Լապշինի արտահանձնումը երկու բռնապետերի միջև համաձայնության արդյունք է․ Արմեն Ռուստամյան (Մանրամասները՝ տեսանյութում)

Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձավ Բելառուսի կողմից բլոգեր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու դեպքին։ «Այն, ինչ կատարվում է Լապշինի հետ կապված, դա մարդու իրավունքների ռեկորդակիր խախտում ունեցող երկու բռնապետ երկրների միջև տեղի ունեցած հանցավոր համաձայնություն է, որովհետև այս արտահանձնումը իրավական լուրջ փորձաքննության չի կարող դիմանալ։ Ակնհայտ է, որ սա զուտ քաղաքական որոշում է, երկու բռնապետերի միջև ձեռք բերված համաձայնության արդյունք: Որևէ դատական համակարգով այս ամենը, բնականաբար, չի անցել, որովհետև պարզ երևում էր, որ Լուկաշենկոն թելադրում է, թե դատավարությունն ինչպես պետք է ընթանա։ Սա պետք է դուրս բերել Լապշինի անձի կոնտեքստից»,- ասաց Ռուստամյանը՝ հավելելով, որ այդ երկու բռնապետական պետությունները հասկանում են, որ այս միջադեպի հետ կապված ձնագնդին կարող է մեծանալ, և չի բացառվում, որ, ինչ-որ մարդկային, անձնական, անհատական հատկանիշներ նկատի ունենալով, ներում շնորհեն Լապշինին` փոխանցելով նրան կա'մ Ռուսաստանին, կա'մ Իսրայելին, դրանով փորձելով ցույց տալ, թե ինչքան մեծահոգի են ու մարդասեր։ Ի՞նչ է նշանակում Լապշինի արտահանձնումը։ Ըստ Ռուստամյանի` դա նշանակում է, որ բոլոր նրանք, ովքեր այցելում են կոնֆլիկտային գոտի, կարող են հայտնվել Լապշինի վիճակում։ Եվ այդ աբսուրդը կարող է հանգեցնել նրան, որ, ասենք, ամբողջ հայ ժողովրդին պետք է արտահանձնել Ադրբեջանին, կամ, ասենք, Ղրիմ գնացողներին պետք է արտահանձնել Կիևին և այլն։ «Խնդիր պետք է դնել, որ մարդու իրավունքներն ամբողջ աշխարհում գերակա արժեք են, ինչը նշանակում է, որ եթե խնդիրը քաղաքական լուծում չի ստացել ապա դրանից մարդու ազատ տեղաշարժի իրավունքը չպետք է սահմանափակվի։ Աբսուրդ է, այսինքն` արցախցիներն էլ իրավունք չունեն տեղաշարժվելու, եթե չեն ստացել Ադրբեջանի համաձայնությունը։ Աբսուրդն իր չափն ու սահմանը պետք է ունենա: Այս տիպի հարցերը պետք է տեղափոխվեն միջազգային ատյաններ և լուծում ստանան, ոչ թե ակնկալվի Լուկաշենկոյի կամ Ալիևի բարեհաճությունը` այս հարցերի հետ կապված»,- ասաց Ռուստամյանը։

2017-02-10

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ազգ-բանակը ոչ թե ագրեսիվ ռազմականացման խնդիր է լուծում, այլ պաշտպանության...
Շնորհավոր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը:
Ռուստամյանը՝ Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցելու...
ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն կոալիցիոն բանակցությունների մեջ են. Արմեն Ռուստամյանը...
Այլ...