Անպարտելի ոգով ընտրենք չորրորդ հանրապետության հիմնադիր խորհրդարանը, ՀՅ Դաշնակցությանը. Արմեն Ռուստամյան

Այսօր Ազատության հրապարակում, ուր անցկացվում էր ՀՅԴ նախընտրական քարոզարշավի վերջին հանրահավաքը, ելույթ ունեցավ Դաշնակցության համապետական ցանկը գլխավորող, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Ելույթը՝ ստորեւ. Սիրելի՛ հայրենակիցներ, Դաշնակցությունը, լինելով հստակ գաղափարների տեր քաղաքական ուժ, իր ընտրողներին չի համարում սոսկ իր ընտրազանգվածը, այլ իր համակիրները, որովհետև մենք ինչ արել ենք, իրար համոզելով ենք արել, իրար հետ համաձայնեցրած ենք արել: Մեր ցանկացած ընտրապայքար նախ և առաջ հաշվետվություն է Ձեր առաջ, մեր համակիրների առաջ: Ուստի, մեր գործը պարզ է՝ համոզել Ձեզ, միասին համոզել մյուսներին և ընդլայնել մեր համակիրների շրջանակը: Վստահ եմ՝ մեզ հաջոցվեց դա անել, որովհետև կար կատարած գործ ու ասելիք և հստակ պատկերացում, թե դեպի ուր ենք գնում և ինչպես պետք է գնանք: Մենք հասանք այսօր մեր ընտրապայքարի եզրագծին, ոչ թե խոստումներ շռայլածի կարկամությամբ, այլ խոստումները կատարածի և սկսածը շարունակողի վճռականությամբ: Մենք համոզված ենք, որ ապրիլի 2-ը նոր ժամանակաշրջանի սկիզբն է ազդարարելու: Երկար տարիներ ի վեր ՀՅԴ-ն լինի իշխանության մեջ, թե դրսում համառ ու անզիջում պայքար է մղել, որ պատմական այս շրջադարձը կատարելու հնարավորությունն ընձեռվի մեր ժոողովրդին: Վերացվեն մեր առաջընթացը կաշկանդող ու խափանող խոչընդոտներն ու արգելքները և ստեղծվեն երկրի զարգացումը խթանող անհրաժեշտ պայմաններ ու միջոցներ: Մեր մասնակցությամբ կատարված փոփոխություների որակն ու ծավալն այնքան է, որ առանց չափազանցության կարելի է պատմական և հեղափոխական անվանել: Դրանք մեր երկրի թռիչքաձև զարգացման համար ստեղծել են հիմնական գլխավոր նախադրյալները. - այլևս վերջ է դրված երկրում անարդարություն սերմանող մենիշխանությանը - այլևս արմատախիլ է արված ընտրություններն իմաստազրկող իշխանությունների վերարտադրման համակարգը Ի լրումն այս ամենի և որպես սրա տրամաբանական արդյունք՝ - վերականգնվել է մարդկանց հիմնարար ընտրական իրավունքը, իսկ ընտրությունները դարձել են իշխանությունը ժողովրդին փոխանցելու իրական միջոց - բացառվել է որևէ անձի կողմից իշխանության յուրացումն ու անպատիժ չարաշահումը, իսկ ընդդիմությանն ու քաղաքացիական հասարակությանը տրամադրվել են իշխանություններին զսպելու և վերահսկելու կոնկրետ գործառույթներ ու լծակներ: Այսպիսով, երկրի թռիչքաձև զարգացման և ժողովրդի մեջ կուտակված արդարացի դժգոհության վերացման համար ստեղծվել են բոլոր անհրաժեշտ նախադրյալները: Սիրելի՛ հայրենակիցներ, Մենք պարտավոր ենք ու կարող ենք զարգանալ՝ առանց զիջելու մեր ազգային ռազմավարական շահերը: Բոլոր նրանք, ովքեր հայտարարում են, որ առանց հանուն խաղաղության Ադրբեջանին գոհացնող զիջումների գնալու՝ մենք ապագա չունենք, ոչ միայն արհամարհում են հայ ժողովրդին, այլև արդարացնելով կուտակված խնդիրների գոյությունը՝ բացառում են դրանց լուծումը՝ անվերջ գուժելով Հայաստանի ու Արցախի անխուսափելի կործանման մասին: Դաշնակցությունը վստահ է, որ հենց այսպիսի ապազգային գաղափարախոսությունը և ապաշնորհ ու միահեծան կառավարումն են ջլատել մեր ուժերն ու բերել III հանրապետության ժամանակաշրջանում արձանագրված ձախողումներն ու կորուստները: Հասել է ժամանակը սրբագրելու և վերացնելու III հանրապետության ընթացքում կատարված սխալներն ու դրանց ծանր հետևանքները: Սրան Է կոչված ծառայելու Դաշնակցության հռչակած նոր սկիզբը: Նոր սկիզբ, որ հիմնավորապես փոխելու է որոշումների կայացման անդրկուլիսային ու արատավոր ընթացակարգերն ու ձևաչափերը և ապահովելու է երկրում միջազգային առաջադեմ փորձի վրա հիմնված արդար ղեկավարում: Նոր սկիզբ, որ ազդարարելու է նոր և արդար IV հանրապետության ժամանակաշրջանի արշալույսը Հայաստանում: Նոր սկիզբը Դաշնակցության անմիջական մասնակցությամբ նոր շունչ է բերելու Հայաստան, հայ մարդն ապրելու է ազատ ու ապահով, Հայաստանը լինելու է արդար, հզոր ու զարգացող, հայությունը լինելու է հայաստանակենտրոն, համերաշխ ու միասնական: Սա է հույսն ու համոզումը Դաշնակցության, սա են երազել I հանրապետության հիմնադիր ազգային դաշնակցական գործիչները: Ուստի մեր պարտքն է ամեն ինչ անել, որ եկող տարի I հանրապետության 100-ամյակը նշվի համազգային մեծ շուքով ու հենց այդ երևելի գործիչների երազած Հայաստանում: Սիրելի՛ հայրենակիցներ, Ապրիլի 2-ին այս նույն անպարտելի ոգով ու ապագայի մեր տեսլականով ընտրենք IV հանրապետության հիմնադիր խորհրդարանը, ընտրենք Հայ Յեղափոխական Դաշնակցությանը: Կեցցե՛ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը: Կեցցե՛ այն Հայաստանը, որ այս նոր սկզբով, շնչով ու եռանդով է գալու: 30 մարտ 2017թ.

2017-03-30

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Քաղաքացին հաճախ պասիվ մասնակցություն ունի ՏԻՄ որոշումների կայացմանը....
Հայտնի է, թե ովքեր են խմբակցությունների ղեկավարները եւ քարտուղարները....
Մեզ ձեռնտու է մշտական հանձնաժողովների թիվը կրճատել, դարձնել...
ՀՅԴ-ն պաշտպանելու է Արա Բաբլոյանի թեկնածությունը. Մանրամասները՝...
Այլ...