Խորհրդի կոչը Հայաստանում ապրող ջավախահայերին

Այսօր Ախալքալաքում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուդը հանդես եկավ հայտարարությամբ, որով մասնավորապես Հայաստանում ապրող ջավախքահայերին կոչ է անում քվեարկել Դաշնակցության օգտին: Վերջերս Խորհուրդը հանդիպել էր հայաստանյան այն քաղաքական ուժերին, որոնք մասնակցում են ՀՀ խորհրդարանական ընտրություններին: Խորհուրդը նախապես ուսումնասիրել է այդ քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը: Մեծամասնությունը ծրագրերում նշում են հայ-վրացական հարաբերությունների առաջնայնությունը: Սակայն ելնելով հանդիպումներում հնչած կարծիքներից, առաջարկներից, ինչպես նաև քաղաքական ուժերի ծրագրային դրույթներից՝ Խորհուրդն արձանագրում է, որ ՀՀ խորհրդարանական ընտրություններին հայտ ներկայացրած 9 քաղաքական ուժերից Դաշնակցությունն է, որ իր նախընտրական ծրագրում առանձնացված կետ ունի Ջավախքի վերաբերյալ: Ինչպես նաև ՀՅԴ խորհրդարանական ֆրակցիան հաշվետու շրջանում հանդիպումներ է նախաձեռնել Վրաստանի խորհրդարանական ուժերի հետ, որոնց ընթացքում ևս բարձրաձայնվել և քննարկվել են ջավախահայության առջև ծառացած մի շարք խնդիրներ: «Սա ընդդեմ ոչ մեկի էր, այլ հանուն Վրաստան-Հայաստան կայուն զարգացման, և այդ զարգացման համատեքստում Ջավախքում առկա խնդիրների լուծումը: Ընդհանուր առմամբ բոլորի տեսակետներն էլ լավն էին, կային քաղաքական ուժեր, որ լավ պատրաստված էին, խորքային ուսումնասիրություններ էին կատարել, կային այնպիսիները, որ ընդհանրապես տեղեկություններ չունեին, այլ միայն իրենց հայտնի էր Ջավախք անունը»,- ասաց Խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանը: Խորհրդի համակարգողը Հայաստանում ապրող ջավախահայ ընտրողներին դասակարգում է երեք տիպի: Մարդիկ, ովքեր իշխանամետ են: Մարդիկ, ովքեր ընդդիմության շարքերում են և իհարկե մարդիկ, որ լոյալ դիրքորոշում ունեն և իրենց պետք է ուղղորդել: «ՀՀ-ում չերևացող քվոտաներ կան, այնտեղ մոտավոր 400 000 ջավախքցիներ են ապրում: Բոլորը կոչ են անում քվեարկել հանրապետականների օգտին, կան անհատներ, առանձին ուժեր, ովքեր ուղղորդում են ժողովրդին: Բայց այնտեղ ապրող ժողովուրդն, ինչպես գիտենք այնքան էլ քաղաքականացված չէ, հատկապես մարզերում ապրողները: Նրանք տեղյակ չեն, թե որ քաղաքական ուժը, ինչ ծրագիր ունի Ջավախքի հետ կապված: Մենք հայտարարում ենք, որ տեսեք այն քաղաքական ուժը, որը կոնկրետ երկարամյա աշխատանք է կատարել, քվեարկեք իր օգտի», – հավելեց Արտակ Գաբրիելյանը: Տարիների ընթացքում Խորհուրդը եկել է այն եզրակացությանը, որ շատ ու շատ խնդիրներ կապված են ոչ միայն պաշտոնական Թբիլիսիի հետ, այլև՝ Երևանի: «Օբյեկտիվ լինելու համար, մենք ասում ենք, որ այսօր խնդիր ունենք պաշտոնական Թբիլիսիի հետ, խնդիրներ էլ կան, որ կապված են պաշտոնական Երևանի հետ: Հաշվի առնելով ներկա բարենպաստ իրավիճակը, այսինքն Հայաստան-Վրաստան փոխհարաբերությունները, Վրաստանում ձևավորված նոր իշխանությունների դիրքորոշումները հայերի նկատմամբ, փորձենք ինչքան հնարավոր է ի նպաստ ժողովրդի, ի նպաստ Ջավախքի և Վրաստանի զարգացման ուղղությամբ գործել»,- ասաց նա: Jnews-ի այն հարցին, թե ինչ մթնոլորտում է անցել իշխող՝ Հանրապետական կուսակցության հետ հանդիպումը, Գաբրիելյանը նշեց, որ ընդհանուր առմամբ դրական է եղել: «Քանի որ հանրապետականները լիակատար իշխանություն ունեն, բնականաբար նրանց ավելի շատ հարցադրումներ են եղել: Հանրապետականն էլ կիսում էր մեր տեսակետները, բայց ցավոք սրտի հանրապետականը, լինելով իշխանություն, ծրագրային դրույթներում չուներ նման կետ և այսօր հանրապետական կուսակցությունը իր գործողություններով, բացառությամբ մի քանի դեպքի, որը հանուն ճշմարտության նշենք, Ջավախքի համար ոչինչ չի արել թերևս: Պատճառաբանությունները բազմազան են, որոնց անդրադառնալը ճիշտ չեմ համարում: Իրենք ասում են, որ դա կլիներ Վրաստանի ներքին խնդիրներին խառնվել, բայց կա խնդիր, որը լուծում է պահանջում: Քաղաքական հարցերը թողնել մի կողմ: Օրինակ ինչու՞ գոնե մի անգամ հայկական թատրոնը չի այցելում Ջավախք, սա հո՞ Թիֆլիսից կախված չէ, այլ Երևանից»: Ըստ Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանի, Դաշնակցություն և Հանրապետական կուսակցություններից բացի ևս երկու քաղաքական ուժեր՝ «Օսկանյան- Րաֆֆի- Օհանյան» դաշինքն ու Հայկական Վերածնունդը քաջատեղյակ են եղել Ջավախքի խնդիրներին և այդ խնդիրների լուծմանը իրենց բանաձևը բավականին համոզիչ է եղել: Եզրափակելով Գաբրիելյանը նշեց, որ իրենց գլխավոր նպատակը նախադեպ ստեղծելն է հետագայում հայաստանյան քաղաքական ուժերի հետ համագործակցության վերաբերյալ:

2017-03-27

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ընտանեկան բռնության կանխարգելումը բխում է մեր ազգային մտածողությունից....
Նման հավակնություններ չունենք
Արդեն եկող տարի մենք բոլորովին այլ դատական համակարգ կունենանք
3-4 խոշորացված համայնքներում համայնքապետի թեկնածու ունենք. Աղվան...
Այլ...