Մենք մեր ժողովրդին ներկայացնում ենք ստուգված ծրագիր, ոչ թե խոստումներ ենք տալիս, որոնք չգիտենք՝ ինչպես կատարել. Ռուստամյանը՝ ապարանցիներին

Հայտնել ենք, որ ՀՅԴ ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի շրջանակներում այս անգամ էլ հանդիպում ունեցան Արագածոտնի մարզի ընտրողների հետ: Երեկ Ապարանում կայացած հանդիպման ընթացքում ՀՅԴ համապետական ցուցակը գլխավորող` ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, դիմելով ներկաներին, ասաց, որ նրանցից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ իր ձայնը որոշիչ է և կարող է երկրի ապագա փոխել: «Ես բազմիցս լսել ու տեսել եմ՝ պատգամավորներն ինչպես են իրենց ընտրողների հետ հարաբերվում: Ընտրողները չեն կարող գալ հետո պատգամավորից մի բան պահանջել, որովհետև պատգամավորներից շատերը նրանց ասում են. «ի՞նչ ես ուզում. ես քո 10-15 հազարը չեմ տվե՞լ, դու էլ ձայդ չես տվե՞լ դրա դիմաց, հիմա ի՞նչ ես եկել ինձանից ուզում, գնա, հաջորդ ընտրությունների ժամանակը կգաս, կբարիշենք»: Հիմա ցինիզմն այն աստիճանի է հասել, որ պարզ, բացեիբաց մարդիկ ասում են, որ պատրաստ են շատ գումար ընտրողի օգտին քվերակել»,- ասաց Ռուստամյանը և ընդգծեց՝ Դաշնակցությունն այն քաղաքական ուժը չէ, որ նման կերպ վարվի իր ընտրողի հետ, քանի որ ընտրակաշառքի փոխարեն առաջարկում է համակարգային լուծումներ, որոնք սերունդների համար են օգտակար: «Մի ընտրողի վրա 10-15 հոգի աշխատում են, անտեր ընտրող չի մնացել: Այս պրոցեսն է, որ մեզ անընդհատ բերել է այս վիճակին, և մենք հիմա պետք է այս ամենից դուրս գանք: Մենք ուզում ենք, այդ վիճակից բոլորին հանել, կախվածությունից հանենք, ուզում ենք, որ մարդիկ հասկանան, որ իրենց ընտրությունն այսօր արժեք ունի երկրի համար, և իրենց սերունդների համար ավելի մեծ նշանակություն է ունենալու, քան թե 10-15 հազարը, որ տալու են, հետո ձեռք առնեն ու ծաղրուծանակի ենթարկեն ընտրողներին»,- նշեց Ռուստամյանը՝ հավելելով, որ մեծ է արժանապատվությունը վերականգնելու անհրաժեշտությունը: Ռուստամյանը նաև ասաց, որ ՀՅԴ-ի ջանքերով կյանքի կոչված սահմանադրական բարեփխումները շատ խնդիրներին լուծումներ են տալու: «Այսօր որևէ մեկը չի ունենալու ամբողջական իշնանություն, որն ունի նախագահը: Ո՛չ վարչապետը, ո՛չ ԱԺ նախագահը, ո՛չ էլ որևէ այլ պաշտոնյա ամբողջական իշխանություն չի ունենալու: Լինելու են երեք տարանջատված ճյուղեր՝ օրենսդիր, դատական և գործադիր, որոնցից յուրաքանչյուրն ինքնուրույն, անկախ որոշումներ է կայացնելու: Դատական իշխանությունն արմատական փոփոխություն է կրելու, լինելու է իսկապես անկախ, համեմատելու համար ասեմ, որ այսօր մոտ 230 դատավոր ունենք, որոնց նշանակում և ազատում է նախագահը: Բա այդ 230 դատավորից ի՞նչ արդարադատություն ենք ակնակալում, բա պա՞րզ չէ, որ ինչ-որ հարց եղավ, պեքտ է անպայման Բաղրամյան 26-ից ստանան ինչ-որ ուղղություն»,- ասաց նա՝ հստակեցնելով, որ այս ամեննն այլևս չի լինելու: «Լինելու է տասը հոգանոց թիմ՝ բարձրագույն դատական խորհուրդ, որի հինգը ԱԺ-ն է ընտրելու՝ երեք հինգերորդով և հինգն էլ դատավորների ընդհանուր ժողովը: Նրանք տասն էլ իրար հավասար մարդ են լինելու, ովքեր պետք է որոշեն, և բոլոր որոշումները կայացվելու քվեարկությամբ, տասը հոգու իմացությամբ և հավանությամբ: Մի բան է մի հոգի որոշի, մի բան՝ տասը հոգի: Լլրիվ այլ որակ է լինելու: Այս ամենը միջազգային փորձով անցած է: Մենք մեր ժողովրդին ներկայացնում ենք ծրագիր, որը ստուգված է, փորձարկված է, ոչ թե խոստումներ ենք տալիս, որոնք չգիտենք՝ ինչպես կատարել»,- ասաց Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով՝ ընտրակաշառքի մի ձև էլ այն է, երբ մարդկանց խաբում են՝ ասելով օրինակ՝ թոշակդ քիչ է, ես կգամ երկու անգամ կավելացնեմ: «Ստացվում է ավանսով ընտրակաշառք, ասում են երկու անգամն է քիչ, պատրաստ ենք չորս անգամ ավելացնել ձեր թոշակները, մյուսն էլ ուրիշ խոստում է տալիս: Պոպուլիզմի վատն էլ այն է, որ ոչ թե հանրային շահով ես առաջնորդվում, այլ դու մարդկանց քիմքին հաճելի բան ես ասում, որովհետև նրանց ձայն է քեզ պետք»,- ասաց Ռուստամյանը՝ հավելելով. «Պետք է խոսել այն հիմքի վրա, որը հնարավորություն է տալիս ինչ-որ քայլ կատարել, իսկ մենք հավատում ենք, որ այսօրվա հնարավորությունը տալիս է ավելի լավ սոցիալական խնդիրներ լուծելու հնարավորություն, տնտեսությունն ավելի ազատականացնելու հնարավորություն, մոնոպոլիաները վերացնելու հնարավորություն»:

2017-03-16

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ընտանեկան բռնության կանխարգելումը բխում է մեր ազգային մտածողությունից....
Նման հավակնություններ չունենք
Արդեն եկող տարի մենք բոլորովին այլ դատական համակարգ կունենանք
3-4 խոշորացված համայնքներում համայնքապետի թեկնածու ունենք. Աղվան...
Այլ...