Վեց ամիս առաջ բարձրագույն իշխանության կրողներն էին, այսօր ասում են՝ մենք ընդդիմություն ենք. Աղվան Վարդանյան

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Դաշնակցության ներկայացուցիչներն այսօր հանդիպում ունեցան Արարատի մարզի բնակիչների հետ: Արտաշատ քաղաքում կայացած հանդիպման ընթացքում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն իր խոսքում շեշտեց, որ ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունները նոր բովանդակությամբ են լինելու և տարբերվելու են մինչ այս կայացած բոլոր համապետական ընտրություններից: «2018 թվականին համապետական ընտրություններով նախագահ չենք ընտրելու, նախագահ ունենալու ենք, բայց ԱԺ-ն է ընտրելու նրան: Շատ սահմանափակ լինազորություններով է օժտված լինելու նախագահը: Երկրի բոլոր կարևորագույն հարցերը՝ ներքին, արտաքին, սոցիալական, տնտեսական որոշվելու է Ազգային ժողովում»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր ընտրող պետք է որոշի՝ ինչպիսի խորհրդարան է ուզում ունենալ: «Ընտրությունը համեմատություն է, պետք է ձեր առջև փռեք ինը մասնակցող ուժերին, նայեք մեկ առ մեկ, ուսումնասիրեք ու հասկանաք՝ որն ինչ առավելություն կամ թերություն ունի: Այս իմաստով Դաշնակցությունը որակապես, էապես տարբերվում է մյուսներից: Ո՞ր կուսակցությունն է, որ մեր ժողովրդի կյանքում կնեսագրություն ունի, փորձառություն ունի, անցյալ ունի, արած գործ ունի, այո՛, նաև թերություններ, նաև վրիպումներ, նաև սխալներ, բայց, համեմատե՛ք: Դաշնակցությունն է, որ 127 տարի մեր ժողովրդի հետ է, որովհետև այս կուսակցությունը ստեղծվել է որպես հարազատ արտացոլանք մեր ժողովրդի: Եթե նայեք Դաշնակցության զինանշանին, կտեսնեք՝ սուրը, բահը և գրիչը: Ուժ՝ արտաքին թշնամիներից մեր ժողովրդին պաշտպանելու, աշխատանք, աշխատողի պաշտպանություն, բահը և գրիչը՝ որպես մեր դարավոր իմաստության և փորձառության խորհրդանիշ: Այս 127 տարիների ընթացքում չի եղել մեր ժողովրդի կյանքում մի կարևոր իրադարձություն, մի կարևոր բան, որին Դաշնակցությունը մասնակցած չլինի»,- ասաց Վարդանյանը՝ ներկաներին հորդորելով նայել մյուս 8 ուժերի անցած ուղուն ու գործունեությանը: «Ո՞ր կուսակցությունն է, որ մեկ անձի, մեկ առաջնորդի, մեկ թագավորի կուսակցություն չէ: Իսկ մյուս կուսակցությունների դեպքում մեկ հոգի խոսում է ամբողջ կուսակցությունը կրկնում է նրա ասածները: Ո՞ր կուսակցությունն է, որ հավաքական ղեկավարություն ունի, որ կարող է գալ ու կանգնել ժողովրդի առջև և միասնական ներկայանալ: Վստահ եմ՝ տեսել եք այլ կուսակցությունների անդամները ինչպես են իրարից ձայն փախցնում, ինչպես են պայքարում, մուտիլովկաներ անում, բայց ո՞ր կուսկացությունն է, որ ունի ծրագիր, նպատակ, գաղափարախոսություն, սկզբունքներ, որ այս ամբողջ ընթացքում դրանից չի շեղվել: Չեք գտնի մի դեպք, որ Դաշնակցությունն ասած լինի մի բան, երկու տարի հետո ասի այլ բան»,- ընդգծեց Վարդանյանը՝ հավելելով. «Ուրիշներն ասում են՝ գալիս ենք փոփոխություն անելու, բայց հենց Դաշնակցությունն է այս երկրում համակարգային փոփոխություն արել, կառավարման, ընտրական համակարգեր են փոխվել: Նայե՛ք մյուս ուժերին: Վեց ամիս առաջ բարձրագույն իշխանության կրողներն էին, այսօր ասում են՝ մենք ընդդիմություն ենք և մեղադրում են իշխանությանը բոլոր այն մեղքերի մեջ, որոնց մեջ վեց ամիս առաջ մարդիկ հենց իրենց էին մեղադրում: Մարդ քանի՞ երես կարող է ունենալ, մարդ ո՞նց կարող է իրեն թույլ տալ այսօր ասել մի բան, վեց ամիս հետո լրիվ հակառակը: Ո՞նց կարող է որևէ կուսակցություն իրեն թույլ տալ հարյուր տոկոսանոց սուտ խոստումներ տալ ու հետո նայել մարդկանց