, թե նախագահին փոխենք, իշխանությունը փոխենք: Մենք դա արդեն արել ենք, փոխել ենք համակարգը: Այդ ի՞նչ պետք է այսօր անեք, որ մենք չենք արել: Սևացնելով, փնովելով, որևէ բան չես փոխի: Հարցերը լուծվում են աշխատանքով: - Գուցե ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի ամբիցիաները միմյանց խանգարում են դաշինքով հանդես գալու համար, քանի որ դուք մեծամասնություն կազմելու ակնկալիք ունե՞ք: - Համաձայն չեմ ձեր մեկնաբանության հետ: Յուրաքանչյուր քաղաքական ուժ, երբ մտնում է ընտրարշավի մեջ, ամեն ինչ անում է, որ առավելագույն ձայներ ստանա: Ես չեմ կարող ասել՝ ՀՀԿ, դու ամեն ինչ մի արա, որ ձայն չստանաս: Ո՛չ: Ամեն մեկն անելու է իր հնարավորությունների համատեքստում: - ՀՀԿ-ի հետ ստորագրած քաղաքական համագործակցության մասին հուշագիրն անժամկետ է: Միշտ խոսվել է այն մասին, որ ընտրություններից հետո պարզ կդառնա՝ կշարունակվի՞ արդյոք այդ համագործակցությունը, թե ոչ: Ի՞նչ արդյունքներ եք ակնկալում՝ համագործակցությունը շարունակելու համար: - Ամեն ինչ կախված է ընտրությունների արդյունքներից: Որևէ մեկը չի կարող երաշխավորել, թե ապրիլի 3-ին մենք ինչ խճանկար կունենանք, ինչ պատկեր, ուժերի ինչ դասավորվածություն և դրանից հետո ինչ քննարկումներ կընթանան: - Ի՞նչ արդյունք պետք է գրանցեք, որ շարունակեք համագործակցությունը: - Բարձր արդյունք, շատ բարձր արդյունք:

2017-01-19

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչու հենց այս փուլում աշխատանքից ազատվեց Արագածոտնի մարզպետը.
Ճիշտ կլինի՝ արտաբյուջետային գումարները ծախսվեն Սևանա լճի խնդիրների...
Կատաստրոֆա չէ. Աղվան Վարդանյան
Մինչև երբ պետք է շարունակվի նման հարցադրումներով հանդես գալու...
Այլ...