Դաշնակցության ջանքերով է, որ ընդդիմությունը խորհրդարանում 1/3 ներկայացվածություն է ունենալու. Արմեն Ռուստամյանը՝ Լոռիում

Այսօր ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ընտրողների հետ: ՀՅԴ ԳՄ քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, դիմելով հավաքվածներին, նշեց, որ եթե նրանք վաճառում են իրենց ընտրական իրավունքը, ապա դրանից բխում է մնացած իրավունքների ոտնահարումը: «Եթե մենք չվերականգնեք այս իրավունքը, մեր երկիրը ոչ մարդու իրավունքներ կարող է հարգել, ոչ էլ այլ իրավունքների մասին ընդհանրապես հնարավոր է խոսել»,- ասաց նա: Ըստ Ռուստամյանի` կատարվել է մեծ փոփոխություն, ընդ որում` ՀՅԴ-ի անմիջական ջանքերով: «Մենք այլևս ոչ թե ընտրում ենք մի անձի, որին պատկանում էր ամբողջ իշխանությունը, այլ մենք ընտրելու ենք խորհրդարան, որն ինքն է ամեն ինչ որոշելու»,- ասաց նա, ապա հավելեց. «Հիմա այս ընտրապայքարում էլ բոլոր քաղաքական ուժերը ասում են` գանք, փոփոխություն ենք անելու: Մենք ասում ենք` արդեն այդ փոփոխությունների մի զգալի մասն արել ենք և ոչ թե պետք է նոր անենք»: Ռուստամյանի խոսքով` նոր` խորհրդարանական համակարգը Դաշնակցության պահանջն է եղել միշտ` 1991 թվականից սկսած: Նա նշեց, որ երբ 1990-1991 թվականներին Հայաստանում Գերագույն խորհուրդն էր ղեկավարում երկիրը, դա մեր երկրի ամենաժողովրդավարական ժամանակահատվածն է եղել, իսկ 1991 թվականից անցանք նախագահական համակարգի, և երկրի ընթացքը սկսեց ծռվել, ու սրա հետևանքները, ըստ նրա, մինչև հիմա կրում ենք: «Եթե կոլեգիալ որոշումներ կայացնելու մեխանիզմ չլինի, սուտ է` ով էլ եկավ, նույն ձևով գայթակղվելու է, իր կողմնակիցների համար լավ է լինելու, մյուսները բախտի քմահաճույքին են մնալու: Սա հասկանալով է, որ մենք փոխել ենք այս ամեն ինչը»,- ասաց նա և վստահություն հայտնեց, որ այս ընտրությունները լինելու են իրական, ընտրվելու է այնպիսի իշխանություն, որը բալանսավորված է լինելու: Ըստ Ռուստամյանի` իրենց ջանքերով է, որ այսօր ընդդիմությունը խորհրդարանում 1/3 ներկայացվածություն է ունենալու, և որ առաջ երբեք նման բան չի եղել: «Ընդդիմությունը ոչ թե սպասելու է` ընտրությունները վերջանան, որ հաջորդ ընտրությանը ակտիվանա կամ ինչ-որ հարց լուծելու համար միտինգ անի, այլ նրան գործիքներ են տրված, որ այդ գործիքներով ԱԺ-ում կարողանա ազդել իշխանությունների որոշումների վրա»,- հայտարարեց նա: Ռուստամյանը նշեց, որ իրենք երբեք դատարկ խոստումներ չեն տվել ընտրողին: «Մենք բաներ ենք ասել, որ երկար տարիներ կարող է չեն ընկալվել, բայց կաթիլի` քարը ծակելու համառությամբ շարունակել ենք, 25 տարի շարունակ աշխատել ենք, որ այս հաջողությունը ունենանք, որ համակարգ փոխենք, որ այս` չարիք ծնող համակարգն այլևս չլինի»,- ընդգծեց նա, ապա նշեց, որ, այս ամենը նկատի ունենալով, Դաշնակցությանը տան հնարավորություն, որպեսզի կարողանա այս գործը շարունակել ավելի արագ տեմպերով, որ այս տարվա մեջ արդեն զգալի լինեն փոփոխությունների արդյունքները: Ամփոփելով խոսքը` Ռուստամյանը նշեց, որ ՀՅԴ-ն միակ կուսակցությունն է, որ իր 127 տարիների համար, իր արածի համար բաց ճակատով կանգնում է ժողովրդի մեջ և շարունակում իր ընթացքը: «Ձեր ընտրությունը ճիշտ կատարեք, այնպիսի մարդկանց ընտրեք, որ այս ամեն ինչից հասկանում են: Այդպիսի մարդիկ կան նաև մյուս ճամբարներում, մարդիկ կան, որ հարգված են: Պետք է ընտրեք այն տրամաբանությամբ, որ մարդն այս արվածը հետ չպտտի, թողնի, որ իր արդյունքները տա, արագ մտնի այս պրոցեսի մեջ, որ այս ամեն ինչը կարողանանք ԱԺ-ում հստակ իրականացնել: Այսպիսի ընտրություն եմ բոլորիս մաղթում, և ունենանք մեր` համատեղ ուժերով ձևավորված այն հիմնադիր խորհրդարանը, որն արագ այս փոփոխությունները ձեր կենցաղ կմտցնի, որ դուք այս ամեն ինչի դրական հետևանքները տեսնեք»,- ասաց նա:

2017-03-13

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Շատերին պետք է, որ աղետալի լինի վիճակը երկրում. Արմեն Ռուստամյան
Քաղաքացին հաճախ պասիվ մասնակցություն ունի ՏԻՄ որոշումների կայացմանը....
Հայտնի է, թե ովքեր են խմբակցությունների ղեկավարները եւ քարտուղարները....
Մեզ ձեռնտու է մշտական հանձնաժողովների թիվը կրճատել, դարձնել...
Այլ...