Սա մե´ր երկիրն է. Աղվան Վարդանյան

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի խոսքը 2017թ մարտի 30-ին, Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ. «Սիրելի հայրենակիցներ, Այսօր Դաշնակցությունը ճիշտ իր տեղում է՝ մեր ժողովրդի Ազատության հրապարակում: Մեր դրոշին, որ մեր պատիվն է, գրված է՝ Ազատություն: Միայն ազատ քաղաքացին կարող է ուժեղ, ազատ երկիր ունենալ, արժանավայել կյանքով ապրել: Մենք այստեղ ենք՝ պաշտպանելու յուրաքանչյուր հայ մարդու ազատ ապրելու, ազատ ընտրություն կատարելու իրավունքը: Այդ իրավունքի վրա բռնացողները, սակարկության առարկա դարձնողները մեր տեսակի, հայ ինքնության հետ կապ չունեն: Քաղաքական ուժի չափանիշը փողը կամ իշխանական լծակները չեն: Իրական քաղաքական ուժի հատկանիշը կենսագրությունն է, ինքնուրույնությունը, հավատարմությունը նպատակներին ու սկզբունքներին: Եվ՝ աշխատանքը. հետևողական՝ իր երկրի ու ժողովրդի ապագայի հանդեպ վստահ-լավատեսությամբ աշխատանքը: Չարությամբ, ատելությամբ, հուսահատությամբ ոչ մի գործ չի արվում: Մենք այստեղ ենք՝ իբրև հայ զինվորին, աշխատանքով բարիք ստեղծող հայ մարդուն, հայ մշակույթը մարմնավորող կուսակցություն: Իբրև Դաշնակցություն: Հիմա ընտրություն է: Մեզ համար՝ նոր սկզբի, արդար Հայաստանի ընտրություն: Արդարությունը հիմքերի հիմքն է՝ հայ տեսակի բնույթը, էությունը: Միայն արդարությամբ խաղաղ, անվտանգ, զարգացող, ուժեղ, բարեկեցիկ, ազատ Հայաստան կունենանք: Այդպիսի Հայաստան մենք ստեղծելու ենք: Ստեղծելու ենք՝ հավատալով հայ մարդուն, հավատալով Հայաստանին, գործելով պատասխանատվությամբ: Մե՛ր կամքով, մե՛ր վճռականությամբ, ծառայությամբ: Ազգային-պետական մտածողություն ունեցող, մեր այս վիճակով մտահոգ, գիտակից, ինքն իրեն հարգող, երիտասարդ, հոգում հայրենիք ունեցող մեր քաղաքացիներին ապավինած: Նրանց կողքին կանգնելով: Սուտ է, թե նրանք քիչ են: Փողատերերի, իշխանությամբ նվաստացնողների, ամբոխավարությամբ խաբել փորձողների պատկերացումով են նրանք քիչ: Մեզ համար՝ Դաշնակցության համար մեր ժողովրդի բացարձակ գերակշիռ մասը հենց այդպիսին է: Եվ մեր խնդիրն է այդ հարյուր հազարներին իրենց արժանի իշխանությունը տալ՝ նոր որակի, ծառայության պատրաստ, երկիրը, հայ մարդուն սիրող իշխանություն: Մտածողության, հոգեբանության փոփոխություն է պետք, որ արդեն սկսել ենք: Ուրիշներն ասում են՝ գալու ենք փոփոխություն անենք, մենք արդեն անում ենք այդ փոփոխությունը: Կա դրված նպատակ, գծված են ուղղությունները, առաջին արդյունքները նկատելի են: Ով կհավատա, կմասնակցի, մի քար կդնի, նա կմոտեցնի իր, իր ընտանիքի, իր երկրի բարեկեցությունը, իրականություն կդարձնի համերաշխ հասարակություն ունենալու բոլորիս երազանքը: Ով կմասնակցի, նա մեր եղբայրն է, ազատ հայ մարդն է, ով իր տեղն ունի հարյուր հազարների այդ հպարտ շարքում: Սուտ է, թե հայ մարդը վախկոտ է, ծախվող է, մորթապաշտ: Անարդարորեն հարստացածների, իշխանությամբ իրենց ուժեղ կարծողների պատկերացումն է այդ: Կունենա՞նք նոր որակի իշխանություն, ազատ, արարող, ազնիվ հասարակություն կունենանք: Հիմա ա՛յդ ընտրությունն է: Սուտ է, թե ընտրողը թացը չորից, կեղծը՝ իրականից, սուտը՝ ճշմարտությունից, փողը խելքից չի կարող տարբերել, չի կարող համեմատել մրցապայքարի ինը ուժերին և ճիշտ ընտրություն կատարել: Մեզ համար կարևորը ազատ կամքով կատարված ընտրությունն է: Այդպիսի ընտրությամբ է մե՛ր երկրում, մե՛ր մեջ որակ փոխվելու: Մենք Դաշնակցությունն ենք: Մեր օրակարգը հայկականության օրակարգն է: Այսօր այն դարձրել ենք, դարձնում ենք անկախ պետականության օրակարգ: Ով մեզ հետ է, ով հավատում է ինքն իրեն, ով իր երեխաների ապագան տեսնում է հայրենիքում, նա ապրելու է ուժեղ, ինքնուրույն, արդար Հայաստանում: Միասին մենք այդ անելու ենք: Դաշնակցության գաղափարները միևնույն է կյանք են դառնալու: Դաշնակցության գաղափարները հաղթելու են: Դաշնակցությունը ազգային մշակույթի, արժանապատիվ մարդու, արժանապատիվ խաղաղության, արժանապատիվ աշխատանքի կուսակցություն է: Իրական կուսակցություն է: Սիրելի քույրեր և եղբայրներ, Այսօր Դաշնակցությունը՝ մեր ժողովրդի հարազատ զավակը, Ձեր կուսակցությունը ճիշտ իր տեղում է՝ մեր հայրենիքի Ազատության հրապարակում: Հանուն արդար Հայաստանի: Սա մե՛ր երկիրն է: Մենք հաղթելու ենք»:

2017-03-30

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Շատերին պետք է, որ աղետալի լինի վիճակը երկրում. Արմեն Ռուստամյան
Քաղաքացին հաճախ պասիվ մասնակցություն ունի ՏԻՄ որոշումների կայացմանը....
Հայտնի է, թե ովքեր են խմբակցությունների ղեկավարները եւ քարտուղարները....
Մեզ ձեռնտու է մշտական հանձնաժողովների թիվը կրճատել, դարձնել...
Այլ...