աչքերին: Անցնելո՞ւ է չէ ապրիլի 3-ը, այդ սուտ խոստումներ տվողները, ովքեր ամեն օր ձեր աչքի առաջ են, պետք է պատասխան տան: Մի օր պետք է տան, այո՛, որովհետև մինչև հիմա չեն տվել»: Վարդանյանի խոսքով՝ կուսակցությունների անունները փոխելը որևէ բան չի փոխի այդ կուսակցության գործունեության մեջ: «Անունները փոխում են, որ իրենց չճանաչեն, այսօր մի բան են ասում, հաջորդ օրը՝ ուրիշ, բայց հիշե՛ք, թե որ կուսակցությունն է, որ միշտ հավատարիմ է իր ասածներին ու միշտ գնացել է առաջ, չի շեղվել: Ո՞ր կուսկացությունն է, որ ներկա է ոչ միայն Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, Արցախում, Ջավախքում, այլև՝ աշխարհի երեսունից ավելի երկրներում և ամեն տեղ մեր ժողովրդի շահերն է պաշտպանում: Ո՞ր կուսկացությունն է, որի անդամները մի ընտանիքի նման են»,- ասաց Աղվան Վարդանյանը, ով վստահեցրեց, որ դժգոհելով, բողոքելով, հայհոյելով, բամբասելով հարց չի լուծվելու: «Հարցերը լուծվելու են աշխատելով, մենք այս երկրում բան ենք փոխել, նոր սկիզբ ենք դրել: Հիշեք՝ մի քանի ամիս առաջ ասում էիք՝ էս ինչ մարդն ի՞նչ գործ ունի մարզպետ լինի, էն ինչ մարդն ի՞նչ գործ ունի ամենաբարձր պաշտոնն ունենա, նախարար լինի, փոխվել են չէ՞ մի քանիսը, լա՞վ է, թե՞ վատ: Այս փոփոխությունները պետք է շարունակվեն, մենք հասել ենք մի տեղ, որ պարտավոր ենք արմատական, որակական փոփոխություններ անել: Ո՞ր կուսկացությունն է, որ ընդդիմություն է եղել, թե իշխանության մեջ է եղել, նույնն է ասել, նույնն խնդիրներն է հետապնդել և այսօր մեր հետապնդած խնդիրները՝ յոթ առաջնահերթությունները որ ձևակերպել էինք, դարձել է պետական քաղաքականության մաս, նոր կառավարության աշխատանքի ծրագիր»,- ասաց ՀՅԴ-ականը՝ ներկաներին հորդորելով հիշել ոչ վաղ անցյալում կատարված իրադարձությունները: «Դուք ի՞նչ ԱԺ եք ուզում, ուզում եք, որ այնտեղ լինի իրական կուսկացությո՞ւն, թե՞ կուսկացություններ, որոնք երեք ամիս առաջ դաշինքներ են կազմել, իրար հասցեին ինչ ասես ասում էին, հիմա եկել, միավորվել են: Ուզում եք, որ ձեզ խաբե՞ն, թե՞ ԱԺ-ում իսկապես իրական քաղաքական ուժ լինի, որի իրական նպատակը ժողովրդի շահերը պաշտպանելն է: Ուզում եք ԱԺ-ում խմբակցություններ տեսնել, որոնք մի տարի հետո տասը մասի՞ են բաժանվելու: Քաղաքական ուժ կար, որ խմբակցությունում հինգ անդամ ուներ, այսօր հինգն էլ այդ կուսկացությունը չեն ներկայացնում, քաղաքական ուժ կար, որը 7 հոգով էր ներկայացված պառլամենտում, հիմա չորս մասի է բաժանվել, այսօր եկել են մեկը մի դաշինքի մեջ է, մյուսն ուրիշ տեղ է, խմբակցություն ունեք ԱԺ-ում, որի ղեկավարը երբ հրաժարվեց, քաղաքականությունից դորս եկավ, այդ խմբակցության մեկ երրորդը մնաց: Ի՞նչ պառլամենտ եք դուք ուզում, ուզում եք արժանապատիվ, բոլոր հարցերը բանավեճերով քննարկող պառլամե՞նտ, թե՞ ուզում եք պառլամենտ, որտեղ մի կուսկացությունը կարող է ունենալ մեծամասնություն ու էլի հերթական անգամ ասել՝ մեր դեմ խաղ չկա: Մեզ պետք է պառլամենտ, որտեղ լինի իրական քաղաքական ուժ»,- նշեց Վարդանյանը, ապա հորդորեց քվեարկել խղճով և չգայթակղվել ընտրակաշաքով. « Քվեարկե՛ք ձեր խղճով, 5-10 հազար դրամը ձեզ երջանիկ չի դարձնելու, այլ պառակտելու է, թշնամացնելու է, իրար դեմ է հանելու»:

2017-03-23

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ընտանեկան բռնությունների կանխարգելման նախագծում շտկումների...
Դա մեծ հարված էր Հայաստանին, երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի...
Մենք ձեռք ենք բերում մի գործընկեր, եւ 2022 թ. ունենալու ենք լիովին...
Եթե դիմացինդ անբանակցելի է, դու չպետք է միջազգային հանրությանը...
Այլ...