Մինչև երբ պետք է շարունակվի նման հարցադրումներով հանդես գալու մեխանիզմը. Արմենուհի Կյուրեղյան

ԱԺ կառավարության կողմից հրավիրված արտահերթ նիստում Սևանա լճից հավելյալ 100 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու մասին նախագծի քննարկման ժամանակ ելույթով հանդես եկավ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը: Նա նշեց, որ այսօրվա թեման լուրջ ծավալում է գտել այն հիմնավորումով, որ ոչ թե հարցն այն է` արդյո՞ք անհրաժեշտություն կա, որ ընդունվի 100 մլն խորանարդ ջուրը բաց թողնելու որոշումը, այլ այն՝ մինչև ե՞րբ, ինչքա՞ն պետք է շարունակվի նման հարցադրումներով հանդես գալու մեխանիզմը: «Ինչքա՞ն կարելի է, ե՞րբ են կանխվելու այս քայլերի հնարավորությունները»,- հարց հնչեցրեց պատգամավորը, ապա նշեց, որ Սևանի ջրի ցանկալի մակարդակին հասնելն ու պահպանելը ենթադրում է ոչ միայն ներհոսքի ապահովում՝ Արփա-Սևան ծրագրի ձևով, այլ նաև հնարավոր արտահոսքի կանխում: Նրա խոսքով՝ եթե այսօր Սևանից ջուր ենք բաց թողնելու և ջուրը պահելու ենք ջրամբարներում, որոնք արտահոսք ունեն, ապա միանգամից առաջանում է նման արտահոսքը կանխելու միջոցառումների անհրաժեշտություն: «Պարոն Հարությունյանն իր ելույթում նշեց, որ մենք ունեցել ենք ջրամբար, որը 25 մլն խորանարդ մետր ջրի արտահոսք է ունեցել: Եթե 4 անգամ նման արտահոսք տեղի ունենա, ապա մենք կգանք այն 100 խորանարդ մետրին, որի մասին նման քննարկումներ են տեղի ունենում»,- ասաց պատգամավորը: Կյուրեղյանին հետաքրքրում էին՝ ի՞նչ քայլեր են կատարվել արտահոսքերը կանխելու ուղղությամբ, արդյո՞ք ուսումնասիրվել են դրանք կանխելու հնարավորությունները, արդյո՞ք մեղավորները բացահայտվել ու պատժվել են: Ըստ նրա՝ նման հարցերն են, որ այսօր ժողովրդի մեջ վստահության բացակայություն են առաջացրել: «4 անգամ կանխելով այդ 25 մլն արտահոսքը` կարող էինք այդպիսի խնդիր չունենալ: Պարզ է, որ ջրի բացթողումը անհրաժեշտություն է, այսօր մենք ունենք գյուղատնտեսության մեջ լուրջ խնդիրներ, բայց մյուս կողմից երկարաժամկետ ծրագրերում պետք է նման դեպքերի կանխման պատասխանատվության մեխանզիմների մշակման անհրաժեշտությունն առաջ քաշենք»,- ասաց նա, ապա հավելեց, որ, բացի այդ, զեկույցում նշվեց, որ 10 օրը մեկ հաշվետվություն պետք է ներկայացվի, եթե ավելի շատ քանակով ջուր է բաց թողնվելու: Պատգամավորը նշեց, որ ցանկանում է հասկանալ` եթե տասնօրյակը մեկ թույլատրվում է բացատրություն տալ նախատեսվածից ավելի ջրօգտագործման համար, դա արդյո՞ք չի ենթադրում, որ արդեն թույլտվություն կա նախատեսվածից ավելին օգտագործելու: Նրա կարծիքով` ի սկզբանե թույլտվություն է եղել ավելին օգտագործելու համար:

2017-07-04

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
ՀՅԴ-ի համար տարբերություն կա, թե ով կլինի 2018թ. վարչապետի թեկնածուն,...
...
Ես չեմ երազում Վանոյի ժամանակների մասին. Ռուստամյան
Մեր երկրում մենք որևէ թշնամի չունենք. Ռուստամյանը՝ այլ ուժերի...
Այլ...