Կատաստրոֆա չէ. Աղվան Վարդանյան

ԱԺ-ում կառավարության կողմից հրավիրված արտահերթ նիստում Սևանա լճից հավելյալ 100 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու մասին հարցի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա նշեց, որ Սևանա լիճը ոչ միայն էկոհամակարգ է, այլև խորհդանիշ, և կա 2002 թվականին ընդունված օրենք, որով սահմանվել է, որ մինչև 2032 թվականը Սևանի մակարդակը 6 մետրով պետք է բարձրացվի: «Անցել է 15 տարի, և այս 15 տարվա ընթացքում սա երրորդ դեպքն է, երբ կառավարությունը նման հարցով մտնում է Ազգային ժողով, և մեկ դեպքում նույնիսկ լրացուցիչ ջուր բաց թողնելու շատ ավելի մեծ թիվ էր նշված»,- ասաց պատգամավորը: Նա նշեց, որ, անկախ տարբեր մոտեցումներից, անցած 15 տարում ունենք Սևանա լճի մակարդակի` առնվազն 4 մետր բարձրացում, և առաջիկա 15 տարում ոչինչ չի խանգարում սահմանված մակարդակը ևս 2 մետրով բարձրացնել: «Օրենքով սահմանված նպատակը՝ էկոհամակարգը պահպանելու, Սևանը փրկելու ծրագիրն իրականացվում է, և հենց այստեղ է, որ ինձ համար մի քիչ անհասկանալի է մեր բնապահպան ՀԿ-ների հնչեցրած այն կարծիքը, թե սա կատաստրոֆա է»,- ասաց պատգամավորը, ապա հավելեց. «Տարրական ողջամիտ տրամաբանությունը հուշում է, որ կատաստրոֆա չէ, մենք երրորդ անգամ ենք անում, և նպատակն էլ հստակ իրագործելի է»: Վարդանյանի խոսքով՝ բնական է, որ բնապահպաններն իրենց գործն են անում և պետք է բարձրացնեն Սևանի ու մյուս բնապահպանական հարցերը, բայց կա այլ հարց՝ գյուղատնտեսական սակավաջուր տնտեսությունները: «Մենք ամեն օր տեսնում ենք ահազանգեր, ճանապարհները փակելու փորձեր, դա իսկապես լուրջ խնդիր է»,- ընդգծեց նա: Պատգամավորն ասաց, որ շատ կցանկանար տեսնել, որ մեր բնապահպանական ՀԿ-ները միավորվել են՝ ոչ 70-72 կազմակերպությամբ, և կառավարության աջակցությամբ բնապահպանական ծրագիր են իրականացնում: Վարդանյանը նաև ասաց, որ բնապահպանական ՀԿ-ները գոնե կարող էին ողջունել կառավարության այն որոշումը, որի շնորհիվ այսօր Սևանի թերակղզում կարգուկանոն է և տուրիզմի համար պայմաններ են ստեղծված: Նա նշեց, որ այդ ՀԿ-ները նույնիսկ չեն մասնակցել «Մաքուր Հայաստան» ծրագրին: Ըստ պատգամավորի՝ մի հարցի հարկավոր է ուշադրություն դարձնել: «Օրենքն ընդունվել է 15 տարի առաջ, և արդեն բավական ժամանակ է անցել: Ես կարծում եմ, որ հարկ է մտածել օրենքը վերանայելու, ավելի ամբողջական, հստակ չափորոշիչներ դնելու ուղղությամբ, և այստեղ բնապահպան ՀԿ-ները նույնպես անելիք ունեն: Ես մեր խմբակցության կողմից պատրաստ եմ նրանց հետ աշխատել՝ առաջիկայում քննարկումների, լսումների հետ կապված հարցերում, որպեսզի մենք օրենքը բերենք, հասցնենք այսօրվա չափորոշիչներին»,- շեշտեց նա: Վարդանյանը նշեց, որ առաջին անգամ է, որ գոյանալիք լրացուցիչ միջոցները նախատեսված է ծախսել պետական նպատակների համար: «Եթե պետությունը օրենքով 100 մլն խորանարդ մետր ջուր է բաց թողնում, Սևան-Հրազդան-Կասկադը, բնականաբար, ջուրը չի կարող կողքից տանել, և լրացուցիչ էներգիա է արտադրվելու, իսկ ՀԷՑ-ը լրացուցիչ էներգիա է վաճառելու, և պետության իրավունքն է ասել ՝ այստեղ պայմանները պիտի նաև այսպիսին լինեն, որ մենք կարողանանք այդ միջոցները օգտագործել հենց նույն համակարգերի զարգացման համար»,- ասաց նա: Պատգամավորը նաև նշեց` այն, որ մենք ոռոգման համակարգում տարիներ շարունակ լրջագույն խնդիրներ ենք ունեցել և այսօր էլ ունենք, ակնհայտ է, բայց չպետք է չտեսնելու տալ, որ վերջին շրջանում այս ոլորտում որոշակի բարեփոխումներ են սկսվել: Նա նաև խոսեց մամուլում շահարկումների մասին և նշեց, որ բնապահպանության նախարարությունը երբեք դեմ չի եղել 100 մլն խորանարդ մետր ջրի բացթողմանը, խոսքը եղել է հիմնավորումներն ավելի ճշգրիտ ներկայացնելու մասին, և սա կառավարության առաջարկած նախագիծն է: «Սա կոալիցիոն կառավարություն է, և բնականաբար, մեր խմբակցությունը կողմ է քվեարկելու»,- եզրափակեց Վարդանյանը:

2017-07-04

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ընտանեկան բռնությունների կանխարգելման նախագծում շտկումների...
Դա մեծ հարված էր Հայաստանին, երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի...
Մենք ձեռք ենք բերում մի գործընկեր, եւ 2022 թ. ունենալու ենք լիովին...
Եթե դիմացինդ անբանակցելի է, դու չպետք է միջազգային հանրությանը...
Այլ...