Ընտրությունը համեմատություն է. Աղվան Վարդանյան

Այսօր լրանում է հայ վրիժառու, դաշնակցական Սողոմոն Թեհլերյանի կողմից Թալեաթ փաշայի սպանության 96-րդ տարեդարձը: Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող Սողոմոն Թեհլերյանի արձանի մոտ Դաշնակցությունը միջոցառում էր կազմակերպել: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն իր խոսքում նշեց, որ Սողոմոն Թեհլերյանը խորհրդանշում է հայ ժողովրդի արժանապատվությունը, խորհրդանշում է այն, որ, ով ձեռք բարձրացրեց հայ ժողովրդի վրա, պատժվելու է: Սակայն Դաշնակցությունը, ըստ Վարդանյանի, միայն պատժող չէ: «Դաշնակցությունը պատժում է Հայաստանի թշնամիներին, բայց Հայաստանում մենք թշնամի չունենք: Մենք ընկերներ, քույրեր, եղբայրներ ենք բոլորի հետ: Դաշնակցությունը նաև աշխատանքի կուսակցություն է, քայլ առ քայլ, հետևողականորեն աշխատող, իր գաղափարները առաջ տանող կուսակցություն է, և կանգնած է հայ աշխատող մարդու կողքին: Դաշնակցությունը նաև մեր մշակույթի, մտավորականության, լավագույն մեծերի կուսակցությունն է: Դաշնակցությունը հարազատ արտացոլանքն է մեր ժողովրդի իղձերի ու նպատակների»,- ասաց Աղվան Վարդանյանը: Եվ քանի որ, ներկա պահին Հայաստանի քաղաքական դաշտում նախընտրական քարոզարշավ են իրականացնում խորհրդարանական ընտրություններին հայտ ներկայացրած քաղաքական ուժերը, Աղվան Վարդանյանը անդրադարձավ նաև նախընտրական քարոզարշավին: Նրա խոսքով` այսօրվա խայտաբղետ քաղաքական դաշտում, թվում է` դժվար է տարանջատել, թե ինչպես պետք է քվեարկի ընտրողը: Սակայն ընտրությունը համեմատություն է, այդ առումով այն կարող է հեշտորեն կողմնորոշել ընտրողին: «Ինչպես աղջիկ ուզելու ժամանակ են նայում նրա ընտանիքին, կենսագրությանը, մարմնական առավելություններին ու թերություններին, նույնն էլ քաղաքական ուժերի պարագայում է: Ձեր առջև են 9 քաղաքական ուժեր, և ես հպարտորեն կարող եմ ասել, որ այս 9-ի մեջ միակ ուժը, որն իբրև առանձին կուսակցություն է գնում ընտրություններին, դա Դաշնակցությունն է: Ճիշտ է, չորս կուսակցություն ևս մասնակցում է, բայց իրականում, եթե նայեք իրենց կազմին, դրանք դաշինքներ են: Իսկ Դաշնակցությունը միակն է, որ տարբերվում է բոլորից մի կարևոր հանգամանքով. Դաշնակցությունը մի անձի կուսակցություն չէ: Նայեք այլ կուսակցություններին, չլինի առաջնորդը՝ այդ կուսակցությունից բան չի մնա»,- ասաց Աղվան Վարդանյանը: Նա նաև հավելեց, որ դաշնակցությունը այն քաղաքական ուժն է, որը ներկա է ոչ միայն Հայաստանում: Այն ազդեցիկ ներկայություն ունի աշխարհով մեկ` ներկայացնելով համայն հայության շահերը: Աղվան Վարդանյանի խոսքով` Դաշնակցությունը տարբերվում է նաև նրանով, որ երբեք ամբոխավար չի եղել, երբեք խոստումներ չի տվել, որոնք իրագործելի չեն:> Այսօր որոշ քաղաքական ուժեր մեծ-մեծ խոստումներ են տալիս, սակայն սուտ են խոսում, որովհետև այդ խոստումները չեն իրագործելու: Մինչդեռ Դաշնակցությունը այս տարիների ընթացքում երբեք չի ասել մի բան, որ հետո անի հակառակը: Դաշնակցությունը մշտապես իր նպատակները, ծրագրերը պահել է և պահում է օրակարգում, ու քայլ առ քայլ դրանք իրականացնում է: «Փոփոխություններ են խոստանում, խոստումներ են տալիս, սուտ են ասում: Դաշնակցությունը Հայաստանում արդեն համակարգային փոփոխություններ է իրականացրել, կառավարման համակարգ է փոխել, օրենսդրական համակարգ է փոխել: Նայե՛ք, թե նույն կուսակցության ներկայացուցիչները ինչպես են իրարից ձայն խլում, իրար կոկորդ կրծում` ձայնի համար: Եվ նայեք Դաշնակցության թիմին, ամեն մեկը ջանում է ձայն բերել Դաշնակցությանը, որ կուսակցությունը վաղը ԱԺ-ում ավելի մեծ ներկայացվածություն ունենա, մեծ ազդեցություն ունենա: Դաշնակցությունը մեր ժողովրդի կուսակցությունն է, ձեզանից է կախված, որքան ուժեղ ներկայացված լինի խորհրդարանում: Եվ որքան ազդեցիկ ներկայացվածություն ունենա, այնքան մեր երկիրը կայուն կլինի, անցնցում կլինի, այնքան երկրի անվտանգության և ազգային հարցերի լուծումը երաշխավորված կլինի: Առանց Դաշնակցության երկիրը չի կարող ազգային, սոցիալական հարցերում լուրջ փոփոխություններ արձանագրել»,- իր ելույթում ասաց Աղվան Վարդանյանը:

2017-03-16

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ընտանեկան բռնությունների կանխարգելման նախագծում շտկումների...
Դա մեծ հարված էր Հայաստանին, երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի...
Մենք ձեռք ենք բերում մի գործընկեր, եւ 2022 թ. ունենալու ենք լիովին...
Եթե դիմացինդ անբանակցելի է, դու չպետք է միջազգային հանրությանը...
Այլ...