Այս անգամ ավելի շատ է գործադրվելու ընտրակաշառքը, բայց դեռ ոչ մեկին 100 դոլար չեն տվել. Արմեն Ռուստամյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը չի հերքում, որ ընտրական տարածքներում առաջադրված ՀՀԿ-ական պատգամավորի թեկնածուները պատրաստ են մինչեւ 100 դոլար կաշառք բաժանել մեկ ձայնի համար: «Կարծում եմ՝ ուսումնասիրում են դաշտը, ոչ մեկին հլա 100 դոլար չեն տվել: Այս անգամ ավելի շատ է գործադրվելու կաշառքը, որովհետեւ ընտրատեղամասերում կեղծիքներ կատարելը դժվար է: Շատ շատերն են պատրաստվում ընտրակաշառք բաժանել, բայց ուզում են ճշտել՝ իրենք կարո՞ղ են նման պայքարի մեջ մտնել, թե ոչ»,-այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Ռուստամյանը: Նրա խոսքով, ընտրողներն են փնտրում կաշառք տվողներին, կան մարդիկ, որոնք ընտրությունների միջոցով փող են աշխատում: Դիտարկմանը, թե ՀՅԴ-ն հայտարարել է, որ ՀՀԿ-ի հետ կիսում է քաղաքական պատասխանատվությունը, դա նշանակո՞ւմ է, որ ՀՀԿ ցուցակներում տեղ գտած եւ տարբեր կոռուպցիոն սկանդալներում հայտնված անձանց, բաժանվող ընտրակաշառքի մասով էլ են կիսում պատասխանատվությունը, Ռուստամյանը պատասխանեց. «Նախ, այդ քաղաքական պատասխանատվության հարցը պետք չէ ծայրահեղացնել: Դրանից բխում է, որ մենք նաեւ իրենց ցուցակները պիտի կազմե՞նք: Մենք դաշինքով չենք գնում, գնում ենք առանձին, եւ մենք բացարձակ պատասխանատվություն չենք կրում իրենց ցանկի համար: Իսկ այն քաղաքական պատասխանատվությունը, որի մասին ասում եք, այո, մենք հայտարարել ենք դրա մասին՝ հասկանալով, որ դրա համար գին ենք վճարելու, որովհետեւ դժգոհության մի զգալի մաս նաեւ իշխանության մեջ եղողին է ուղղվում: Բայց մենք հասկանում ենք, որ այդ դժգոհությունը հավերժ կինի, եթե մենք պատճառները չվերացնենք: Իսկ դրա պատճառները վերացնելը հնարավոր էր իշխանությունների հետ, ուրիշ տարբերակ չկար»: Արմեն ռուստամյանը նկատեց, որ ավտորիտար ռեժիմ ունեցող որեւէ երկրում փոփոխությունները երկու ճանապարհով են տեղի ունենում՝ կամ հեղափոխությամբ, արյունահեղությամբ, որը Հայաստանի համար անընդունելի է, կամ ներսից է կատարվում փոփոխություն. «Սրանից ենք օգտվել ու գնացել այս համագործակցությանը, որպեսզի համակարգը փոխենք ու ծնող պատճառները վերացնենք»: Ռուստամյանը նաեւ հավելեց, որ իրենք ունեն լուրջ ընտրազանգված, որն իրենց միշտ ձայն է տալիս առանց կաշառքի: Նա կարեւորեց այս ընտրությունները՝ նշելով, որ սկիզբ են դրել մի համակարգի ձեւավորման, որ քանդելով իշխանության վերարտադրման մեքենան՝ ժողովուրդը կկարողանա իր իշխանությունը ձեւավորել:

2017-02-27

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
ՀՅԴ-ի համար տարբերություն կա, թե ով կլինի 2018թ. վարչապետի թեկնածուն,...
...
Ես չեմ երազում Վանոյի ժամանակների մասին. Ռուստամյան
Մեր երկրում մենք որևէ թշնամի չունենք. Ռուստամյանը՝ այլ ուժերի...
Այլ...