Ընտանեկան բռնության կանխարգելումը բխում է մեր ազգային մտածողությունից. Աղվան Վարդանյան

Որոշակի շտկումներից հետո ՀՅԴ խմբակցությունը կողմ է լինելու «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրինագծի ընդունմանը, այս մասին հայտնել է ՀՀ Աժ ՀՅԴ խմբակցության քարտուղարը: Աղվան Վարդանյանի խոսքով` Դաշնակցության մեջ, շուրջը կարող են լինել այլ տեսակետ ունեցողները, սակայն սա ՀՅԴ-ի ընդհանրական տեսակետն է: «Բուռն քննարկումները եւ այսքան հակասական տեսակետները, նաեւ մեր հասարակության արժեհամակարգի, մեր հասարակությունում առկա խնդիրների վկայությունն են: Բռնության ցանկացած դրսեւորում դատապարտելի է, հատկապես եթե այն տեղի է ունենում ընտանիքում: Եթե մենք ընտանիքը համարում ենք հասարակության մոդել, հասարակության միջուկ, բնական է, որ ընտանեկան բռնության ծայրահեղ դրսեւորումները, իսկ ես համոզված եմ, որ խոսքը ծայրահեղ դրսեւորումներ թույլ չտալու մասին է, դառնալու է հասարակության վաղվա խնդիրը: Այս առումով, ամբողջովին համաձայն եմ, որ նման օրենքի անհրաժեշտությունը կա: Օրինագիծը շտկելով, հստակեցնելով և կանխարգելման ինստիտուտի ուժեղացմամբ շատ կարեւոր է, որ կարողանանք թույլ չտալ, որպեսզի հասարակության մեջ նման խնդիրներ լինեն: Հաճախ խոսում են ավանդական, ազգային մտածողության եւ այլնի մասին: Սակայն կա ազգային մտածողություն եւ պսեվդոազգային մտածողություն: Ցավոք, այս պսեվդոազգային մտածողությունը երբեմն դառնում է ավելի գերակշիռ, որը չի բխում, ոչ մեր ավանդական կերպարից, ոչ ազգային մտածողությունից, ոչ մեր աշխարհընկալումից: Մենք, մեր ժողովուրդը, միշտ եղել է ամենաառաջադեմ հայացքների կրողը, մենք ունեցել ենք Վերածննդի շրջան, բայց, ցավոք, պետականության բացակայությունը, մեր միջավայրը, շրջապատը հաճախ մեզ բերել են այլ տեղեր: Այս առումով ես կարծում եմ, որ ընտանեկան բռնության կանխարգելումը, ընդհակառակը, բխում է մեր ազգային մտածողությունից: Արժեհամակարգի մասին, որ խոսում ենք, դա Մխիթար Գոշի արժեհամակարգն է, որ այն ժամանակ է դեռ այս խնդիրը դրել, Նարեկացու, Շնորհալու արժեհամակարգն է, ոչ թե այսօրվա ռաբիս երգիչներինը, կամ այդ տեսակ պսեվդոազգային մտածողություն ունեցողներինը: Ծայրահեղ դրսեւորումները պետք է կանխարգելվեն, որպեսզի հասարակությունն ավելի առողջ լինի: Դաշնակցության համար արժեքային համակարգ գոյություն ունի, եւ պսեվդոազգայինը չէ դա: Եվ այս քննարկումների մեջ էլ ինձ համար մտածողության ճիշտ կերպը Սրբազանի` Միքայել Աջապահյանի մտածողությունն է, մեր լավագույն մտավորականներից մեկի՝ Ռուբեն Բաբայանի մտածողությունն է: Այնպես որ, որոշակի շտկումներից հետո, մեր խմբակցությունը կողմ է լինելու այս օրենքի ընդունմանը, քանի որ մենք աշխարհի մաս ենք: Ես չգիտեմ` որեւէ իսլամական պետություն նման օրենք ունի, թե ոչ, բայց մենք այդ արժեքներով չենք առաջնորդվում: Կան հաշտ, համերաշխ ընտանքիներ եւ ընտանքիներ, որտեղ կան ծայրահեղ դրսեւորումներ, ինչը պետք է կանխարգելել: Սա նաեւ ենթադրում է պետական տարբեր ինստիտուտների պրոֆեսիոնալ մոտեցում: Մեր ազգային ավանդական ընտանքին սպառնացող որեւէ վտանգ չեմ տեսնում»,-ասել է նա:

2017-10-19

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ընտանեկան բռնությունների կանխարգելման նախագծում շտկումների...
Դա մեծ հարված էր Հայաստանին, երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի...
Մենք ձեռք ենք բերում մի գործընկեր, եւ 2022 թ. ունենալու ենք լիովին...
Եթե դիմացինդ անբանակցելի է, դու չպետք է միջազգային հանրությանը...
Այլ...